Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱԿ-Ի ՀԱՄԱԿԻՐ ՉԷՐ

Հոկտեմբեր 07,2011 00:00

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակ եւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 11:00-14:00-ը, հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները՝ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար: Ինչպես tert.am-ին տեղեկացրել է Արթուր Պողոսյանը, հանձնաժողովը որոշել էր քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահից՝ հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը եւ այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում: Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է եւ որոշել, որ վրանները չեն հանելու: «Նրանք նշեցին, որ լավագույն դեպքում հնարավոր է աջ եւ ձախ տեղաշարժել վրանները ու միջանցք բացել կամ արգելափակոցներով ուղղություն բացել դեպի «Մեղեդի» սրճարան: Ես հարցը պետք է զեկուցեմ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հնարավոր է՝ հրավիրվի հանձնաժողովի նիստ՝ քննարկելու, թե ինչպես կլուծվի հարցը»,- ասաց փոխնախարարը:
Արթուր Պողոսյանը բարոյական տեսակետից անհասկանալի որակեց ՀԱԿ-ի պատասխանը, քանի որ «Վանուշ Խանամիրյանը ողջ հանրության կողմից սիրված անձնավորություն է, ժողովրդական արտիստ, եւ անհրաժեշտ է նրա հոգեհանգիստը պատշաճ կազմակերպել: Ես ներքին համոզմունք ունեի, որ այս՝ ինչ-որ իմաստով ֆորս-մաժորային իրավիճակում նրանք կընդառաջեն»,- նշեց փոխնախարարը՝ տարակուսելի համարելով ՀԱԿ-ի արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել