Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին կխոսի Երեւանի կենտրոնում

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"Երեկվանից Երեւանում է գտնվում Ֆրանսիայի նախագահ  Նիկոլա  Սարկոզին, ում ելույթն այսօր  բոլորը կարող են լսել անմիջապես   «Ֆրանսիայի» հրապարակում:  Մինչ Երեւան ժամանելը՝ Ֆրանսիայի նախագահը հարցազրույց էր տվել «Մեդիամաքսին», որում շեշտել էր, որ հաճախ ավելի շատ խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Ֆրանսիայի նախագահը, իր երկրի եւ Գերմանիայի օրինակը ներկայացնելով, ասել է, որ  ժամանակին Դը Գոլը եւ Ադենհաուերը  կարողացան համոզել իրենց ժողովուրդներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի՝ իր ատելությունը հաղթահարելու եւ հաշտության ու համագործակցության ուղին բռնելու համար. «Հենց այս ուղին է, որ դուք՝ հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեզ համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները: Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների մասով նկատել էր. «Նախագահ Սարգսյանը խոհեմություն եւ հեռատեսություն ցուցաբերեց՝ Փարիզում կայացած մեր հանդիպումներից մեկի հաջորդ օրը հայտարարելով, որ Հայաստանը պատրաստակամ է վավերացնելու այդ արձանագրությունները, երբ Թուրքիան դրան պատրաստ կլինի: Հուսով եմ, որ գործընթացը շուտով կվերսկսվի»:
Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ֆրանսիայի նախագահը Երեւանում կմասնակցի նաեւ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը: «Ֆրանսիայի» հրապարակում տեղի կունենա Ռոդենի հեղինակած քանդակի հանդիսավոր բացման արարողությունը:
Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ Իսկ Շառլ Ազնավուրը Երեւան կժամանի այսօր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել