Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՄԿ-Ն ՉՍԻՐԵՑ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Նա պնդել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ»  կորպորացիան «ամենամեծ բլեֆն էր, որ երբեւէ եղել է»

\"\"

Միացյալ Նահանգների կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» Կորպորացիան (ՀՄԿ) իր ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում մեկնարկել էր 2006թ. սեպտեմբերին եւ ավարտվեց այս տարվա սեպտեմբերին, Հայաստանի ոռոգման եւ գյուղատնտեսության բնագավառներում ներդրել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլար՝ նպաստելով մեր երկրի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը՝ վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր եւ երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Այդ ծրագրի շրջանակներում էր վերապատրաստվել շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցություն էր տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին: Սրանք ցուցանիշներ լինելուց զատ` նաեւ ծրագրեր են, որոնք Հայաստանն իր կիսատ-պռատ բյուջեով իրականացնել չէր կարող դեռ շատ երկար ժամանակ: ՀՀ-ում ծրագրի դադարեցման մասին առաջին անգամ ՀՄԿ-ն ակնարկեց դեռ 2008-ի մարտյան դեպքերից հետո՝ վկայակոչելով այն չափանիշները, որոնք նկատի են առնվում երկրին օգնություն տրամադրելու համար, եւ որոնց այդ պահին Հայաստանն այլեւս չէր բավարարում: Ի վերջո, այս տարվա սեպտեմբերին «ՀՄ-Հայաստան» ծրագիրը պաշտոնապես իր գործունեությունն ավարտված համարեց: Ամերիկյան կողմը՝ ի դեմս Կորպորացիայի ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնի, Երեւանում պարզաբանեց, որ ծրագրի շարունակության կարեւոր գործոններից մեկը երկրի համապատասխանությունն է ՀՄԿ կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են՝ տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, կոռուպցիայի մակարդակը եւ այլն: Իհարկե, ծրագրի դադարեցման համատեքստում «Մարտի 1»-ի դեպքերն ու քաղաքական զարգացումները՝ ընդհանրապես, առանցքային էին եղել, եւ այդ մասին վերջերս հայտարարեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Այս էքսկուրսն արեցինք՝ շեշտելու համար ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսական ոլորտում, կենսամակարդակի բարձրացման համատեքստում, բայց նաեւ՝ մեր երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների, արդար կառավարման վերաբերյալ միջազգային կառույցների կողմից տրվող գնահատականը:
Հիմա դառնանք ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009-ի մայիսի 11-ով թվագրված մի զեկույցին, որն, ըստ wikiLeaks-ի գաղտնազերծած նյութերի, հասցեագրվել էր ԱՄՆ պետդեպին: Խոսքը դեսպանի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ առանձնազրույցի մասին է, որը Յովանովիչը վերնագրել է «Քոչարյանը ՀՄԿ-ի մասին. Երբեւէ ամենամեծ բլեֆը», եւ վերաբերում է Քոչարյանի՝ այս ծրագրի առնչությամբ ընկալումներին, որոնք, ըստ էության, ապշեցրել են ամերիկացի դիվանագետին:
Քոչարյանը, դեսպանի մատուցմամբ, ՀՄԿ ծրագիրը «սարկազմով որակեց որպես «երբեւէ եղած ամենամեծ բլեֆը»: Նախկին նախագահը հայտարարել էր, թե «երբ այդ ծրագիրը սկսվում էր, շատ էր խոսվում դրանով Հայաստանին օգնելու մասին, բայց, ի վերջո, այն մեզ ոչինչ չտվեց, եւ մենք չպետք է կեղծենք դա»: «Քոչարյանը փնթփնթաց, թե ՀՄԿ-ի ոչ մի ցենտ իր նախագահ եղած ժամանակ չի ծախսվել»,- ներկայացրել է Յովանովիչը՝ փակագծերում մեկնաբանելով. «Քոչարյանի հայտարարությունը սուտ է: ՀՄԿ-ի հետ համաձայնագիրը կնքվել է 2006-ի վերջին, եւ նախնական ֆինանսավորումն արդեն հատկացված էր եւ ծախսվել էր մինչ 2008թ. ապրիլը, երբ Քոչարյանը լքել էր իր պաշտոնը»: Ըստ դեսպանի՝ «Քոչարյանը հայտարարեց, որ երբեք չի հավատացել այդ ծրագրին, «քանի որ դրա նպատակը եւ իրականացման ճանապարհը երկու տարբեր մելոդիաներ են»:
Դեսպանը, իր զեկույցի համաձայն, կտրականապես առարկել է Քոչարյանին եւ ճշտումներ արել ֆինանսավորման վերաբերյալ նրա հայտարարություններում: Նա Քոչարյանին հրավիրել էր ուղեկցել իրեն այն վայրերում, որտեղ իրականացվում են ՀՄ-ի ծրագրերը եւ նկատելիորեն օգնում են գյուղատնտեսներին, որտեղ վերականգնվում են գյուղատնտեսական նշանակության մաշված ջրագծերը: Դեսպանը պարզաբանել էր, որ ՀՄԿ խորհուրդը որոշում է ընդունել 2008-ի հունիսին դադարեցնել գյուղական ճանապարհների կառուցման ծրագիրը՝ ժողովրդավարության եւ արդար կառավարման ոլորտներում Հայաստանի վերջին եւ լավ հայտնի անհաջողությունների առիթով ունեցած մտահոգության պատճառով: Յովանովիչը նաեւ բացատրել է, որ ՀՄԾ-ն որակապես տարբերվում է երկկողմ ավանդական օգնության ծրագրերից, որոնք Հայաստանին տրամադրվում է USAID-ի խողովակներով: Նա պնդել է, որ ԱՄՆ-ն բազմիցս է նախապես զգուշացրել, որ ՀՄԾ-ի օգնությունը պայմանավորվում է իշխանությունների կողմից Հայաստանում հետեւողականորեն իրականացվող բարեփոխումներով. «Քոչարյանը վրդովվեց՝ «ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն սառեցնում իր այս ծրագիրը այն բանից հետո, երբ մրցութային գործընթացն ավարտվել է, ճանապարհների վրա երեք ամիս աշխատանքներ իրականացնելուց հետո», եւ «ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր իշխանությունները պետք է օգտագործեն մեր միջոցները ճանապարհաշինության աշխատանքներն ավարտին հասցնելու համար նոյեմբերի վերջին, երբ եղանակը Հայաստանում խստանում է»: Քոչարյանը փնթփնթաց, թե «մենք պատանդ ենք», եւ «ՀՄԾ-ն ոչ այլ ինչ է, քան ակումբ»:
Յովանովիչը շեշտել է, որ ՀՄԿ-ն կոչված է լինելու գազար եւ ոչ թե մահակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ 2008-ի ընտրությունների թերություններն են, բռնությունների նստվածքը, եւ ՀՄԿ խորհրդի որոշումը՝ ճանապարհաշինության ծրագիրը դադարեցնելու մասին, հնարավոր չէ կանխատեսել ծրագրի մեկնարկի պահին: «Քոչարյանը առարկեց նման մոտեցմանը. «Ես կարծում եմ, մենք երկկողմ հարաբերություններում խնդիրներ ունենք»: Նա շարունակեց, թե «ՀՄԿ-ն չպետք է քաղաքականացնի մեր ընտրությունները», եւ որ «Միացյալ Նահանգները չպետք է ճնշում գործադրի որեւէ մեկի վրա»,- զեկույցում ներկայացրել է Յովանովիչը:
Նրա եզրափակումն այս զրույցի առնչությամբ այսպիսին է եղել. «Քոչարյանը երբեք ՀՄԿ ծրագրի երկրպագուն չի եղել եւ միշտ դյուրագրգիռ է եղել դեսպանատանը վերաբերող հարցերում իր տեսակետներն արտահայտելիս: Ըստ ամենայնի, նույնիսկ հիմա՝ իր պաշտոնը լքելուց մեկ տարի անց, նախկին նախագահը ի վիճակի չէ մարսել այն փաստը, որ Հայաստանին ուղղված օգնության որոշ ծրագրեր իրականում ցուցաբերվում են պայմանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել