Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ, ՀՈԳՆԵՑՐԻՔ, ԷԼԻ

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"ԵԽԽՎ պատվիրակներն ի վերջո արտահայտեցին իրենց հոգնածությունը հայ եւ ադրբեջանցի պատվիրակների փոխադարձ  հարձակումներից ու բանավեճի մշակույթի բացակայությունից:

«Հայաստանը խորը եւ բարդ տնտեսական ճգնաժամի մեջ է,- հայտարարեց հոկտեմբերի 5-ի քննարկման ժամանակ վերջին ելույթ ունեցողը՝ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակ Սեվինժ Ֆաթալիեւան,- Forbes-ը հստակ հայտարարել է, որ Հայաստանն ունի աշխարհում երկրորդ վատթարագույն տնտեսությունը՝ Մադագասկարից հետո: Սրա վկայությունը բնակչության մշտական արտագաղթն է եւ բնական աճի դանդաղումը»: Սա ադրբեջանական պատվիրակության կողմից 6-րդ համանման ելույթն էր, եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Դիք Մարթին (լուսանկարում), որը վերջին անգամ է այս կարգավիճակում մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին՝ ի վերջո այդ ամբիոնից դժգոհեց, թե ցանկացած հարցի առիթով Հայաստանն ու Ադրբեջանը կարծես հնարավորություն են փնտրում հարձակումներ գործելու միմյանց վրա: Խոստովանեց. «Դե, հոգնեցրիք, էլի», ու հորդորեց բանավեճի մշակույթի տիրապետել, «ջանքեր գործադրել երկու երկրների կողմից՝ հարգելու միմյանց»: Նիստը նախագահողը, որը ԵԽԽՎ ապագա նախագահն է՝ Ժան Կլոդ Մինյոնը, ասաց, որ թեեւ չի կարող ծափահարել, բայց ցանկանում է դա անել. «Ստորագրում եմ այն ամենի ներքո, ինչ ասացիք»:
Եվ դրանից հետո նիստը նախագահողը ազդարարեց, որ շրջանառության մեջ են դրվել 3 գրավոր հայտարարություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների կողմից:
Առաջինը կոչվում է «Հայաստանի քաղաքականությունը՝ խափանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը», եւ շրջանառության մեջ է դրել Գանիրա Փաշաեւան: Այստեղ մասնավորապես նշվում է, թե Հայաստանը 2011-ի սեպտեմբերի 18-ին կազմակերպել էր տեղական ընտրություններ ԼՂՀ-ում. «Ընտրությունները խիստ վնասում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցային գործընթացին,- պնդում են հայտարարության ներքո ստորագրած 20 պատվիրակները, որոնց մեծամասնությունն ադրբեջանցի եւ թուրք է, եւ միայն 4-ն են այլ երկրներից՝ Վրաստանից, Իտալիայից եւ Սլովենիայից:- Հետեւաբար մենք վճռականորեն դատապարտում ենք վերոհիշյալ ընտրությունները»:
Գանիրա Փաշաեւայի նախաձեռնած երկրորդ հայտարարության ներքո ստորագրել են նույն անձինք: Այստեղ արդեն պնդում կա, որ հայերի կողմից խաղալիքի մեջ տեղադրված պայթուցիկից հուլիսին սպանվել է 13 տարեկան աղջիկ՝ Այգուն Շահմալիեւան:
Իսկ Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված «ԼՂՀ (Արցախ)» գրավոր հայտարարությանը միացել են եւս 31 պատվիրակներ, որոնցից միայն 6-ն են հայ, եւ ի դեպ՝ միացել է նաեւ Հայաստանի հարցով նախկին համազեկուցողը՝ Ժորժ Կոլոմբիեն: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը՝ մենք շնորհավորում ենք ԼՂՀ-ին 20-ամյակի կապակցությամբ  եւ կոչ անում սերտորեն համագործակցել նրա՝ օրինականորեն ընտրված իշխանությունների հետ»:
Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» դիտարկմանը, թե նման հայտարարություններն այնուամենայնիվ մնում են իբրեւ թուղթ՝ այսպես արձագանքեց. «Ընդհանրապես հռչակագրերը նաեւ անվանվում են «փափուկ իրավունք»: Եվ նման փաստաթղթերը ժամանակի ընթացքում իրենց ուժով կարող են փոխվել, ձեռք բերել ավելի ուժեղ որակներ ու դառնալ փաստաթղթեր: Այս հայտարարությունը շատ կարեւորվում է այն առումով, որ կան մեզ նման մտածող մարդիկ, որոնք գտնում են, թե Արցախը նույն գործընթացով է անցել, ինչպես այլ հանրապետություններ, ու պետք է ճանաչվի իբրեւ անկախ պետություն»: Նաեւ հավելեց, որ թեեւ 32-ն են ստորագրել, բայց շատ ավելի պատվիրակների էին դիմել միանալու համար. «Եվ սա կարեւորում եմ իբրեւ նաեւ քարոզչական միջոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել