Երեւանի «Orange Tennis» ակումբի կորտերում Հայաստանում առաջին անգամ անցկացվում է թենիսի «VivaCell-MTS Cup» $25 հազար (ավելի քան 9 մլն դրամ) մրցանակային ֆոնդով կանանց միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Հայաստանի թենիսի ֆեդերացիան՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:
Ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, երեւանյան մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 200 թենիսիստուհի, որոնց մեջ են WTA-ի վարկանիշային դասակարգման ցուցակի 130-րդ տեղը զբաղեցնող Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), Մարգալիտա Չախնաշվիլին (Վրաստան): Մրցաշարը դասվում է «Futures» կարգին:
Նախնական հանդիպումների ավարտից հետո մենախաղերի հիմնական մրցաշարի առաջին օրը Հայաստանի թիվ 1 ռակետ Անի Ամիրաղյանը (նա ներկայումս WTA-ի ցուցակում 617-րդն է) 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց նույն ցուցակում 299-րդ հորիզոնականն զբաղեցնող ուկրաինուհի Զուզաննա Լուկնարովային: Անիի երեկվա մրցակիցը նույնպես Ուկրաինայից էր՝ Օլգա Յանչուկը: Անին հաղթահարեց նաեւ Օլգա Յանչուկի արգելքը: Սակայն դրա համար նրանից բավականին մեծ ջանքեր պահանջվեցին: Ուկրաինուհին անհաշտ կռիվ էր տալիս ամեն մի գնդակի համար: Ու 7:6, 7:5 հաշիվը դրա ապացույցն է: Այսօր հայ թենիսիստուհուն ավելի բարդ փորձություն է սպասվում՝ ի դեմս մրցաշարի երկրորդ ռակետ ամերիկուհի Ջուլյա Կոենի:
Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի 2011 թվականի գլխավոր հովանավորն է եւ այս տարի ՀԹՖ-ին հատկացրել է 40 մլն դրամ՝ ներառյալ «Futures» դասի կանանց այս մրցաշարը: