Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ ՊԱՐՏՎԵՑ

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Բաքվում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երեկ ավարտեց պայքարը:

Մեր ընտրանուց ռինգում մնացել էր միայն մինչեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ով նախորդ օրը երկրորդ ռաունդում բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մեքսիկացի Խուան Մերկադոյին: Երեկ մեր բռնցքամարտիկն արդեն առնվազն բրոնզե մեդալի արժանանալու համար մրցեց ռումինացի Բոգդան Յուրատոնիի հետ, որն էլ իր հերթին բավականին բարդ մենամարտում առավելության էր հասել  կուբացի Էմիլիո Կորրեայի նկատմամբ: Ռումինացին, անկեղծ ասած, բավականին լուրջ, համառ ու դժվար մրցակից էր: Այդ է վկայում երկրորդ ռաունդից հետո  մեր բռնցքամարտիկի նկատմամբ նրա ունեցած մեկ միավորի առավելությունը: Սակայն «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում այդ մենամարտին հետեւող մարզասերները, անշուշտ, տեսան, որ հայաստանցին երրորդ ռաունդում ավելի դիպուկ հարվածներով առավելություն դրսեւորեց ու վստահ էր, որ ռեֆերին, ի նշան հաղթանակի, պետք է որ բարձրացներ հայաստանցու ձեռքը: Սակայն կատարվեց հակառակը:
Բազմիցս ենք նշել, որ սպորտում պարտվելը նորմալ երեւույթ է, ու դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Բայց եթե այդ պարտությունն օբյեկտիվ է: Մասնագետ չենք ու կողային մրցավարների որոշումը կասկածի տակ դնելու մտադրություն ամենեւին էլ չէինք ունենա, եթե չհայտարարվեր, որ Անդրանիկ Հակոբյանը, ի վերջո, պարտվեց 17:21 հաշվով:
Գուցե մեր բռնցքամարտիկն իսկապե՞ս պարտվեց: Բայց  միավորների այդպիսի՞ տարբերությամբ՝ դրան հաստատ համաձայն չենք: Ու հարկադրված ենք մտածել, որ Ադրբեջանում մրցավարական անձնակազմի հետ մանրակրկիտ աշխատանքը պատշաճ հիմքերի վրա է դրված: Նախորդ օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո պարզ էր, որ Հայաստանի դրոշը Բաքվում չպետք է բարձրանար: Իսկ դրա համար պետք էր ամեն բան անել այնպես, որպեսզի կասկածի տեղիք չտրվեր: Այսինքն՝ միավորների անհրաժեշտ հարաբերակցություն էր հարկավոր: Ինչն էլ «անթերի» արվեց:
Մերոնք վերադառնում են օլիմպիական մեկ ուղեգրով ու առանց մեդալի: Մի կողմից ցավալի է, մյուս կողմից էլ լավ էր, որ այդպես ստացվեց. ինչպես ասում են՝ շառից ու փորձանքից հեռու: Առջեւում վարկանիշային ուրիշ մրցումներ էլ կան: Հուսանք, որ Բաքվում կորսվածը կարելի է ետ բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել