Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղբի մշակում եւ աղբ թափելու մշակույթ

Հոկտեմբեր 06,2011 00:00

«Քլին լենդ» ընկերությունը մտադիր է ողջ Հայաստանում զբաղվել  աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ:

\"\"

Այս տարվա մարտի 24-ին «Աղբավայրի «տերերը» բոմժերն են. աղբավայրի տարածքը մեծանում է անօրինական աղբ թափողների ձեռամբ» հրապարակմամբ ներկայացրել ենք Լոռու մարզկենտրոն Վանաձորի հարեւան Արջուտ գյուղում գտնվող աղբավայրի ծնած խնդիրներն ու դրանցից բնակչության դժգոհությունը. Արջուտի աղբավայրում բարձիթողի վիճակ է, ծխացող աղբավայրից բարձրացող ծուխը տարածվում է գյուղով մեկ եւ Վանաձորի Տարոն 4 թաղամասում: Իսկ պլաստիկ շշերն ու պլաստիկ այլ աղբը քամուց քշվում-տարածվում են արոտավայրերով մեկ: Հարցի լուծումը կարծես երեւում է:
«Քլին լենդ» («Մաքուր երկիր») ընկերությունը Հայաստանում առաջինը հենց Լոռու մարզում է հիմնադրել աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան: Նախաձեռնությունը բիզնես է եւ, բնականաբար, առաջին հերթին շահույթ է հետապնդում, բայց հոգում նաեւ բնակչության անվտանգության եւ շրջակա միջավայրի մաքրության հարցը: Այսօր գիշեր-ցերեկ ծխացող աղբավայրում գործարանի շնորհիվ միայն զտված աղբ կթափվի: «Եթե 10 ծխացող աղբավայր լինի, էս մեր փոքրիկ տարածաշրջանում բնակչությունը կհիվանդանա: Այսօր հնարավորությունները չեն բավականացնում, եւ աղբավայրերը ծխում են: Աղբի տեսակավորման ընկերությունները կկանխեն աղբավայրերի նման շահագործումը, քանի որ աղբավայր կհասնի զտված աղբը»,- ասում է «Քլին լենդ» ՍՊԸ Լոռու մարզի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Նազարյանը:
Քանի որ Լոռու Ալավերդի քաղաքն էլ աղբավայր չունի եւ կառավարությունը անտառային նշանակության հողատարածքը փոխել է եւ քաղաքի աղբավայր դարձրել, Հովհաննես Նազարյանն առաջարկում է՝ աղբավայրին կից մի գործարան էլ այնտեղ լինի: Լոռու մարզի 105 գյուղերից ոչ մեկում աղբաթափման համար նախատեսված վայր չկա:
Ըստ Հովհաննես Նազարյանի, աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարանի հիմնական նպատակն այս պահին աղբի տեսակավորումն ու հետագայում դրա վերամշակումն է: Հիմա ընկերությունը նաեւ բնակչության իրազեկման աշխատանքներ է տանում: Բացատրում են աղբ թափելու մշակույթ. «պարտադիր չէ ամեն ինչ մի տեղ լցնել, որը նեխի, հոտի, կարելի է առանձնացնել, ու ավելի քաղաքակիրթ ձեւով աղբ թափել»: Սրա արդյունքում կլուծվի ամենակարեւոր խնդիրը՝ մեր շրջապատը մաքուր կմնա, աղբը չի հայտնվի բնության մեջ, գետերում ու անտառում. «Ես սիրում եմ, որ իմ քաղաքը, մարզը, շրջապատը մաքուր լինի, մարդիկ ավելի լուրջ մոտենան շրջակա միջավայրի խնդիրներին: Առաջին շարժիչ ուժը, որ ստիպեց համաձայնել այս աշխատանքին՝ դա էր»,- ասաց Հովհաննես Նազարյանը:
Քաղաքի կենցաղային աղբը տեղափոխվելով գործարան՝ տեսակավորվում է, առանձնացվում է մետաղը, ապակին, պլաստիկը, տեսակավորված աղբը հետագայում կվերամշակվի եւ կստացվի այլ արտադրանք: Օրինակ՝ կոտրած բաժակից հնարավոր է նոր բաժակ ստանալ, մշակված պլաստիկից՝ այլ արտադրանք: Գաղտնիք չէ, որ պլաստիկ նյութը ամենավնասակար, օդը աղտոտող աղբն է: Պլաստիկը չի քայքայվում եւ բնությանը մեծ վնաս է տալիս:
Այսօր Վանաձորում, Երեւանում եւ Հայաստանի մի քանի այլ քաղաքներում կարելի է տեսնել հատուկ պլաստիկ աղբի համար աղբարկղեր: Հովհաննես Նազարյանն ասաց, որ հետագայում դրանց կողքին կհայտնվեն նաեւ այլ աղբամաններ՝ յուրաքանչյուրը որոշակի տեսակի աղբի համար: Սկզբում դրանք կտեղադրվեն մանկապարտեզներում ու դպրոցներում, որ աղբ թափելու մշակույթը մանուկ հասակից դառնա հասկանալի ու մտնի մեր համաքաղաքացիների մեջ: «Սրա համար ժամանակ է պետք: Քաղաքացին կսովորի աղբը տեսակավորած լցնել աղբարկղ: Պետք է ազգաբնակչությանը նախ ծանոթացնել ու սովորեցնել, որ աղբը տեսակավորի: Այդպես եւ քաղաքի տեսքը չի ընկնի, եւ աչքին հաճելի կլինի»,- ասաց «Քլին լենդ» ընկերության Լոռու մարզի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Նազարյանը:
Աշխարհում աղբի վերամշակման տարբեր եղանակներ կան, Հայաստանում սա նորություն է: Այսօր Հայաստանի միակ աղբի տեսակավորման եւ վերամշակման Վանաձորի գործարանում 25-30 մարդ է աշխատում՝ 50-100 հազար դրամ աշխատավարձով, սակայն հետագայում միայն տեսակավորման գործարանում հնարավորություն կունենա աշխատել 100-150 մարդ, որոնց մի մասը հաշմանդամներ են: «Գործը ծանր չէ, նորմալ գործ է, ավելի կեղտոտ գործեր կան: Սա աղբի վերամշակման գործարան է, բայց աղբավայր չէ»,- ասաց Հովհաննես Նազարյանը, նշելով, որ թե Վանաձորում, թե Հայաստանի այլ քաղաքներում կան աղբարկղեր քրքրողներ: «Ես պատրաստ եմ աղբարկղ քրքրող յուրաքանչյուր քաղաքացու աշխատելու հնարավորություն տալ, միայն թե աղբարկղի մոտ կանգնած մարդկանց չտեսնեմ».- ասաց մեր զրուցակիցը:
Վանաձորից հետո «Քլին լենդը» աղբի տեսակավորման գործարան է գործարկել նաեւ Գյումրիում: Ընկերությունում մտադիր են աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան կամ նման որեւէ ձեռնարկություն ունենալ նաեւ մայրաքաղաքում, այլ քաղաքներում: Իսկ հետագայում երիտասարդական կառույցների հետ համագործակցել, մաքրել հանգստի գոտիները, գետերի հուները, որոնք այսօր կեղտի մեջ կորած են, պլաստիկ աղբի զզվելի առատություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել