ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի պլատինե հովանավորն է: Հոկտեմբերի 7-9-ը կայանալիք ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսը կարեւոր քայլ է նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում Հայաստանի շուկայի պահանջարկը եւ սպառողի առաջարկը գնահատելու համար: Ցուցահանդեսը կազմակերպվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այդ մասին բանախոսները հայտարարել են հոկտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Հերթական ցուցահանդեսին մասնակցության հայտ է ներկայացրել 115 ընկերություն: Ակնկալվում է այցելուների ակտիվ մասնակցություն: Ցուցահանդեսի նպատակը հասարակության շրջանում տեխնոլոգիական քարոզչություն կազմակերպելը, ՏՏ ոլորտում մեր ներուժը վերստին գնահատելն ու բարենպաստ միջավայր ապահովելն է: «Թվային ապագան ժամանակակից աշխարհի մարտահրավերն է: Այդ առումով ուղղակի անհրաժեշտություն է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովումը, ինչի դրսեւորումն է նաեւ այս ցուցահանդեսը: Ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատար լինելու սկզբունքին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները: Մեր ընկերության գործունեության խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը եւ սպառողի շահագրգռվածությունը՝ լավագույն եւ նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում: Հովանավորելով արդեն 7-րդ տարին կազմակերպվող ամենամյա ԴիջիԹեք միջազգային ՏՏ ցուցահանդեսը՝ հավատում ենք, որ այն ունի կարեւոր դեր եւ հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսել նորարարությունների լեզվով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: