Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրճը, «Կոլան» ու «Պեպսին» ոսկորները փխրեցնում են

Հոկտեմբեր 06,2011 00:00

Օստեոպորոզը, որը մարդու ոսկրերի ամրության նվազեցման է հանգեցնում, սոցիալական հիվանդություն է, ուստի անհրաժեշտ է դրան տալ քաղաքական ստատուս: Երեկ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի» նախագահ Արմինե Հարոյանը: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ աշխատել, որպեսզի Հայաստանում ակտիվորեն աշխատեն այդ հիվանդության կանխարգելման ուղղությամբ եւ սոցիալապես անապահով խավը գոնե զեղչերով հետազոտվի եւ բուժվի: 
Մասնագետի ներկայացմամբ՝ այս հիվանդությամբ ավելի շատ տառապում են կանայք, ընդ որում՝ 50-ն անց հետկլիմաքսային շրջանի եւ գինեկոլոգիական վիրահատություններ տարած կանայք: Հաճախ մարդիկ անգամ չեն էլ կասկածում, որ կարող է մեջքի կամ ողնաշարի ցավը հենց այդ հիվանդության ախտանիշ լինի եւ չեն էլ դիմում բժշկի. «Մտածում են՝ մեջքը ցավում է, դե ո՞ւմ հետ չի պատահում: Կամ էլ որոշակի տարիքում հասակի կարճացում են նկատում, մեջքի ծռվածություն ու մտածում են՝ ծերանում են, բայց չեն մտածում, որ դա հենց օստեոպորոզի արդյունք է»: Ըստ բժշկի, վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում աճում է 50 տարեկանից բարձր տարիք ունեցողների թիվը, ինչի հետեւանքով էլ այս հիվանդության թվի աճ է նկատվում: Մասնագետների հավաստմամբ՝ շատ սուրճ օգտագործելը, «Կոկա-կոլան», «Պեպսին» եւ այլ գազավորված խմիչքները կարող են ազդել ոսկորների ամրության նվազմանը: Իսկ ամուր ոսկոր ունենալու համար օրգանիզմին անհրաժշտ է կալցիումի եւ վիտամին Դ-ի նորմալ քանակություն: Օստեոպորոզի դեմ «պայքարելու» համար երեկ հավաքվել էին մի շարք տեղական եւ միջազգային մասնագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք քննարկեցին, թե ինչպես կարելի է աշխատել, որպեսզի Հայաստանում այս հիվանդությունը արդյունավետ բուժել եւ կանխարգելել: Օրինակ՝ հանդիպմանը ներկա Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առաջարկեց տարբեր գերատեսչությունների աջակցությամբ համատեղ ծրագիր ունենալ  մանկապատանեկան սպորտի զարգացման համար, որը, ըստ տիկին Սողոմոնյանի, շատ կարեւոր է օստեոպորոզի կանխարգելման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել