Ցույցի է դուրս եկել քաղաքի էլիտան
Երեկ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Արամի փողոցի բնակիչները: Մինչ այդ նրանք եղել են դատախազության, քաղաքապետարանի, Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ: Ուշագրավ է, որ այս անգամ ցուցարարները ոչ թե պետական կարիքների զոհ դարձած՝ Արամի փողոցից վտարված բնակիչներն էին, այլ «էլիտար» շենքի նոր գնորդները՝ սփյուռքահայեր, ճանաչված բժիշկներ, մի խոսքով՝ քաղաքի էլիտան: Բողոքի ակցիայի նպատակն էր նախագահին, գլխավոր դատախազին, քաղաքապետին փոխանցել, թե մեր երկրում ինչպես են «էլիտար» շենքի բիզնեսով զբաղվողները «օրենքի սահմաններում», այսպես ասած, «քցում» քաղաքացիներին:
Արամի փողոցի 82 եւ 84 հասցեներում «Հերմեկ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Տիգրան Մուշեղյանը, նոր բնակելի համալիր էր կառուցում՝ ավտոկայանման տեղերով, մի շարք հարմարություններով: Այդ շենքը պետք է պատրաստ լիներ ու շահագործման հանձնվեր 2007-ին: Ինչպես սովորաբար անում են «էլիտար» շենքերի տերերը, բնակարանները նախօրոք, ըստ մակետի վաճառել են, բնակիչներին ինչ-ինչ պայմանագրեր կնքել տվել, սակայն մինչ օրս նրանք դեռ իրավունք չեն ստացել տնօրինել իրենց բնակարանները, քանի որ շենքը դեռ պատրաստ չէ: «Հերմեկ» ՍՊԸ-ն պատճառաբանելով, որ այլեւս միջոցներ չունի, որ ներդրում կատարի ու շենքը հասցնի իր տրամաբանական ավարտին, իրեն հայտարարել է սնանկ ու բնակիչներին հորդորել դիմել դատարան՝ դառնալով պահանջատեր: Ավելի ուշ պարզվել է, որ «Հերմեկ» ՍՊԸ-ն շենքը գրավ է դրել «ՎՏԲ-Հայաստան» բանկում, մի շարք հարկային պարտքեր կուտակել, իսկ դա նշանակում է, որ սնանկացած ընկերության գույքը վաճառելով՝ բնակիչներին փոխհատուցելու հերթը չի էլ հասնի:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում պետական կարիքների զոհերի պես օր օրի ավելանում են «էլիտար» շենքերից տուժածները, ցուցարարները բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունն են հրավիրել այս խնդրի վրա ու պնդել, որ նամակները անձամբ հանձնեն պետական պատասխանատու պաշտոնյաներին: Քաղաքապետարանի մոտ բնակիչները խնդրի մասին խոսել են փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ: Նա խոստացել է նամակը հանձնել իրենց իրավաբանական վարչության պետին ու անպայման հետամուտ լինել խնդրի պարզաբանմանը: Նախագահի նստավայրից նույնպես նամակը խոստացել են հանձնել Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ այս շենքի վաճառքի պատմության մեջ շատ ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել. շենքի առաջին երկու հարկերը ինչ-ինչ պատճառներով վաճառվել են մեր նախկին գեներալներից մեկին՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով: Այս մասին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: