Զինակոչիկների բուժզննումն անցնում է հերթերի ու լարվածության պայմաններում
Բանակում վերջին ժամանակներս տեղի ունեցած դժբախտ դեպքերը, որոնց քննության արդյունքում պարզվում էր, որ այս կամ այն հանցանքը գործած զինվորը կամ հոգեկան հիվանդ է եղել, կամ ինչ-որ հիվանդութուն է ունեցել, ստիպել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի նախազորակոչային բուժզննումների ժամանակ հատկապես ուշադիր լինեն նյարդաբաններն ու հոգեբույժները: Թերեւս դա է պատճառը, որ մարզային զինկոմիսարիատներում բժիշկների հարցերին ի պատասխան՝ երբ զինակոչիկները ներկայացնում են, որ «նյարդայնանում եմ, երբ ծխախոտի գումար չեմ ունենում» կամ «երբ ինտերնետը լավ չի աշխատում» եւ նմանատիպ պատասխաններ, բժիշկներն անմիջապես ուղեգրում են մայրաքաղաքի մասնագիտացված կլինիկա՝ մանրազնին հետազոտության:
Այս օրերին Նորքի «Հոգեբուժական բժշկական կենտրոնում» եւ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում» «ասեղ գցելու տեղ» չկա: Զինակոչիկները «պովեստկան» ստանալու սթրեսը դեռ չմարսած՝ նոր սթրեսի մեջ են ընկնում՝ հիվանդանոցների հերթերի մեջ կանգնած: Շրջելով Նորքի հոգեբուժարանում, զրուցեցինք զինակոչիկների եւ նրանց ծնողների հետ: Մարզերից ժամանած զինակոչիկներ կային, որոնք թեեւ չուզենալով, բայց ստիպված էին մի քանի օր «ապրել» այդ հիվանդանոցում՝ բուժզննման համար: Այն բաժանմունքը, որտեղ հետազոտվում էին զինակոչիկները, ավելի շատ ծխարանի էր նման, քան հիվանդանոցի: Տղաները հուզմունքից ու ժամերով սպասողական վիճակից անդադար ծխում էին, իսկ սենյակներից մեկում էլ ծխի ամպեր էին կուտակվել, ու զինակոչիկները մեծագույն հաճույքով վայելում էին բջջային հեռախոսից լսվող «Ամպերն ելան քուլա-քուլա» «ռաբիս» երգը: Ընդ որում, զինակոչիկներն այն աստիճան անկարգ էին պահում իրենց, որ բուժանձնակազմի նյարդերն էլ էին տեղի տալիս: Տղաները ավելի շատ նյարդայնանում էին երկար ու դանդաղ առաջ գնացող հերթից եւ բուժաշխատողին ուղղված ամեն մի հարցը վերածվում էր «գողական բազարի»: Պետք է նշել, որ որոշ զինակոչիկներ էլ «սիմուլյանտություն» էին անում, իբր իսկապես հոգեկան խանգարում ունեն, մինչդեռ բուժզննումը ճիշտ հակառակն էր ապացուցում: Բուժզննման վերջնական փուլը հանձնաժողովի հարցուպատասխանի «միջով անցնել էր»: Այստեղ էլ զինակոչիկները անկարգություններ էին անում՝ հերթում կանգնածներն անընդհատ գոռգոռալով ու միմյանց հրմշտելով՝ փորձում էին առաջ ընկնել: Սակայն ներս չէին թողնում ոչ ոքի, մինչեւ հանձնաժողովի անդամները սուրճն ու սիգարետը չվայելեին: Տղաներն էլ բավականին զայրացած մեկնաբանություններ էին անում. «Էս քանի օրը հերիք չէ՞ր, հիմա էլ ժամերով սպասենք, մինչեւ իրանց կոֆեն խմեն: Մենք էլ ենք, չէ՞, մարդ, ուզում ենք շուտ վերջացնենք՝ գնանք մեր ավտոբուսին հասնենք»: Որպեսզի կուտակումներ չլինեն հանձնաժողովների սենյակի առջեւ, զինակոչիկներին մեծ ջանքերի շնորհիվ փակեցին երկաթյա դռների հետեւում, որպեսզի հերթով ներս հրավիրեն: Սակայն դա ավելի գրգռեց տղաներին. նրանք պարբերաբար ուժգին ծեծում էին երկաթյա դուռը ու զայրացած գոռում՝ «Էդ փո՞ղ են տվել, որ իրանց հերթն առաջ եք քցել»: Սրան ի պատասխան, բուժքույրերից մեկը պատասխանեց՝ «Թե չէ մնացել էին ձեր տված գռոշների՞ն»: «Թողեք դուրս գանք, շունչներս կտրվում ա, հո կալանավո՞ր չենք»: Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ոստիկան չեն հրավիրում, որպեսզի կարգուկանոն պահպանի, բուժաշխատակցուհին ասաց. «Կանչում ենք, գիշերները նե˜նց բաներ են անում, որ ստիպված կանչում ենք»: Երբ զինակոչիկները հանձնաժողովի վերջնական պատասխանը՝ «վերջ, ազատ եք» լսում էին, ավելի շատ էին ուրախանում, քան կուրախանային զորացրվելու լուրը լսելիս. «Վա՜յ, Աստված ջան, սրանից պրծանք», «մնաց մյուս հիվանդանոցը» արտահայտություններով ու մի քիչ «թուլացած» լքում էին հիվանդանոցը:
«Առավոտն» այցելեց նաեւ Նորքի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոն»: Այստեղ եւս ասեղ գցելու տեղ չկար. զինակոչիկները կրկին ժամերով հերթ էին կանգնել տարբեր կաբինետների առջեւ: Թեեւ այստեղ կարգ ու կանոն էր եւ ոչ մի անկարգություններ չէին լինում, բայց զինակոչիկների թիվն այնքան շատ էր, որ անգամ ռենտգեն սարքը չդիմացավ եւ վնասվեց՝ «ծանր ու անդադար աշխատանքից»: Բուժանձնակազմն անգամ «քիթ սրբելու» ժամանակ չուներ, ոմանք նույնիսկ դժգոհում էին՝ «ոնց որ դիտավորյալ բոլորին նույն օրն են ուղեգրել»: Այստեղ էլ ժամերով հերթերի մեջ կանգնելուց զինակոչիկները դժգոհում էին՝ «Էս ի՞նչ բազմաչարչար փորձություն ենք անցնում: Ավելի լավ է մի 5 տարի բանակում ծառայենք, քան 15 ժամ հերթ կանգնենք»:
Հետաքրքրվեցինք, արդյոք ամեն տարի՞ է նման հերթեր կուտակվում, հոգեբուժարանի աշխատակիցներից մեկն ասաց. «Օրական մի օրենք ու մի կարգ են փոխում ու ամեն ինչ խառնվում ա իրար: Նախորդ տարիներին էսպես չէր, ավելի թեթեւ էր ու հերթեր չէին կուտակվում»: