«Թեեւ մենք հպարտանում ենք, որ գիտություն, կրթություն գնահատող ազգ ենք, բայց մեր կյանքի ընթացքը ցույց է տալիս, որ տգիտությունն ու կեղծիքն այստեղ էլ են հիմնահատակ ավերներ արել: Հայաստանում գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ «թուղթը»՝ բարձրագույն կրթության ու գիտական աստիճանի վկայականները, որոնց առեւտուրը ծաղկում է: Մարդիկ, որոնց վերջին կարդացած գիրքը գիտական կոմունիզմի դասագիրքն է, այսօր դասավանդում են քաղաքագիտություն ու միջազգային հարաբերություններ: Բայց դա հետեւանքն է: Պատճառը քաղաքական համակարգում է: Իշխանությունն ու ընդդիմությունը ոչ միայն գիտելիքներ չունեն, այլեւ դրա պահանջարկը չեն ձեւավորում: Քաղաքական հարաբերությունները վերածվել են պարզունակ առեւտրի, որի համար գիտելիքներ պետք չեն, բավարար է թվաբանական գործողությունների՝ գումարման եւ բաժանման իմացությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: