ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ՀԱԿ-ի կազմակերպած քաղաքացիական ֆորումը երեկ որակեց որպես «անհասկանալի», «Առավոտը» հարց ուղղեց՝ այդուհանդերձ դրանցում կան բավականին լուրջ առաջարկներ, որոնց կատարումը կարող է եւ իշխանությունն իրականացնել: Ուրեմն ինչու՝ անհասկանալի: Ի պատասխան՝ պարոն Զաքարյանն ասաց. «Իրենք այդ ֆորումներով փորձում են ձեւավորել այլընտրանքային մոդել այսօր վարվող քաղաքականությանը, որը ես ողջունում եմ որպես քաղաքական ուժի կողմից ներկայացվող խնդիր, բայց դա չպետք է արվի օպերայի բակում, դա չպետք է արվի վրանային ինչ-որ իրավիճակներում: Դա ամենօրյա քաղաքական գործընթաց է, դա պետք է արվեր քաղաքական հանդիպումների ժամանակ, դա պետք է արվեր միջկուսակցական ձեւաչափերով, դա պետք է արվեր երկխոսությունների ընթացքում, որը բազմիցս իրենց առաջարկվել է: Իհարկե, ողջունելի է, որ կան այլընտրանքային մոտեցումներ, կան առաջարկներ, կա մրցակցայնությունն ապահովելու հնարավորություն. իշխանությունների համար դա առաջին հերթին օգտակար է նրանով, որ հնարավորություն կա համադրելու, համեմատության մեջ տեսնելու: Բայց, ուշադիր ծանոթանալով մամուլում եղած հրապարակումներին, ես անձնապես չեմ կարծում, որ այսօր իշխանությունների կողմից իրականացվում է դրանից վատ մոդել, հակառակը, հաստատ՝ մեկ քայլ ավելի առաջ, ավելի արդյունավետ եւ ավելի իրատեսական ծրագրեր են այսօր իրականացվում»: