Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխների գալիքը գիտեն

Հոկտեմբեր 06,2011 00:00

Արեւմտահայերը հաշվարկել են, թե ինչ է պետք Հայրենիք տեղափոխվելու համար

Երեկ ՀՀ խորհրդարանում կառավարություն-օրենսդիրներ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ հարցապնդում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ Սփյուռքի նախարարության կայքում «Հայերն այսօր» նախագծի էջում տեղադրված «Անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան կտեղափոխվեն 3500 արեւմտահայեր» վերտառությամբ տեղեկատվությանը (https://hayernaysor.am
/Armenia-3500-Project): Իսկ այնտեղ ասված է. «Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան-3500» խորագիրը կրող ծրագիրը: Նախագծի նպատակն է աջակցել արեւմտյան երկրներում բնակվող 3500 հայերի վերաբնակեցմանը ՀՀ-ում եւ ԼՂ-ում, հաղորդում է «Հայաստան-3500» նախաձեռնող խումբը:
Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նախագծի կազմակերպիչների հաշվարկներով՝ հայերը միջինը 50 հազարական դոլար կբերեն իրենց հետ: Այդ գումարը նրանք կծախսեն բնակարանի ձեռք բերման համար կամ կներդնեն բիզնեսում: Տվյալ դեպքում այդ ծրագրի շնորհիվ Հայաստան մուտք կգործի 175 մլն դոլար: Բացի դրանից, տեղափոխվածների գիտելիքներն ու փորձը նոր հնարավորություններ կստեղծեն հայրենիքում բիզնեսի զարգացման համար»: Հենց այս վերջին պարբերությունն էր, որ Վահան Հովհաննիսյանը «ցնցող» որակեց եւ ՀՀ կառավարությունից փորձեց հետաքրքրվել՝ ովքե՞ր են այդ «նախաձեռնող խումբը» եւ ի՞նչ գործունեություն են ծավալել:
Ի դեպ, թեեւ սույն տեղեկատվությունը նախարարության կայքում տեղադրվել էր՝ հղում անելով PanARMENIAN.Net-ին, բայց պատգամավորը շեշտեց, որ ինքն այդ կայքին հարց չունի, բայց, այ, ՀՀ կառավարությանը ունի, քանի որ այդ տեղեկությունը տեղադրվել է նախարարության կայքում: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ «Հայաստանը դո՛ւ ես»՝ եթե ունես 50 հազար դոլա՞ր: Է՞ս ենք ասում մեր հայրենակիցներին: Ա՞յս ձեւով ենք անում վերաբնակեցումը»,- հռետորական հարցադրում արեց Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ «անշնորհք» այս ձեւակերպումը ավելի կխրտնեցնի Սփյուռքի այն հատվածներին էլ, որոնք դեռ Հայաստանից չեն հիասթափվել: «Եթե մարդիկ այդ հնարավորությունը չունեն՝ թող չվերադառնա՞ն Հայրենիք: Բնական է, Հյուսիսային Իրաքում, Ղամշլուում բնակվող հայերը, Սիրիայի եւ ամենավտանգված ռեգիոնների մեր հայրենակիցներն այս հնարավորությունը չունեն: Ովքե՞ր են այս նախաձեռնող խումբը, ի՞նչ են ուզում, եւ արդյոք մեր նախարարությունը, կառավարությունը՝ ընդհանրապես, ունի՞ վերաբնակեցման կոնցեպցիա, ի՞նչ ենթակառուցվածքներ կան հայրենադարձության եւ վերաբնակեցման համար: Տներ՝ երեւում է, չեն տալու, որովհետեւ ասում են՝ ինքներդ առեք: Իսկ ի՞նչ են տալու. աշխատա՞նք են տալու, դոտացիանե՞ր, որովհետեւ Ղարաբաղ գնացողները, երեւի թե, պիտի գյուղատնտեսությամբ զբաղվեն: Ի՞նչ են նրանք ստանալու»: Վ. Հովհաննիսյանը հիշեցրեց նաեւ, որ տարիներ առաջ, իրաքյան պատերազմի ընթացքում, հյուսիսային իրաքահայեր էին եկել Հայաստան, որոնցից շատ-շատերը հետո ստիպված էին եղել լքել Հայաստանը: Սա, թերեւս, հայաստանյան ռեալություններից բխող մտահոգություն էր, որ պատգամավորը հնչեցրեց սարկազմով համեմված հարցադրման տեսքով: Պատգամավորի հարցին, բնականաբար, պատասխանեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ արդարանալով, թե թերթերում շատ բան է գրվում, եւ ամեն գրվածը չէ, որ համապատասխանում է իրականությանը, մոռանալով, որ այդ տեղեկությունը հրապարակվել է հենց իր գլխավորած գերատեսչության կայքում: Նաեւ ասաց, թե կառավարությունը որեւէ կապ չունի այդ կառույցի հետ, տեղյակ չի, թե դա ինչ խումբ է: «Ես Հայաստանում չեմ եղել, գուցե աշխատողները պարզապես տեսել են, որ հայրենադարձության մասին ծրագիր է, ու տեղադրել են կայքում»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը մշակել եւ ԱԺ է ներկայացրել «Հայրենադարձության մասին» օրինագիծը, որով փորձ է արվելու գտնել պատգամավորի բարձրաձայնած հարցադրումների պատասխանները: Վ. Հովհաննիսյանն իր ռեպլիկում նաեւ հակադարձեց՝ «ցանկացած սփյուռքահայի կամ Հայաստանում ծնված մարդու պետք է բացատրել հե՛նց սկզբից, թե նրան ինչ է սպասվում Հայաստանում, որ մարդիկ իմանան»:
Իսկ գուցե այս նախաձեռնող խումբն արդեն եկել, տեսել ու հասկացե՞լ է, թե ինչ է պետք հայրենադարձվող հային Հայաստանում ապրելու մինիմումի համար՝ աչքի առաջ ունենալով նաեւ Հայրենիքի համար իր՝ «կթու կով» դիտարկվելու հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել