Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ ԵԽԽՎ-Ի ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Հայաստանի հարցով համազեկուցողները երեկ Վեհաժողովում  քննարկման ընթացքում բազմիցս հայտարարեցին, թե շարունակվելու է  այս հարցով մշտադիտարկումը:

«Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» բանաձեւը ԵԽԽՎ-ն երեկ ընդունեց 40 կողմ, 3 դեմ (Այդին Աբբասով, Ռաֆայել Հուսեյնով եւ Ֆազալի Իբրահիմլի) եւ 1 ձեռնպահ (Արմեն Ռուստամյան) ձայներով: Նախագծի վերաբերյալ 5 ուղղումների առաջարկներ էին ներկայացրել միայն Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Ռուստամյանը, որոնց միացել էին արտերկրի եւս 4 պատվիրակներ:
Եվ այսպես՝ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները նախ առաջարկել էին լրացում բանաձեւի նախագծի 2-րդ կետում, որում նշված է, թե ԵԽԽՎ-ն համարում է, որ «Մարտի 1»-ի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը, «չնայած մի շարք թերություններին»՝ պարունակվող «առաջարկությունները հանդիսանում են ամուր հիմք՝ մատնանշելու 2008-ի մարտի դեպքերի հիմքում ընկած պատճառները եւ կանխելու նման իրավիճակների զարգացումն ապագայում»: Որոշակի խմբագրմամբ ընդունվեցին առաջարկվող փոփոխությունները, եւ այժմ ըստ ընդունված բանաձեւի՝ այդ առաջարկները «կարող են հանդիսանալ համարժեք հիմք»:
Մերժվեց առաջարկված փոփոխությունը, որը վերաբերում է բանաձեւի այն կետին, որով Վեհաժողովը ողջունում է նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումը: Զարուհի Փոստանջյանը, Արմեն Ռուստամյանը եւ նրանց ուղղումներին միացած պատվիրակներն առաջարկել էին հավելել, որ Վեհաժողովը «միեւնույն ժամանակ մտահոգված է խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հիմնական կարեւոր առաջարկների մերժմամբ»:
Չհաջողվեց նաեւ բանաձեւից հանել այն արտահայտությունը, ըստ որի՝ Վեհաժողովը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին «զերծ մնալ որեւէ գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է խարխլել հանրության վստահությունը ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների վերաբերյալ»: Ի դեպ, հետո իր ելույթում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը 1995 թվականից ականատեսն եղավ հրեշի ծնունդին, երբ կեղծիքով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ ամրագրելով գործադիր իշխանության ամբողջական գերակայությունը դատական իշխանության նկատմամբ: 1996 թվականին հրեշն առաջին անգամ օգտագործելով ՀՀ զինված ուժերը եւ կրակելով միայն օդ, բռնություններով հետապնդելով եւ ազատազրկելով այլախոհներին՝ անհավատություն սերմանեց ընտրությունների նկատմամբ: Մնալով անպատիժ՝ հրեշը Եվրոպայի խորհրդի կազմում նորից կատարեց հանցագործություն. 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը առաջին անգամ համտեսեց խաղաղ բողոքի մասնակիցների արյունը՝ չզրկելով նրանց կյանքից: Սակայն արյան համը նրան շատ դուր եկավ եւ մեծ լիցքեր տվեց, ինչը 2008-ին հանգեցրեց 10 մարդու սպանության»: Եվ հավելեց. «Հրեշին նախ պետք է զինաթափել: ԵԽԽՎ-ն այս հարցում կարող է աջակից լինել: Սակայն ընտրությունների դիտարկումներից հետո նրա «մի քայլ առաջ» հայտարարությունները, իշխանություններին դրվատող խոսքերը կասկածներ են հարուցում, որ ԵԽԽՎ-ն ինքն է լծվել հրեշի ընտրակեղծումի զինտեխնիկայի վերազինմանը, որի ապացույցներից են նոր «Ընտրական օրենսգրքի» գովերգումը, ազատ հեռուստաընկերության բացակայության հանդուրժումը, մարտի 1-ի էջը փակված համարելու մասին  հայտարարությունները եւ այլն»:
Թերեւս ամենակարեւոր փոփոխությունը վերաբերում էր բանաձեւի 11 դրույթին. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներման արդյունքում, նորացված ազդակը՝ հետաքննելու 2008-ի մարտի դեպքերի ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները եւ սկսված կառուցողական երկխոսությունն ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ նշանակում է, որ 2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»: Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Ռուստամյանն առաջարկել էին ընդհանրապես հանել այս դրույթը: Սակայն հետո Մոնիթորինգի հանձնաժողովում պրն Ռուստամյանը համաձայնեց հանել իրենց առաջարկը՝ այն բանից հետո, երբ համազեկուցողները վերափոխեցին այդ դրույթը ձեւակերպմամբ, թե սա չի նշանակում, որ ավարտված է գործընթացի վերահսկողությունը՝ այդ թվում նաեւ 10 զոհերի մահվան հանգամանքների հետ կապված: Բայց Զարուհի Փոստանջյանը՝ որպես ուղղումներն առաջինը ստորագրած պատվիրակ, ԵԽԽՎ-ում կրկնեց այդ դրույթը հանելու առաջարկը, եւ քվեարկությամբ առաջարկը մերժվեց:
Մեր հարցին, թե արդյոք Մոնիթորինգի հանձնաժողովում ծանո՞թ էին այդ դրույթի կապակցությամբ բազմաթիվ նամակներին, որոնք ուղարկվել էին ԵԽԽՎ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես հանձնաժողովի իմ ելույթում ասացի, որ այդ դրույթն առաջացրել է շատ լուրջ անհանգստություն, թե սա նշանակում է, որ այս գործը մի կողմ է դրվում՝ մանավանդ զոհերի հարազատների մոտ: Եվ այդ պատճառով նրանք փորձեցին ինչ-որ մի լուծում առաջարկել»:
Ջոն Պրեսկոտը լիագումար նիստում քննարկման ժամանակ դարձյալ մտահոգություն հայտնեց, որ չի իրականացվել 10 զոհերի մահվան հանգամանքների անկախ հետաքննություն, չեն բացահայտվել մեղավորները: Սակայն նաեւ հիշեցրեց ՀՀ նախագահի խոստումը՝ մինչեւ տարեվերջ զեկույց ներկայացնել այս հետաքննության մասին, եւ ընդգծեց. «Մեր մոնիթորինգն այս կապակցությամբ չի ավարտվել»: Մյուս համազեկուցողը՝ Աքսել Ֆիշերը (լուսանկարում), հայտարարեց. «Մենք մեծ աշխատանք ենք արել՝ բայց ավելին է սպասվում»: Եվ նա, եւ ԵԽԽՎ խմբերի անունից ելույթ ունեցողները կարեւորում էին առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները՝ հույս  հայտնելով, թե ժողովուրդը դրանց ընթացքում կտեսնի տարբերությունը նախկինի համեմատ: Նաեւ խոստանում էին, թե ուշադիր են լինելու, հետեւելու են, որ չկրկնվեն 2008-ի դեպքերը: «Մենք փակել ենք մի էջը, բայց դա չի նշանակում, թե գիրքն ընթերցված է»,- հայտարարեց Միավորյալ եվրոպական ձախ խմբի անունից ելույթ ունեցող Թիմի Կոխը: Եվրոպական ժողովրդավարներ խմբի անունից ելույթ ունեցող Էգիդիժիուս Վարեիկիսն ընդգծեց, թե եւս մի քայլ պետք է արվի, եւ ամբողջությամբ պետք է հետաքննվեն 2008-ի իրադարձությունները: Թեեւ ԵԽԽՎ խմբերի անունից ելույթ ունեցողները նաեւ փաստում էին, որ կան դրական փոփոխություններ՝ մարդկանց բանտերից բաց են թողել, հանրահավաքների ազատությունը երաշխավորվում է օրենքով եւ այլն:
Եվս մի ուշագրավ հանգամանք՝ 15 ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը չհիշատակեց, որ ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ երկխոսությունն այժմ առկախված է: Փոխարենը Դավիթ Հարությունյանը նշեց, թե ընդդիմության հետ սկսված երկխոսությունն է նաեւ «էականորեն նվազեցրել լարվածությունը Հայաստանի քաղաքական միջավայրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել