Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆ Է»

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Համոզված է քաղաքագիտության դոկտոր  Տիգրան Թորոսյանը

– Ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ, երբ կարծես այլեւս առճակատում չկա ընդդիմության եւ իշխանության միջեւ, երկուստեք խոսվում է փոխադարձ հանդուրժողականության մասին:
– Կարծում եմ՝ տպավորությունը կեղծ է, եւ դրա մասին են վկայում վերջին տարիների արդյունքները՝ մարդիկ շատ ավելի վատ են ապրում, արտագաղթը կրկին հասել է սպառնալից չափերի, ավելի քան կրկնապատկվել է երկրի արտաքին պարտքը, բարոյական անկումը հասել է աղետալի վիճակի, բոլոր հարցերի համար գործում է մեկ արժեք՝ փողը, եւ մեկ սկզբունք՝ առեւտուրը, պայթել է արտաքին քաղաքականության նախաձեռնողականության փուչիկը:
Հասարակությանը հետաքրքրում է այս հարցերի լուծումը, այլ ոչ թե բովանդակազուրկ, կեղծ «քաղաքակիրթ» հարաբերություններն իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ: Մինչդեռ այդ երկուսին հետաքրքրում է ընդամենը մեկ բան՝ Հայաստանում գոյություն ունեցող ներքաղաքական իրավիճակի պահպանումը մինչեւ ընտրություններ: Իշխանությանը բավարարում է խորհրդարանական ընտրություններում մեկ հիմնական մրցակից ունենալու հեռանկարը: Առավել եւս, որ դժվար չէ ենթադրել, որ եթե ՀԱԿ-ն այսօրվա մարտավարությամբ՝ ժամանակ ձգելով, հասնի ընտրությունների, ապա կկորցնի այն ընտրողների մի մասին, ովքեր արդարացիորեն դժգոհ են իրավիճակից, այլ ոչ թե կուրորեն գնում են իրենց կուռքի ետեւից: ՀԱԿ-ին ստեղծված իրավիճակը բավարարում է, քանի որ հայտարարված նպատակները՝ մարտի մեկին առնչվող հարցերի բացահայտումից մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, չեն իրականանում, իսկ հեղափոխության ներուժ չունի: Հետեւաբար մնում է մինչեւ ընտրությունները պահպանել հիմնական ընդդիմադիրի դիրքերը: Իսկ իրավիճակը հնարավոր է պահպանել՝ կեղծ գործընթացներով ժամանակ ձգելով եւ մոլորեցնելով հասարակությանը: Տեւական ժամանակ հայտարարվում էր երկխոսության մասին՝ առանց օրակարգի: Ապա սկսվեցին հանդիպումները՝ իրարամերժ եւ անզիջում դիրքորոշումներով. ըստ ՀԱԿ-ի՝ միակ լուծումը արտահերթ ընտրություններն են, մյուս կողմն ասում է, որ որեւէ հիմք չկա դրա համար: Հետո առկախում են «երկխոսությունը», հիմա էլ՝ դադարեցնում, անլուրջ պատրվակներով: «Երկխոսության» օրակարգում մնացել է միայն զուգարանների թեման: Պատահական չէ, որ այդ ամենն ուղեկցվում է մեկ անհեթեթ փոխադարձ սիրաշահումներով, մեկ՝ վերջին հայհոյանքով: Փողոցային բառապաշարը կողմերի մտավոր կարողությունների դրսեւորման բարձրակետն է:
– Ըստ որոշ վերլուծաբանների, այս վիճակն ավելի լավն է, քան եգիպտական կամ մեկ այլ՝ արյունալի, ջարդել-փշրելու, բռունցքների տարբերակը:
– Նման մտածողությունը հատուկ է ոչ միայն «վերլուծաբաններին» ու պալատական «սազանդարներին», այլեւ Հայաստանի բազմակուսակցական քաղաքական համակարգին: Իսկ դրա հիմքը տգիտությունն է: Եթե մարդիկ բախումներից ու կեղծիքից բացի չեն տեսնում այլ հնարավոր տարբերակներ, եթե իրենց պատկերացումները սահմանափակվում են Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներով եւ Հայաստանի տխուր իրողություններով, ապա այլ բան չեն կարող առաջարկել: Ըստ Պլատոնի՝ տգիտությունը երկու հիմնական հոգեւոր արատներից մեկն է եւ ծնում է բազմաթիվ այլ արատներ: Ներկայիս Հայաստանի համար այն համատարած երեւույթ է եւ հատուկ է բոլոր ոլորտներին:
– Նշեցիք, թե իշխանությունը եւ ՀԱԿ-ը ձգտում են դուրս թողնել մյուս քաղաքական ուժերին, ուրեմն ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերը որեւէ քայլ չեն անում դուրս չմնալու համար:
– Կարծում եմ՝ այդ հարցին պետք է իրենք պատասխանեն, բայց ակնհայտ է, որ սա մի իրավիճակ է, երբ թվում էր, թե այլ քաղաքական ուժերի համար առավել բարենպաստ պետք է լիներ այլ որակի գաղափարներ, մոտեցումներ ու հարաբերություններ ներկայացնելը: Բայց հիվանդությունը իսկապես համակարգային է եւ միայն ՀԱԿ-ին ու իշխանությանը չէ, որ համակել է, եւ սա է ամենամեծ ողբերգությունը: Սա է պատճառը, որ երբ մարդիկ ելքեր են փորձում որոնել, ճանապարհ չեն կարողանում տեսնել, առջեւում չեն տեսնում լույս, ու թե ում հետ պիտի գնան դեպի այդ լույսը: Հուսահատվում են ու լքում են երկիրը;
– Անելանելի վիճակներ չեն լինում, Ձեր կարծիքով՝ քանի՞ քայլից եւ դեպի ո՞ւր գնալով է հնարավոր ելքերը գտնել:
– Քայլեր, իհարկե, կան, եւ կարելի է ներկայացնել դրանց իրագործման ծրագիր: Սակայն կարեւոր է, թե ո՞վ է այն իրագործելու: Հետեւաբար իրավիճակի շտկման նախապայմանը միանգամայն նոր որակի քաղաքական ուժի ձեւավորումն է, որովհետեւ ցանկացած երկրում քաղաքական կյանքը եւ ժողովրդին հուզող խնդիրների լուծումն առաջին հերթին կախված է քաղաքական ուժերից: Նրանք են ձեւավորում իշխանություն, որը պետք է ներկայացնի իրավիճակի շտկման ծրագիր եւ իրականացնի այն, նրանք են ձեւավորում ընդդիմությունը, որը պիտի բացահայտի այդ ծրագրի եւ դրա իրականացման թերությունները եւ ներկայացնի հասարակությանը: Եվ քանի դեռ չի ձեւավորվել լուրջ, կայացած քաղաքական ուժ, որեւէ լավ հեռանկարի մասին խոսելն ավելորդ կլինի:
– Մեր հասարակությունը կրակն է ընկել մեծաթիվ եւ ամբիցիոզ քաղաքական ուժերի ձեռքին, եւ նոր քաղաքական ուժի ձեւավորման արձագանքը կարող է դրական չլինել:
– Նախ, խոսքը ոչ թե նոր, այլ նոր որակ ունեցող քաղաքական ուժի մասին է: Իր հազարամյակների պատմության ընթացքում մարդկությունը նման իրավիճակների հաղթահարման այլ ուղի չի ունեցել, քան երկրի բանիմաց ղեկավարումը: Եթե մարդու գլուխը առողջ չէ, ապա այն բուժում է, այլ ոչ թե սկսում է ոտքով մտածել: Մեր հասարակությանը ներկայացող քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնության գործունեությունը ճշգրտորեն համապատասխանում է կոմունիստական կուսակցության վերջին՝ քայքայման փուլին: Ցավոք, այդպիսին են դարձել անգամ այն կուսակցությունները, որոնց հիմնադիրները բոլորովին այլ արժեքներ էին դավանում: Եվ պատահական չէ, որ հասարակությունն, անընդհատ տեսնելով ԽՍՀՄ կոմկուսի քայքայման շրջանի ծաղրանկարը, այն մերժում է: Առաջարկեք հասարակությանը նոր որակի կուսակցություն, եւ նա կարձագանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել