Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ նամակ են ուղարկել «Առավոտին», որտեղ նշում են, թե նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երեւանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետեւ 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի՝ մեկ հարկ Սոֆի Դեւոյանին տրամադրելու պայմանով): Ըստ բնակիչների. «Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ՝ շենքի եւ կողքի առանձնատների միջեւ չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարեւան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, եւ, ամենակարեւորը, կառուցվող շենքի պատճառով հարեւան տներ այլեւս չի թափանցում արեւը: Հարեւանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենքը, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ: Երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում՝ փաստացի եւս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի Արեգը հարեւան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը»: Շենքի հարեւանությամբ ապրող բնակիչները պահանջում են քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը եւ վերանայել տրված թույլտվությունը: «Առավոտը» գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ համապատասխան մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Առայժմ մտածում են: