Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի պալատում մեկնարկել եւ շարունակվում է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Եթե մեծահասակները Հին Աշխարհամասի չեմպիոնության համար պայքարում են արդեն հինգերորդ անգամ, ապա կադետների (կրտսեր պատանիներ) համար երեւանյան մեկնարկը առաջինն է պատմության մեջ, որի հիմքը դրվեց Հայաստանում:
Ողջունելով մասնակիցներին ու Եվրոպայի առաջնության հիմնական կազմակերպիչներ՝ Հայաստանի խուլերի սպորտային կոմիտեին, խուլերի Եվրոպայի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը, սպորտի պետական կառույցը ոչ միայն զբաղվում են հանրապետությունում մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը ժողովրդի ամենօրյա պահանջարկ վայելող զբաղմունք դարձնելով, այլեւ այդ գործում առանձնահատուկ վերաբերմունք են դրսեւորում ֆիզիկական արատ ունեցողների շրջանում: «Ասածիս ապացույցն է, որ կառավարությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցով պահուստային ֆոնդից այս մրցաշարը պատշաճ ձեւով անցկացնելու նպատակով շուրջ 14 մլն դրամ է հատկացրել»: Ավելացնենք, որ ՀԱՕԿ-ն էլ տրամադրել է յոթ միլիոն դրամ, իսկ հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան ստանձնել է անհրաժեշտ գույք եւ բարձրակարգ մարզիչներ տրամադրելու պարտավորությունը:
Երեկ հունահռոմեական ոճի ըմբիշները որոշելու էին ըստ քաշային կարգերի չեմպիոններին եւ մեդալակիրներին, իսկ այսօր ազատ ոճայինների կշեռքի օրն էր: