Մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը Բաքվում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում բացահայտ առավելությամբ պարտության մատնելով մեքսիկացի Խուան Մերկադոյին՝ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց՝ դառնալով մեր առաջին ու միակ բռնցքամարտիկը, ով հաղթահարեց օլիմպիական խաղերի ուղեգրի համար սահմանված արգելքը:
Ինչպես եւ սպասվում էր, Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում տեղ զբաղեցրած հարեւան հանրապետության մարզասերները բուռն կերպով երկրպագում էին մեքսիկացուն: Սակայն Անդրանիկը նրանց հարկադրեց շատ արագ լռել ու արդեն երկրորդ ռաունդի միջնամասում ընդունել ու համակերպվել իրենց չսիրած երկրի ներկայացուցչի լիարժեք հաղթանակի հետ: Առաջին ռաունդն ավարտվեց մեր աշխարհի գավաթակրի շոշափելի առավելությամբ՝ 9:4: Երկրորդում էլ Անդրանիկի առավելությունն ակնհայտ էր: Իսկ եթե դրան գումարենք հայ բռնցքամարտիկի դիպուկ հարվածներից հետո մեքսիկացու ստացած հոնքի վնասվածքը, որի պատճառով ռեֆերին ստիպված էր միջնորդել մարտի բժշկի առջեւ, ապա պատկերն ավելի քան խոսուն կլինի: «ShantTV»-ի ուղիղ հեռարձակմանը հետեւող մեր մարզասերները տեսան, որ ռեֆերին (չմոռանանք, որ նա Բաքվում էր գտնվում) ստիպված էր մեքսիկացուն տանել բժշկի մոտ: Իսկ թե ի՞նչ կատարվեց հետո, կարող ենք ընդամենը եզրակացնել: Բացեիբաց չհայտարարվեց, որ բժիշկն է դադարեցրել մարտը: Մերկադոն մոտեցավ իր անկյանը, եւ միայն նրանից հետո, երբ մարզիչները հանեցին նրա սաղավարտը, պարզ դարձավ, որ Անդրանիկ Հակոբյանը հաղթել է ժամկետից շուտ: Այսքանից հետո արդեն չարժե խոսել տրիբունաներում ադրբեջանցիների ապրումների մասին: Ամեն ինչ պարզից էլ պարզ էր:
Մեզ հետաքրքրում են նաեւ Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես եկող մեր երկու հայրենակիցների՝ Դավիթ Հայրապետյանի (46-49 կգ քաշային կարգ) եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանի մրցելույթները: Միանգամից տեղեկացնենք, որ թե Դավիթը եւ թե Միշան երեկ առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ ու նույնպես օլիմպիական վարկանիշ նվաճեցին: