Հաջորդ տարվանից նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերը կավելանա 50%-ով: Սա նշանակում է, որ մոտ 7000 ուսանող անվճար սովորելու հնարավորություն կստանա: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Որ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետն էլ բուհի շրջանավարտի չափ հեշտ գործ գտնի՝ ԿԳՆ-ն ու Եվրոպական միությունը համատեղ աշխատում են այդ ուղղությամբ:
Մինչեւ տարեվերջ ուսանողության առաջ իրենց դռները կբացեն վերանորոգված ու վերազինված 12 քոլեջ ու ուսումնարան: Նախարարի խոսքով, ոչ միայն ուսումնական հաստատությունների շենքերն են նորոգվել, այլեւ դասախոսական կազմն է վերապատրաստվել ու թարմացվել է կրթական ծրագիրը: «Վերջին մի քանի տարիներին միջին ու նախնական կրթության ոլորտը հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտի ստվերում է եղել, տարիներ շարունակ այս ոլորտներում ներդրումներ չեն արվել, ու միջին մասնագիտական կրթության արժեքը կտրուկ իջել էր, բոլորը ձգտում էին միայն բարձրագույն կրթություն ստանալ»: