Կրթական համակարգի արդյունքների մասին այդ կարծիքին է ԿԳ նախարարը
Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանի համար «Տարվա լավագույն դպրոցի տնօրենի» մրցանակ ստանալը մեծ անակնկալ էր: «Շփոթված եմ,- ասում է նա եւ շնորհավորում է բոլոր ուսուցիչներին,- ես միշտ սիրել եմ պայքարել, այս մրցույթում էլ նույն բանն եմ արել: Հաղթելն էլ ավելի մեծ պատասխանատվություն է առաջացրել»: «Դպրոցի լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթանակը Արտակ Գյոզալյանը համարում է նաեւ դպրոցի ամբողջ աշխատակազմինը, աշակերտներինը, դպրոցի ծնողկոմիտեինը:
Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ուսուցչի օրվան ընդառաջ՝ պատվոգրեր բաժանեց հանրապետության մանկավարժներին: «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում պատվոգրեր ստացան Արմավիրի Նալբանդյանի միջնակարգ դպրոցի դասվար Անգին Գեւորգյանը, Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արմենուհի Մկրտչյանը եւ Սյունիքի դպրոցներից մեկի կենսաբանության ուսուցչուհի Արմեդա Անտոնյանը:
Նախարարը, համեմատություն անցկացնելով միջազգային կրթական մակարդակի հետ՝ համոզվել է, որ մեր երկրում շատ չնչին գումարներով ստանում ենք որակ, «որը շատ վատ չէ»: «Տարիների ընթացքում համոզվել եմ, որ հայ մանկավարժը յուրահատուկ կերպար է, որի մեջ շաղախված են նրանց բարությունը, իմաստնությունը, ինտելեկտը»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարն իր անձնական օրինակով գիտե՝ ուսուցչի գործը դժվար է նաեւ տան անդամների համար: «Երբ մայրս հերթական ճաշատեսակը չէր կարողանում պատրաստել, որովհետեւ այդ օրը ստուգողական աշխատանքներ պետք է ստուգեր, ես հասկանում էի, որ դա զոհաբերություն էր ընտանիքի անդամների կողմից՝ իր հարազատի մասնագիտական գործունեության համար: Երկու ճակատում եք ապրում՝ ընտանիքը եւ մեծ հարթակը, որ կոչվում է դպրոց»,- ասաց Ա. Աշոտյանը: Նա ցավում է, որ լրահոսում միշտ չէ, որ նորությունները դրական են կրթական համակարգի ներկայացուցիչների մասին. «Լինում են դեպքեր, որոնք ստվեր են նետում հայ մանկավարժի անվան վրա: Ցավոք, այդ դեպքերը, եզակի լինելով, տեղեկատվական դաշտում ավելի մեծ տեղ են գրավում, քան լավ մարդկանց լավ գործերի մասին տեղեկատվությունը»: Նախարարը խոսեց նաեւ կրթական ոլորտի փոփոխություններից. «Անցյալ տարի կպանք տնօրենների ջանից՝ նրանց պարտադրելով վերապատրաստում, նոր մասնագիտական ունակություններ, որակ, հմտություններ, նրանց պահել եւ շարունակելու ենք պահել մեր հսկողության տակ: Այս տարի մենք հասանք նաեւ ուսուցիչներին: Նրանց ատեստավորման մեխանիզմը օրենքվ ամրագրված է եւ այս տարի հանրապետության ուսուցչական անձնակազմի քսան տոկոսը պետք է պարտադիր անցնի վերապատրաստման դասընթացներ եւ հետո ատեստավորում»:
Արագածոտն մարզի Աշտարակի «Հովիկ» մանկապարտեզի դաստիարակ Հռիփսիմե Ներսիսյանին «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի հաղթանակը ինքնավստահություն ավելացրեց եւ խաղաղություն տվեց: Նա արդեն 38 տարի աշխատում է մանկապարտեզում, նախարարության հանձնած պատվոգիրն էլ իր աշխատանքի լավագույն գնահատականն է, ասում է. «Մտնեմ դպրոց, երեխաներիս կասեմ՝ հաղթեցի եւ նրանց կնվիրեմ իմ հաղթանակը»: