Այն, ինչի մասին պիտի գրեմ, բազմիցս գրվել է
«Առավոտի» էջերում, չհաշված որոշ հանգամանքներ: Հենց այդ հանգամանքների մասին էլ ուզում եմ այսօր խոսել:
2011թ. հուլիսի 12-ին լրացավ ուղիղ 1 տարին այն օրից, ինչ ես եւ քույրս հայտնաբերել էինք, որ Նուբարաշենի գերեզմանատանը գտնվող մեր հոր գերեզմանատեղում կատարվել է անօրինական հուղարկավորություն: Կատարված ահավոր (ձեռքս հրաժարվում է գրել՝ սխալ) սրբապղծությանը արժանի գնահատական տալու համար դիմել էի Էրեբունի եւ Նուբարաշեն շրջանների դատախազ Հ. Սուքիասյանին, խնդրելով հայտնաբերել հանցագործներին, արժանին հատուցել նրանց եւ ինձ վերադարձնել գողացված գերեզմանատեղը:
Հետաքննիչներն անցան գործի եւ թաղման բյուրոյի աշխատակիցներն ու նրանց հետ մի կողմում հանդես եկող նոր հուղարկավորված հանգուցյալ Գ. Խաչատրյանի հարազատները ամեն կերպ ցանկանում էին շեղել քննության ընթացքը, ինձ էլ համոզել, որ իբր ես լավ չեմ հիշում իմ հոր գերեզմանի տեղը եւ որ այն, հավանաբար, սահել է եւ տեղափոխվել ներքեւից վերեւ… Ուզում եմ հատուկ նշել, որ նոր հուղարկավորված Գ. Խաչատրյանի ընտանեկան գերեզմանը գտնվում է իմ հոր գերեզմանատեղից ընդամենը 1, 5-2 մետր հեռավորության վրա: Չգիտես ինչու, նրանք չեն սխալվել եւ իրենց հանգուցյալին ավելի հեռու տեղում հուղարկավորել:
Այս դեպքը շատ նման է առեւտրականների պատահական սխալներին, որոնք մանրը վերադարձնելիս միշտ իրենց օգտին էին սխալվում: Իմ կարծիքով, հենց այստեղ է գտնվում անմարդկային արարքի դրդապատճառը: Մի կողմին պետք էր մի նոր գերեզմանատեղի, բայց հնի մոտ, մյուսին էլ պետք էր պատվիրատուի ցանկությունը կատարել: Ես թաղման բյուրոյի կանոնադրությանը ծանոթ չեմ, բայց միգուցե այնտեղ գրված է, որ այն գերեզմանը, որի բետոնապատերը քայքայված են եւ այդ գերեզմանին խոտ է աճել (այդպես համենայնդեպս արտահայտվել է թաղման բյուրոյի ներկայացուցիչը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթեր արձակած «Մեծ ռեպորտաժ» հաղորդման ժամանակ), կարելի է օտարել: Որը եւ կատարվել էր: Այդ ընթացքում բազմաթիվ սպառնալից զանգեր են հնչել «Առավոտի» թղթակից Ռ. Մինասյանի սովոր ականջին, բայց ի պատիվ թերթի եւ նրա թղթակցի, պետք է փաստել, որ նրանք թղթակցային հետաքննությունը չդադարեցրին, այլ հակառակը՝ 27.10.2010թ. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների հետաքննիչ Եղիշ Եղյանի գլխավորությամբ միասին բացեցին ժամանակին Հովհաննես Չիթիրյանին հուղարկավորության համար տրամադրված (վկայական N 24473, տրված 05.08.1991թ.) գերեզմանի այն հատվածը, որտեղ մատնանշեցի ես: Մինչ բանվորները քանդում էին իմ մատնանշած տեղում, գերեզմանազավթիչները եւ թաղման բյուրոյի այդ պահին այդտեղ գտնվող ներկայացուցիչները նորից ու նորից պնդում էին, որ ես սխալվում եմ, իսկ նոր հուղարկավորվածի քույրը եւ էլի ինչ-որ հարազատներ հոխորտում էին, թե երբ բացվի գերեզմանը՝ ես կհամոզվեմ, որ այնտեղ բացի իրենց եղբորից, ուրիշ ոչ ոք հուղարկավորված չէ, եւ որ ես դեռ իրենց պատասխան եմ տալու այսքան հոգեկան ապրումներ պատճառելու համար: Նրանցից մեկը նույնիսկ այսպիսի կարծիք հայտնեց, թե ես տեսնելով, որ սա լավ սարքած գերեզմանատեղի է, որոշել եմ ամեն գնով զավթել (նրանք ինձ իրենց տեղն էին դրել) եւ որ ինձ դատի են տալու:
Սակայն երբ բանվորները հանդիպեցին հորս՝ 2-րդ համաշխարհային պատերազմի մասնակից, բազմաթիվ շքանշանների արժանացած Հովհաննես Չիթիրյանի արդեն քայքայման նշաններով դագաղին, ես չկարողացա զսպել հուզմունքս, փաստորեն երկրորդ անգամ վերապրեցի հորս հուղարկավորության հետ կապված ծանր ապրումները…
Կատարվածից շոկի մեջ ընկած թաղման բյուրոյի աշխատակիցները եւ իրենց թողտվությամբ ու հանգուցյալ Գ. Խաչատրյանի հարազատների ձեռքով իրականացված սրբապղծության համար բավարարվեցին միայն ինձնից ներողություն խնդրելով, երեւի թե համարելով իրենց գործը (մեղքը) ներողությունով մաքրվում է (ավարտված է): Հենց տեղում երիտասարդ հետաքննիչ Ե. Եղյանը, որը պակաս հուզված չէր, կազմեց համապատասխան ակտ կատարվածի մասին, եւ բոլոր ներկաները ստորագրեցին այն: Նորահուղարկավորվածի քույրը ներողություն խնդրելու փոխարեն պահանջում էր բացել դագաղը, իբր թե (ինքը չլինելով մասնագետ) ուզում էր համոզվել՝ թաղվածը կին է, թե տղամարդ, մոռանալով, որ իր իմացած ապացույցը մինչ մեր օրերը չէր դիմանա…
Այդ ամբողջ ընթացքում «Առավոտի» հիրավի երկաթյա նյարդեր ունեցող թղթակից Ռ. Մինասյանի տեսախցիկը նկարում էր գերեզմանի վերաբացման ամեն պահը:
Այստեղ ուզում եմ փաստել մի հետաքրքիր հանգամանքի մասին: Մինչ գերեզմանի բացումը, եւ թաղման բյուրոն, եւ հանգուցյալ Գ. Խաչատրյանի հարազատները պնդում էին, որ ես տեղի հարցում սխալվում եմ, իսկ իմ ճշմարտացիությունը ապացուցելուց հետո երկու կողմերը, խոսքները մեկ արած, քննությանը մոլորեցնում են նրանով, որ իբր թե իրենք «միամտաբար» սխալվել են: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը բարձր ամբիոնից արդարացի կերպով զայրացած ասում է. պարզվում է՝ գերեզմանատեղերը, համոթ մեզ, վաճառվում են: Իսկ այս դեպքում քննությունը չի կարողացել գտնել ապացույցները, որ հանգուցյալ Հ. Չիթիրյանի գերեզմանատեղը պարզապես վաճառվել է: Քանի որ թաղման բյուրոյի ներկայացուցիչները եւս հայտարարություններ են անում, բայց հակառակ իմաստով ստացվում է, որ նրանք համարում են, որ վարչապետը փաստեր է խեղաթյուրում, միանշանակ՝ ոչ։ Ես հակված եմ մտածելու, որ թաղման բյուրոն է, մեղմ ասած, փեստերը խեղաթյուրում։ Համարվում է, որ եւ թաղման բյուրոն, եւ նրա կլիենտը սխալվել են: Եվ քանի որ մարդը ի ծնե սխալական է, հետաքրքիր է, թե տարեկան քանի՞ այդպիսի սխալ է տեղի ունենում:
Հավանաբար, այդպիսի վիճակագրություն գոյություն չունի եւ քանի որ ոչ միայն վիճակագրություն, այլ նաեւ թաղումատեղերի քարտեզագրում չկա, այդպիսի «սխալները» միշտ կլինեն… Դրան հակառակ, ժողովրդական բանավոր, ոչ պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ նման «միամիտ սխալներ» հաճախ են պատահում: Թաղման բյուրոյի աշխատակիցները տեսախցիկի առաջ հայտարարում են, որ իրենք օրենքով են աշխատում եւ գերեզմանատեղերը անվճար են տրամադրվում, դե, իսկ երբ տեսախցիկ չկա եւ սովորական աշխատանքային պահ է…
Սակայն արդեն բավականին ժամանակ է անցել՝ մեկ տարուց ավելի, բայց ոչ պատասխան տվող կա, ոչ էլ սխալը ուղղող:
Եվ մենք այսպիսի պատահական կեղտոտ սխալներով ուզում ենք մաքուր եւ օրինապաշտ պետություն կառուցել մեր սերունդների համար: Նման արարքները եւ դրանք ճիշտ չորակելը, անպատիժ թողնելը թուլացնում են ժողովրդի հավատը մեր պետության եւ նրա ապագայի նկատմամբ: Նման բաների առկայությունը եւս նպաստում է երկրից արտահոսքի ավելացմանը (թաղման բյուրոյի աչքը լույս):