Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԲԵՐՔՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Հոկտեմբեր 05,2011 00:00

Մարզպետարան բողոք չներկայացնող գյուղացիները իրենց դարդերը թերթին են պատմում՝ խնդրելով իրենց անունները թաքուն պահել:

\"\"
Խողովակն ու դրա համար փորված փոսը մեկտեղվելու փոխարեն Աղբերքում զուգահեռ ու անջատ կյանքերով են ապրում:

Դեռեւս 2009 թվականի մայիսի 1-ին «Հարյուրավոր խախտումներ 12 համայնքներում» հրապարակմամբ ներկայացրել ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության իրականացրած «ՏԻՄ գործունեության հրապարակայնության, թափանցիկության, համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու մասին» մոնիտորինգի արդյունքները: Ի թիվս այլ գյուղերի, ուսումնասիրվել էր նաեւ Աղբերք գյուղը, ուր բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել. օրինակ՝ համայնքապետարանի վրա ՀՀ դրոշը տեղադրված չի եղել, չի հրապարակվել 2007 թվականի բյուջեի կատարողականը, 2008-ի բյուջեն, 2008-ի եռամսյա եւ կիսամյակային կատարողականները, համայնքապետարանում բացակայում են ավագանու նիստի եւ օրակարգի մասին, տեղական վճարների եւ տուրքերի չափերի մասին տեղեկությունները, գյուղապետարանը չի ջեռուցվում: Մոնիտորինգի անցկացման պահին՝ 2008 թվականի հուլիսին գյուղապետարանը աստիճաններ չի ունեցել, օգոստոսին փայտեր են շարվել, աստիճան է ստացվել, սակայն փայտերը իրար չեն ամրացվել ու նոյեմբերին գյուղապետարանը կրկին անհասանելի էր: Աղբերքում հենց համայնքապետարանի ներսում փակցված է եղել Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառը, իսկ սա բացահայտ օրինախախտում է:
Աղբերքի գյուղապետը վերջին 5 տարում հանրապետական Արթուր Երիցյանն է: Այս խախտումներից հետո նա նախատինքի ոչ մի խոսք չի լսել, իսկ մենք Աղբերքից նոր բողոք ենք ստացել:
Բողոքող աղբերքցիները խնդրեցին իրենց անունները չհրապարակել: Սա արդեն նշանակում է, որ հազիվ 250 բնակիչ ունեցող գյուղում ինչ-որ բան այն չէ: Իսկ բողոքը հետեւյալն է: Ըստ գյուղացիների, 12-14 միլիոն դրամով պետք է գյուղում խմելու ջրի ցանց անցկացվեր: Փողը ծախսվել է, բայց ցանցը կիսատ է կառուցվել եւ չի գործում: Ութ միլիոն դրամով պետք է գազատար անցկացվեր: Փողը ծախսվել է, գյուղը դեռ գազիֆիկացված չէ, Արթուր Երիցյանը մի անասնատիրոջ կարող է մի քանի հեկտար խոտհարք տալ, մյուսին՝ ոչ մի քմ: Կամ՝ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերը 1000-1200 քմ կտորներով վաճառել է գյուղի բնակիչներին՝ 160-170 հազար դրամով, դրսի՝ ոչ աղբերքցի գնորդներին՝ 500-600 հազար դրամով, սակայն գյուղի բյուջե ամեն գործարքից մտել է միայն 100-105 հազար դրամ:
Մեզ հետ զրույցում այս բոլոր բողոք-մեղադրանքներին ի պատասխան, Արթուր Երիցյանը մոտավորապես նույն պատասխանը տվեց. խմելու ջրի ցանցի համար նման գումար չի ծախսվել, գազիֆիկացման աշխատանքները արվել են այնքան, որքան գումարն է բավանակացրել, խոտհարքները տրվում են մրցույթով՝ «մեկը կարող է 50 հեկտար շահի, մյուսը՝ ոչինչ: Դա արվում է հողային օրենսգրքով»: Հողակտորների մի գնով վաճառելու պակաս գումար բյուջե մուտք անելու մասին էլ ասաց՝ նման բան չկա, սուտ է:
Աղբերքցիների բողոքի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետարանից: Պարզվեց, որ ոչ մի աղբերքցի գյուղապետ Արթուր Երիցյանի դեմ որեւէ բողոք Գեղարքունիքի մարզպետարան չի ներկայացրել: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տվյալներով, «2007 թվականին Աղբերք համայնքում 700 գծամետր գազատարի արտաքին ցանցի կառուցման համար համայնքի ֆոնդային բյուջեից ծախսվել է 6,1 միլիոն դրամ: 2009 թվականին Աղբերք համայնքի ֆոնդային բյուջեից ծախսվել է 3 միլիոն դրամ՝ համայնքում 173 գծամետր գազատարի խողովակաշար եւ գազակարգավորիչ կայան կառուցելու համար»: Ջրի մասին, ըստ մարզպետարանի. «2011 թվականին Աղբերք համայնքի ֆոնդային բյուջեից ծախսվել է 2 մլն 200 հազար դրամ՝ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի եւ վերնամասային կառույցների մասնակի վերանորոգման համար»:
Եվ վերջապես հողը թանկ վաճառելու, գումարի մի մասը գրպանելու մեղադրանքի մասին: Մարզպետարանից տեղեկացանք, որ «2009-10 թթ. Աղբերք համայնքում աճուրդ-վաճառքով իրացվել է 0,08 հա չափաբաժնով 190 հողակտոր: Յուրաքանչյուր չափաբաժնից համայնքի բյուջե մուտք է եղել 160-170 հազար դրամ, որից 100 800 դրամը՝ որպես հողի աճուրդային արժեք, իսկ մնացած գումարը՝ որպես տվյալ բնակչի հողի վարձավճար, եւս մուտք է եղել համայնքի բյուջե, եւ վճարողին տրամադրվել համապատասխան կտրոն»:
Իսկ որ բողոքող աղբերքցիները չեն ուզում ներկայանալ՝ գյուղապետի, մարզպետի կամ մարզպետարանի պարզաբանմանը կարոտ խնդիր չէ: Ցավոք, Աղբերքը միակ համայնքը չէ, ուր մարդիկ անպաշտպան են որեւէ պաշտոնյայի դեմ ու պարզապես վախենում են հրապարակավ հանդես գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել