Երեկ մի խումբ երիտասարդներ, որոնք հանդես էին գալիս «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությամբ, տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի առջեւ «Նախարար, «Գազելով» հեռացի՛ր» բովանդակությամբ ցուցապաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը: Երիտասարդներն իրենց նման պահանջը այսպես էին բացատրում. «Չնայած որ քաղաքապետի, տրանսպորտի պատասխանատուների կողմից խոստացվել էր բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը՝ ավտոբուսներով փոխարինել «գազելները» եւ այլն, սակայն մենք՝ օգտվողներս ոչ մի փոփոխություն չենք նկատել: Երկրորդ պատճառն այն է, որ մարզային տրանսպորտը չգործեց մի քանի օր շարունակ, եւ որի շուրջ մեր խմբի անդամները մի քանի օր աշխատանք տարան, եւ մեդիա գրոհ կազմակերպվեց տվյալ թեմայի շուրջ, հստակ պատասխան մենք որեւէ մեկից չենք կարողանում ստանալ, թե ինչու չի գործում այդ տրանսպորտը»: Երեկ նախարարության մամուլի պատասխանատու Պետրոս Դեմիրճյանը հայտնեց, որ իրենք շատ զբաղված են Բագրատաշենի սողանքի խնդրի հետ կապված, բայց չեն կարծում, որ տրանսպորտի նորմալ երթեւեկությունը, մասնավորապես Արմավիրի տրանսպորտի երթեւեկությունը որեւէ կապ ունի այդ խնդիրների հետ: