Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլի ցուցահանդես

Հոկտեմբեր 05,2011 00:00

Կարտոֆիլագործները դժգոհ են սպառման շուկայից

\"\"

Երեկ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի միջանցքում կարտոֆիլի ցուցահանդես էր կազմակերպվել. նշվում էր շիրակցի ֆերմերների ու  կարտոֆիլի արտադրությամբ, սերմաբուծությամբ եւ վերամշակմամբ զբաղվող հոլանդական հանրահայտ «Ագրիկո» ընկերության հետ համագործակցության 20-ամյակը: Լրագրողները, տեսնելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, դարձյալ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են պարենային մթերքների գներն աճում: Նախարարը, սակայն, իրեն հատուկ լավատեսությամբ սկսեց բացատրել, որ, օրինակ, կարտոֆիլի գներն արդեն իջնում են, դաշտերից կարտոֆիլը վաճառվում է 140 դրամով, ինչը լավ ցուցանիշ է, քանի որը, ըստ նախարարի, ընդամենը 1 ամիս առաջ  շուկայում այն հասել էր մինչեւ 250 դրամի, իսկ այժմ  իջել է 170-180 դրամի: Նախարարը, նաեւ գովազդելով հոլանդական այս ընկերության հետ համագործակցությունը, ասաց. «Այսօր մենք ունենք լուրջ գործընկեր՝ հանձին այս կազմակերպության, որի միջոցով տարեկան հանրապետություն ենք ներկրում մինչեւ 2000 տոննա «ա» դասի կարտոֆիլի տնկանյութ եւ տալիս ենք  ֆերմերային տնտեսություններին, սա մեծ նշանակություն ունի մեր կարտոֆիլագործության համար, որովհետեւ նախկինում մենք ներկրող երկրից այսօր վերածվել ենք արտահանող երկրի: Եվ մեզ մոտ արտադրվում է տարեկան մինչեւ  500000 տոննա բարձրորակ կարտոֆիլ: Այս տարի մենք կունենանք ավելի շատ բերք, որովհետեւ ցանքերի որոշակի ավելացում է նկատվում, եւ բերքահավաքը արդեն մի քանի օր սկսվել է, առաջին նախադրյալները կան հաստատելու, որ մենք կստանանք մինչեւ 550000-570000 տոննա բերք, եթե անցած տարի միջին բերքատվությունը կազմել էր 206 ցենտներ՝ մեկ հեկտարից, այս տարի մենք ստանում ենք 221 ցենտներ բերք՝ 1 հեկտարից, սա լուրջ առաջընթաց է մեր երկրի համար»: Հակառակ Սերգո Կարապետյանի, Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը «Առավոտի» հետ զրույցում մեկ անգամ եւս փաստեց, որ  իրենք մեծ խնդիր ունեն իրացման շուկայի հետ կապված, նույնիսկ ստիպված են եղել կրճատել ցանքատարածությունները: «Եթե հանրապետության մյուս շուկաներում, առավել եւս մայրաքաղաքում կարտոֆիլի մանրածախ արժեքը 250-300 դրամ է, ապա մեր ֆերմերներից մեծածախ արժեքով տարվում է 130-140 դրամով, այսինքն՝ իրացնողները ավելի շատ եկամուտ են ստանում, քան արտադրողները, այս պահին արտադրողներին մեծ հարված է  հասնում, արդյունքում նաեւ տուժում է սպառողը, առավել եւս խոցելի խավը, որոնց ընտանեկան զամբյուղը շատ քիչ է կամ գրեթե չկա»,- ասաց Ազատանի գյուղապետը՝ նշելով, որ պետական մակարդակով դեռեւս կարգավորված չէ առանց միջնորդների ապրանքն իրացնելու հարցը. «Մենք  բազմիցս առաջարկություններ ենք ներկայացրել կառավարություն, գյուղնախարարություն, որպեզի մեր հանրապետությունում ձեւավորվեն մեծածախ առեւտրի շուկաներ, որը հնարավորություն կընձեռի մեր ֆերմերային տնտեսություններին առանց վախենալու, առանց վարանելու արտադրել գյուղատնտեսական բոլոր կուլտուրաները` իրացման մտավախություն չունենալով: Մինչ օրս մեր ֆերմերային տնտեսությունները հույսը դնում են հանրապետության շուկաների՝ մասնավոր հատվածի եւ հարեւան երկրների արտահանողների վրա, որը ռիսկային է եւ երբեմն հենց դա է մտավախությունը, որ այսօր, նախկին տարիների համեմատությամբ, կրճատվել են  կարտոֆիլի ցանքատարածությունները, գինն էլ թանկացել է»: Նշենք, որ կարտոֆիլի գինը ներկա պահին Գյումրիի շուկաներում 1 կգ-ն 200 դրամ է, որը շիրակցիները դարձյալ թանկ են համարում: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում  կարտոֆիլի գինը կտրուկ թանկացավ այն պահից սկսած, երբ ազատանցիները կարտոֆիլ մթերեցին բանակի համար, սակայն միջնորդները էժան գներով  ու «նիսյայով» տանելով ապրանքը, գյուղացիներից շատերին այդպես էլ խաբեցին, վերջիններս էլ, պարտքերի տակ ընկնելով, անտեր ու անմշակ թողեցին դաշտերն ու գերադասեցին խոպան գնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել