Նման ցանկություն ունեն խոշոր գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչները
Արթուր Բալոյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանում վաղուց արդեն խզվել են գիրք-գրախանութ եւ գիրք-գնորդ կապերը: Դա պայմանավորված է առաջին հերթին գրախանութների ցանցի բացակայությամբ, գրքի առեւտրի ոլորտում պետական քաղաքականության ոչ հստակ մոտեցումներով, ինչպես նաեւ գրքի առեւտուրը համակարգող համապատասխան կառույցի անտեսմամբ:
Մեր զրուցակիցները՝ «Անտարես մեդիա» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հայգիրք» եւ «Մեկ պրինտ» գրախանութների ու տպագրության սրահների ցանցի տնօրեն Արթուր Բալոյանը, համակարծիք լինելով վերը նշվածի հետ, հավելեցին, թե գրքի մեծածախ իրացումը կատարվում է պետության կողմից, եւ պետությունն ինքը դարձել է այդ ապրանքի հիմնական գնորդ: Սա, անշուշտ, անընդունելի է գրախանութների համար, մինչդեռ խորհրդային տարիներին գրքի վաճառքով զբաղվող «Հայգիրք» միավորման հետ այս գործառույթն իրականացնում էր Գրքասերների միությունը: Այսօր Հայաստանում գործող սակավաթիվ գրախանութների վաճառողները գրքի առեւտրի մոդեռնացման նպատակով ցանկանում են վերականգնել միության գաղափարը, այն կոչելով «Գրախանութների միություն»: Այս մասին հայտնեց Ա. Բալոյանը:
Ա. Մարտիրոսյանն էլ նշեց, որ «Գրախանութների միությունով» ցանկանում են ստեղծել մեծածախ գրավաճառ կազմակերպություն: Ըստ նրա՝ եթե բոլոր դպրոցահասակ երեխաները գիրք գնելու նպատակով այցելեին գրախանութներ, ապա «ամեն մի երեխայի քթին դիպած կլիներ գրքի հոտը, կտեսնեին բազմազանությունը: Ի վերջո, ծնողը, եւ ոչ միայն, տեղյակ կլիներ, թե ինչ նոր գրքեր են լույս տեսել, պետությունը կգներ միայն որակյալ գրքեր՝ անհրաժեշտ քանակությամբ: Եվ, որ ամենակարեւորն է, կունենայինք գրախանութներ»: Դիտարկմանը, թե հրատարակիչներդ անգործ չեք նստում. գրքեր տպվում են եւ լավ թե վատ՝ ունենք գրախանութներ՝ թեկուզ մատների վրա հաշվված, պարոն Մարտիրոսյանը հայտնեց. «Մեր պահեստները տրաքում են գրքերից: Դրանք տպագրում ենք մեր նախաձեռնությամբ: Բայց գործող գրախանութները հիմնականում գրենական պիտույքների բարձրակարգ տեսականի եւ ռուսալեզու գրականություն են առաջարկում: Պետք է հասկանալ, որ մեր երկրում գրքի նման վիճակը հայելին է հասարակության: Ի դեպ, գիրքն ազատված չէ ԱԱՀ-ից…»:
Ռեպլիկին էլ՝ գուցե գրախանութներում հայտնվող գրքերը մեր հասարակությանը մատչելի՞ չեն, «Առավոտի» զրուցակիցները միաբերան օրինակ բերեցին հարեւան Վրաստանին, հավաստիացնելով, թե այնտեղ գիրքն ավելի թանկ է, վաճառքն էլ՝ մոտ երկուսուկես անգամ ավելի է: «Անտարեսի» նախագահը հավելեց, թե կոնկրետ իրենք Վրաստանից, պատահել է, որ տարվա ընթացքում նույնանուն գրքի տպագրման պատվեր մի քանի անգամ են ունեցել:
«Առավոտի» տեղեկություններով, շինանյութ արտադրող եւ շինարարական աշխատանքներ իրականացնող «Սագա» կազմակերպությունը դեռեւս գարնան վերջին առաջարկել է պետությանը՝ Հայաստանի 48 քաղաքներում կառուցել տիպային՝ մոտ 50 քմ մակերեսով գրախանութներ, որոնք կարող են ծառայել նաեւ որպես մշակույթի կենտրոններ, ցուցահանդեսներ անցկացնելու վայրեր, սակայն մինչ օրս պատասխան չկա: Սա հաստատեցին նաեւ Ա. Մարտիրոսյանը եւ Ա. Բալոյանը, ցավով նշեցին միայն, որ եթե քաղաքապետարանները տային համապատասխան տարածքներ, ապա 48 քաղաքներ կունենային մեկական ժամանակակից գրախանութ, սակայն «Սագայի» նամակն ընդունվել է ընդամենը ի գիտություն: