Երեկ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախումբը մի առանձին հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի՝ վերջերս «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ եւ նաեւ երկու օր առաջ Հայաստանի ընդդիմության, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արած «դեսպանի կարգավիճակին անհարիր արտահայտություններին»: Ի դեպ, վերջին անգամ դեսպանը, ըստ ՀԱԿ-ի, ոչ միայն կրկնել է «Սիվիլիթասում» արած իր արտահայտությունները, այլեւ պնդել, որ դա անելով՝ ճիշտ է վարվել; Կոնգրեսի հանձնախմբի դիտարկմամբ, դեսպանի «քննադատությունը զարմանալիորեն միակողմանի է՝ ուղղված միայն ընդդիմության եւ նրա առաջնորդի դեմ։ Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին՝ երբեւէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչը արդեն, իրոք, դեսպանի կոչումն ու պարտականությունն է: Գերմանիայի դեսպանի այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն ՀՀ ներքին գործերին եւ բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին։ Այս փաստի վրա հրավիրում ենք ԳԴՀ կառավարության ուշադրությունը։ Վստահ ենք, որ դեսպանի պահվածքը չի արտահայտում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը եւ թելադրված է այլ դրդապատճառներով»: