ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 3-ին հարց ուղղեց ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին, թե ինչ միջոցներ են ձեռնարկել Թուրքիայում լրագրողների ազատազրկման ու Հրանտ Դինքի գործով արդարության շարունակական բացակայության խնդիրները լուծելու համար: Նախարարը պատասխանեց. «Ինչպես եւ այլ երկրներում՝ նման խնդիրները պետք է ենթարկվեն մանրակրկիտ վերլուծության, եւ ես ձեզ կզեկուցեմ Նախարարների կոմիտեի որոշման մասին, երբ այն ընդունվի»:
Թուրքիայի Բոդրում քաղաքում սպանված 74-ամյա հայազգի Արման Ազաքի մասին էր ցանկանում հարց ուղղել նաեւ մեր պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նաիրա Զոհրաբյանը, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահից հետաքրքրվելով, թե չի՞ կարծում արդյոք, որ նման դեպքերը «հետեւանք են հայերի հանդեպ այդ երկրում տարվող հայատյացության քաղաքականության»: Սակայն ինչպես մեզ փոխանցեց տիկին Զոհրաբյանը՝ տեղի էր ունեցել հետեւյալը. «Դրանից ընդամենը 2 ժամ առաջ ստուգել էի՝ Ուկրաինայի ԱԳ նախարարին հարց տվողների ցուցակում ես 8-րդն էի: Բայց երբ բաժանվեց այդ ցուցակը՝ ես արդեն ցանկը եզրափակողների մեջ էի՝ 19-րդը»: Օգտվելով վարման կարգի մասին խոսելու իրավունքից՝ նա մոտեցավ Մեւլութ Չավուշօղլուին եւ նրա մեջքը հրելով՝ ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ անելու: Հերթական անգամ պրն Չավուշօղլուն կամայականություն է դրսեւորում իմ հանդեպ՝ որպես հայկական պատվիրակության անդամի: Եվ սա այլ կերպ, քան պաշտոնեական դիրքի չարաշահում՝ չեմ գնահատում»: Կանոնակարգը թույլ է տալիս ԵԽԽՎ նախագահին փոփոխություններ անել հրավիրյալներին հարց տվողների պարագայում, եւ հենց դա էլ ի պատասխան ակնարկեց պրն Չավուշօղլուն՝ Նաիրա Զոհրաբյանին կոչ անելով. «Խնդրում եմ հարգել մեր կանոնները»:
Ի դեպ, հարց ուղղեց նաեւ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտոնական տվյալները, նա պնդեց, թե ՀՀ-ում վերջերս կրկնապատկվել է թմրանյութերի շրջանառությունը: Եվ հայտարարելով, թե թմրանյութերն աճեցվում են Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում՝ հարցրեց, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու ԵԽ նախարարների կոմիտեն՝ կանխելու այս գործընթացը: Պրն Գրիշչենկոն ասաց, թե այս փուլում պատրաստ չէ պատասխանել այդ հարցին: