Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականն ասում է՝ ճիշտը ՀԱԿ-ի ակցիան արգելելն է

Հոկտեմբեր 05,2011 00:00

ՀԱԿ-ը հրաժարվում է շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելու գնով իշխանության հետ երկխոսությունը վերսկսել, իսկ ՀՅԴ-ն այս երկուսի «երկխոսության» վերջաբանը չի տեսնում:

Երեկ ՀՀԿ փոխնախագահ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ասուլիսում հայտարարել էր, թե Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքն անօրինական է, եւ օրինաչափ էր համարել, եթե ոստիկանությունն այն արգելի: Ավելին, նա համոզմունք է հայտնել, որ ոստիկանությունը պիտի արգելեր շուրջօրյա նստացույցը, բայց, ըստ պատգամավորի, ոստիկանությունը «խախտել է օրենքներն ու Սահմանադրությունը» եւ չի իրականացնում իր լիազորությունները եւ «լավ չի արել»: Սահակյանի կարծիքով՝ ոստիկանությունը փորձել է շահել մարդկանց համակրանքը, բայց դա «կարող է բացասական հետեւանքներ ունենալ»: ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծացել է՝ ասելով նաեւ, որ եթե իրեն հարցնեին՝ ինքը նույնիսկ մեկ օր թույլ չէր տա այդ ակցիաները: Ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝  չի՞ կարծում, որ ընթացող շուրջօրյա հանրահավաքի արգելումը կարող է հանգեցնել բախումների եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կրկնությանը, Սահակյանը պատասխանել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզենա՝ կլինի, չուզենա՝ չի լինի»:
Առայժմ, սակայն, հայտնի է, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած եւ Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը շուրջօրյա հանրահավաք նախաձեռնած ՀԱԿ-ը երեկ պատասխանել է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների՝ նախօրեին տարածած հայտարարությանն առ այն, թե «ՀՀ իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսությունն անարդյունավետ է համարում ՀԱԿ-ի անօրինական շուրջօրյա ակցիայի պայմաններում»: Ասել է թե՝ հակառակ պարագայում կոալիցիոն ուժերը ՀԱԿ-ի հետ երկխոսության սեղանի շուրջ չեն նստի:
Պատասխանն այս՝ ՀԱԿ-ի կողմից երկխոսությունը վերսկսելու առաջարկին, երեկ ստացավ ի՛ր պատասխանը: Կոնգրեսը հայտարարեց, որ «դնելով նման պայման՝ իշխանություններն ապացուցում են հավաքների ազատությունը մերժող իրենց հակադեմոկրատական բնույթը, ինչպես նաեւ փորձում են նենգափոխել օրինական իշխանության ձեւավորման համար պայքարող ժողովրդի եւ ոչ օրինակարգ իշխանության միջեւ հակամարտության էությունը մի քանի վրանի տեղադրման օրինականության շուրջ անհեթեթ վիճաբանությամբ: Նման պահվածքը նաեւ մատնում է իշխանության վախը Ազատության հրապարակում մեր կազմակերպած հանրահավաքների նկատմամբ», եւ հավելեց, որ «ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն, եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ:
Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր ՀԱԿ-ի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք՝ ընդառաջե՞լ, թե՞ ոչ նշված խնդրանքին»:
Ահա այսպիսի խառը պատմություն: Իսկ սրան կողքից հետեւող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ցանկացած երկխոսություն ողջունելի է, թեեւ ՀՅԴ-ն դեմ է այնպիսի պայմանավորվածությունների, որոնք չեն արտացոլում ազգային շահերը, առավել եւս՝ գաղտնի են պահվում. «Մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը: Կարծում եմ՝ երկու քաղաքական ուժերն էլ, այնուամենայնիվ, չեն արտացոլում ամբողջ քաղաքական ներկապնակը, ուստի՝ այս երկխոսությունը կարելի էր համարել կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսություն, որի վերջաբանը չեմ կարող կռահել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել