Ըստ ԵԽԽՎ 79 կողմ, 18 դեմ, 2 ձեռնպահ ձայներով երեկ ընդունած բանաձեւի՝ ինքնորոշման իրավունքը չի ընձեռում անջատման ավտոմատ իրավունք:
ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց «Ազգային ինքնիշխանության եւ պետականության ժամանակակից միջազգային իրավունք. անհրաժեշտ պարզաբանում» բանաձեւի նախագիծը, որի հեղինակը՝ Գերմանիայի պատվիրակ Մարինա Շուստերը (լուսանկարում), զեկույցում պարզաբանել է, թե ինքնորոշումն առաջին հերթին պետք է իրականացվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ճանապարհով, ինչպես նախատեսված է ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային համաձայնագրով. «Բոլոր անդամ երկրները հետեւաբար պետք է զերծ մնան ճանաչելուց կամ որեւէ կերպ աջակցելուց ապօրինի անջատումների հետեւանքով առաջացած տարածքների դե-ֆակտո իշխանություններին, մասնավորապես այնպիսի, որոնք վայելում են օտարերկրյա ռազմական միջամտության աջակցություն»:
Թերեւս ակնհայտ է, որ սա խիստ վտանգավոր բանաձեւ կարող է դառնալ ԼՂՀ համար: Ուստի Հայաստանի պատվիրակությունն արել էր ներկայացված 24 առաջարկների մեծամասնությունը՝ 15 փոփոխություններ, որոնց ներքո ստորագրել էին եւ իշխանական, եւ ընդդիմադիր անդամները: Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել էր այդ 15 ուղղումներից ընդամենը 3-ը, այդպես վարվեց նաեւ ԵԽԽՎ-ն:
Բանաձեւում նշվում է, որ ԵԽ անդամ մի շարք տարածքներ ձգտում են ճանաչվել իբրեւ անկախ պետություններ, եւ հավելված է. «Պետականության չափանիշը դեռեւս վիճելի հարց է ժամանակակից միջազգային իրավունքի համաձայն»: Մեր պատվիրակներն առաջարկել էին հավելում, որը չընդունվեց, թե նաեւ օրինական անջատումն է մնում վիճահարույց խնդիր՝ ինքնորոշման իրավունքի համատեքստում:
Բանաձեւի 3-րդ կետում նշված է. «Օրինական անջատման եւ պետականության ստեղծման հստակ չափանիշների բացակայությունը խրախուսել է անջատողական բազմաթիվ շարժումների առաջացումը եւ դրանով սպառնում է առկա պետությունների խաղաղությանը, կայունությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Հայաստանի պատվիրակությունն առաջարկել էր շարունակել այս նախադասությունը հետեւյալ կերպ, թե մյուս կողմից էլ՝ սպառնալիք են ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության պակասը: Ընդունվեց այս մի փոփոխությունը: Սակայն չընդունվեց «սպառնում է» բառերը «կարող է սպառնալ» արտահայտությամբ փոխարինելու առաջարկը:
Հայ պատվիրակներն ապարդյուն առաջարկել էին ընդհանրապես հանել բանաձեւի նախագծի 8.2 կետը, որով Վեհաժողովն առաջարկում է իր անդամ բոլոր երկրներին ձեռնպահ մնալ ճանաչելուց կամ աջակցելուց անջատված տարածքների փաստացի իշխանություններին: Եվ փոխարենն առաջարկել էին նոր դրույթ հավելել, թե հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա: Ընդունվեց այս հռչակագրային ուղղումը եւ մեկ ուրիշը, որում հիշատակվում են միջազգային իրավունքի համապատասխան գործիքները:
Բանաձեւի 8.3 կետում առաջարկվում է, որ պետականության չափանիշները՝ այդ թվում նաեւ նոր պետությունների օրինական անջատման եւ ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքները պետք է մանրակրկիտ քննվեն գումարվելիք համաժողովում: Իսկ հայ պատվիրակներն առաջարկել էին լրացում, թե այդ քննարկումն իրականացվելու է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի համատեքստում: Մարինա Շուստերն ու ԵԽԽՎ-ն դեմ էին անգամ այս առաջարկին:
Ելույթների համար հերթագրվել էին հայ եւ ադրբեջանցի բազմաթիվ պատվիրակներ: Անկախ պատգամավոր Այդին Աբբասովը հայտարարեց, թե ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ Ռաֆայել Հուսեյնովը պնդեց, թե Հայաստանի մեծ մասը՝ անգամ Երեւանը, իրենց են պատկանել, եւ սպառնաց. «Անջատողականությունը չպատժելը կծնի նոր անջատողականություն»: Հօգուտ բանաձեւի ելույթ ունեցավ նաեւ ռուս պատվիրակ Լեոնիդ Սլուցկին, թեեւ ռուս պատվիրակներից 2-ը հետո հայ պատվիրակների պես դեմ քվեարկեցին բանաձեւին: Բանաձեւին ողջ կազմով դեմ էր քվեարկել Թուրքիայի պատվիրակությունը:
Զարուհի Փոստանջյանը ելույթում հայտարարեց, թե ԼՂ-ն համապատասխանում է պետականության բոլոր չափանիշներին՝ իրականացվել են ժողովրդավարական ընտրություններ եւ այլն: Նույն պնդումն արեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որը ելույթում հիշեցրեց. «1952թ. դեկտեմբերի 16-ի բանաձեւում ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»։ Այսինքն՝ ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ուստի, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետեւաբար՝ միջազգային իրավունքի խախտում»: Եվ նա, եւ Դավիթ Հարությունյանը հիշատակեցին մի օրինակ, որը հետո արժանացավ զեկուցողի՝ Մարինա Շուստերի առարկությանը: Իսկ հայ պատվիրակները հիշեցրել էին Հաագայի Արդարադատության դատարանի վճիռը Կոսովոյի վերաբերյալ, որը փաստում է՝ անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին: Դավիթ Հարությունյանը նաեւ հիշեցրել էր. «Եթե Եվրոպայի խորհուրդը լիներ «առկա պետությունների տարածքային ամբողջականության» պաշտպանության տարածաշրջանային ֆորում՝ Վեհաժողովում մեր շարքերն ավելի նոսր կլինեին: Միակողմանի մեղադրանքներն անջատողական շարժումների հասցեին Եվրոպայում կամ այլուր անդորրը խախտելու համար նշանակում են փակել աչքերը հիմնական դրդապատճառների վրա, որոնք առաջնորդում են ազգային-ազատագրական շարժումների այդ հիմնական մասին՝ նկատի ունեմ անհանդուրժելի պայմանները մարդու իրավունքների ոլորտում, ինչը մարդկանց դնում է բարդ ընտրության առջեւ՝ ոչնչացում կամ անջատում»:
Հ. Գ. Այս բանաձեւն ընդունած ԵԽԽՎ-ն առավոտյան քվեարկել էր հօգուտ Պաղեստինի Ազգային խորհրդին «Ժողովրդավարության ամրապնդման համար գործընկերոջ» կարգավիճակ տալու: Հարցի առնչությամբ ելույթ ունենալով՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե սա օրինակ է, թե ինչ դրական դեր կարող է խաղալ Եվրոպայի խորհուրդն այլ հակամարտություններում եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, ու նաեւ, որ ինչպես Պաղեստինի դեպքում է՝ ԼՂ ներկայացուցիչներն էլ նույն կերպ պետք է ներկա լինեն, երբ քննարկվում է նրանց ապագան: