Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանայք ունեն աբորտի իրավունք

Հոկտեմբեր 05,2011 00:00

ԵԽԽՎ-ն ընդունած բանաձեւով չհամաձայնեց այս դիրքորոշմանը

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն 81 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունեց նախածննդյան սեռի ընտրության վերաբերյալ բանաձեւ, որի 3-րդ կետում ամրագրված է, թե սեռերի բնական հարաբերակցությունը հասել է «մտահոգիչ համամասնությունների Ալբանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում, որտեղ տղաների թիվն աղջիկներին գերազանցում է 112/100-ով»: Վրաստանում այդ ցուցանիշը 111 տղա եւ 100 աղջիկ է: Բանաձեւի 9-րդ կետով Վեհաժողովը կոչ է անում այդ 4 երկրների իշխանություններին ուսումնասիրել այս երեւույթի պատճառները, բժշկական անձնակազմի համար կազմակերպել դասընթացներ՝ սեռի ընտրության եւ դրա վնասակար հետեւանքների մասին եւ այլն: ԵԽԽՎ-ն նաեւ առաջարկեց ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովին մինչծննդյան սեռի ընտրության հարցը դիտարկել իբրեւ կանանց նկատմամբ խտրականության ամրապնդում, երբ ուսումնասիրվի իրավիճակն Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
Բանաձեւին դեմ քվեարկած 3 պատվիրակներից մեկը Հայաստանի պատվիրակության անդամ, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Մելիքյանն էր, որը քննարկման ժամանակ ելույթում մասնավորապես ասաց, թե սա նուրբ խնդիր է, եւ պետք է որոշում ընդունելիս հաշվի առնել բոլոր կողմերը. «Ներառյալ կանանց իրավունքը՝ աբորտ անելու»: Եվ հիշատակեց, որ կան երկրներ, որտեղ ըստ սեռի ընտրության աբորտն օրինական է. «Կինը կարող է որոշել վիժեցնել պտուղը, եթե չի ցանկանում ունենալ այդ սեռի երեխա»: Սակայն նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ընդունում են այս խնդրի առկայությունը եւ պատրաստ են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները. «Մենք պետք է լիովին հասկանանք այն գործոնները, որոնք հանգեցնում են ըստ սեռի ընտրության աբորտների, քանի որ դրանք կարող են տարաբնույթ լինել տարբեր երկրներում: Հայաստանում պետք է հաշվի առնենք ըստ ծննդյան կարգի ազդեցությունը: Հայկական ընտանիքներում առաջին երեխաների սեռային համամասնությունը նորմալ է՝ 106 տղա յուրաքանչյուր 100 աղջկան, մինչդեռ երրորդ երեխայի համար հարաբերակցությունը 1.7/1-ի է»: Արմեն Մելիքյանն ընդգծեց, որ ցանկացած միջամտություն այս ոլորտում «պետք է լինի խիստ հավասարակշռված»: Ի դեպ, հիշատակեց, որ Չինաստանի կառավարությունն արգելել էր օգտագործել ուլտրաձայնային հետազոտությունը՝ դեռ չծնված երեխաների սեռը որոշելու համար, «սակայն այս միջոցն ապացուցել է իր լիովին արդյունավետությունը»:
Այս բանաձեւի հեղինակը՝ Շվեյցարիայի պատվիրակ Դորիս Սթամփն ամփոփիչ ելույթում ասաց, թե փաստաթղթից հանել են առաջարկը, որ երեխայի ծնողներից թաքցվի նրա սեռը. «Մենք սա ներառել էինք զեկույցում, քանի որ Հայաստանում եւ Վրաստանում կլինիկաներում ասել էին մեզ, թե իրենց քաղաքականությունն է ծնողներին սեռը չհայտնելը, քանի որ գիտեն, թե այդ պատճառով նրանք կարող են ընդհատել հղիությունը: Սակայն եւ ես, եւ դուք գիտենք, որ եթե անձնակազմից մեկը ծնողին չասի սեռը՝ նրանք այդ տեղեկատվությունը կարող են ստանալ ինչ-որ այլ տեղից՝ փողի դիմաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել