Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԾՈԾՐԱԿԻՆ ԶԳԱԼՈՒ Է ԿՈՆԳՐԵՍԻ ՇՈՒՆՉԸ»

Հոկտեմբեր 05,2011 00:00

\"\"ՀԱԿ ներկայացուցիչ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը համոզված է, որ ՀԱԿ-ը հասնելու է իր
նպատակին՝ սահմանադրական կարգի հաստատմանը:

– Կոալիցիայի աշխատանքային խումբը երեկ հրապարակեց իր հայտարարությունը, որով առաջարկեց երկխոսության թեմային վերադառնալ նստացույց-հանրահավաքային ակցիայի ավարտից հետո. ի՞նչ եք մտածում այս որոշման մասին:
– Դա էլ է այս երկխոսության կոնտեքստում տեղավորվում, մենք մեր իրավական գնահատականը տվել ենք, բավականին հիմնավորված, նրանք էլ հակադարձեցին իրենց իրավական, զուտ իշխանական տեսանկյունով:
Վերջին հաշվով, եթե անգամ շատ բարձր կարգի իրավաբան չլինես էլ, կհասկանաս, որ մերը հատու եւ հստակ է ասված, նրանց մեջ որոշակի «եթե»-ի խնդիրներ կան, այսինքն՝ նրանք մոտավորապես յոթանասուն տոկոսով ընդունում են այն, ինչ մենք ենք ասում, ուստի իրենց գնահատականների հետ մենք համամիտ չենք:
– «Եթե»-ների հարցը եթե լուծվի, կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունը կշարունակվի՞:
 – Գիտեք, եթե իշխանություններն այսօր այս երկրի, այս հասարակության, այս պետության առջեւ ծառացած խնդիրների կարեւորությունը հասկանան, այդ խնդիրները հասու լինեն իրենց եւ ոչ թե տղայական ամբիցիաներ, երբեմն անհասկանալի դրսեւորումներ լինեն որոշ՝ ոչ առաջին էշելոններում գտնվողների կողմից, չգիտեմ՝ դրանց կարելի՞ է քաղաքական գործիչ անվանել, ապա, իհարկե, իրենք որոշակի զիջումների պետք է գնան, որովհետեւ, վերջին հաշվով, բոլորս էլ հասկացանք, հատկապես վիկիլիքսյան բացահայտումներից հետո, որ այս երկրի խնդիրները միայն մեզ են հոգեհարազատ, մնացածը կարգին ու լավ լոզունգների քողի տակ թքած ունեն այս երկրի, այս երկրի շահերի եւ ամեն ինչի վրա: Սա բոլորը պետք է հասկանան՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը:
– Այս մեկշաբաթյա նստացույցերից, հանրահավաքներից հետո ի՞նչ է լինելու, հետո ի՞նչ է լինելու:
– Հետո՞, սա քաղաքական պրոցես է, քաղաքական պրոցեսները տարբեր դրսեւորումներ են ունենում՝ նստացույց, հանրահավաք, ասուլիսներ եւ այլն, այնպես որ՝ մենք երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն ենք լինելու: Իշխանությունը հույս չփայփայի՝ ստացվեց-չստացվեց, ամեն պահի իրենց ծոծրակին զգալու են ընդդիմության՝ հանձին Հայ ազգային կոնգրեսի, շունչը՝ մինչեւ այս երկրում կհաստատվի սահմանադրական կարգը, մինչեւ այս երկրում կձեւավորվի ժողովրդավարական իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն՝ արտահերթ ընտրություններով կլինի, թե հերթական, ֆորս-մաժորային իրավիճակ կլինի, թե ինչ, բայց միեւնույն է՝ մենք հասնելու ենք մեր նպատակին:
– Ձեզ այս հարցը ուղղում եմ որպես ՆԳ նախկին նախարար՝ այս օրերին, երբ դուք նստացույց-հանրահավաքներ եք անցկացնում, ինչպե՞ս է իրեն դրսեւորում ոստիկանությունը:
– Թու, թու, ոստիկանության լավ տեղը կմճտենք, իրենց շատ լավ են պահում, համենայնդեպս, գոնե հրապարակում իրենց վարքագիծը (ես չեմ խոսում այն մասին, թե ինչ ճանապարհներ են փակում, մարդկանց չեն թողնում գալ քաղաք, ակտիվիստների վրա ազդում են) նորմալ է, չասեմ՝ գովելի, աչքով կտամ:
– Ուրեմն՝ ի՞նչը փոխվեց, նույն ոստիկաննե՞րը չեն, ինչո՞ւ են, Ձեր կարծիքով, հիմա իրենց լավ պահում:
– Երեւի, որ շատ ասեցինք, բացատրեցինք օրենքները, իրենց վրա ազդեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել