Արդեն քանի օր է՝ չեն գործում Ազատության հրապարակի շրջակա հասարակական զուգարանները: Հարակից սրճարանների տերերը նույնպես վրանաբնակներին արգելում են օգտվել իրենց օբյեկտների զուգարաններից: Երեկ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ զուգարանների բացակայությունը, ճիշտ է, լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց դա պատճառ չէ, որ ընկճվեն: Քնքուշ Մելիքյանի խոսքերով. «Ստիպված ենք մոտակա տարածքում բնակվող բարեկամների կամ համախոհների տուն գնալ: Երեւի ուզում են, որ մեր արտաթորանքն այստեղ թողնենք, որ ասեն՝ տեսեք, Կոնգրեսն ինչ է անում»: Ցուցարար Մալխասյանի խոսքերով էլ՝ «Փակելով հասարակական զուգարանները՝ իշխանությունները նպատակ ունեին կոտրել իրենց, ստիպել, որ վախենան ու հետ քաշվեն, բայց դա խնդրի լուծում չէ»: Ի դեպ, ցույցի առաջին իսկ օրվանից հավաքարարները տարածքը դադարել են մաքրել, սակայն ցուցարարներն իրենց շուրջը մաքուր են պահում, ասելով՝ «Սա մեր տունն է, եւ այստեղ չկա իջեւանցի, մասիսցի, երեւանցի, այդ իրենք են ուզում մեզ տարանջատել»: