ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
/Հատվածներ վեպից/
Նվիրվում է անկախության 20-ամյակին
Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեւ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
Ու Բորիկը, ձեռքի գնդացիրը ոտքերի արանքում, ծխախոտը բերանին տանել-բերելով, թմբի վրա նստած՝ դեմն ու շուրջը նստոտած ու կքանստած, իրար թեւ-թիկունք տղաներին հապճեպ ու արագ-արագ բացատրում էր, ու ասաց՝ մեզ էդ է հանձնարարված, մեր ազատագրելիք տարածքն էդ է: Շեշտակի, արագ, մի շնչով մեր խաղողի այգիների միջով ու թուրքի գերեզմանի կողքի ճանապարհով իջնում ենք ու հոգեբուժարանը եւ նրա հետեւի թուրքի խաղողի այգիներում պատսպարված թուրքի դիրքերն ու թուրքի խաղողի այգիներից աջ ընկած, մինչեւ գետի բերանն ընկած տարածքը գրավում ենք մի շնչով ու մի հարվածով: Ու Բորիկն ասաց՝ երկար չենք լռվելու հիվանդանոցի վրա, էս երկու օրերը լաա՜վ նայել-տնտղել եմ հեռադիտակով, մի լաա՜վ տնտղել եմ. նախամուտքում մի քանիսը ինքնաձիգով կանգնած են ոլոր-մոլոր՝ իրենք էլ չգիտեն` ինչի՞ համար են կանգնած, մի քանիսն էլ հիվանդանոցի դիմացի լողավազանի կողքի թփերի շվաքում են ծույլ-ծույլ դանթում ամբողջ օրերով՝ ստվերոտ տեղ են ման գալիս իրենց պարապությունից: Մի-մի հատ՝ նռնակ ու վերջ՝ մեռած են, մեռած էլ չեն, նաղդ՝ շշմած-կարկամած են մեր անակնկալ հարձակումից: Իսկ մենք՝ առաջ, միայն՝ առաջ, ժամանակ չենք կորցնելու: Ու ասաց՝ ուղիղ դրանց հիմնական ուժերի վրա ենք գնալու, հիմնական ուժերի՝ նրանք հիմնականում խաղողի այգիներում փորված խրամատների եւ լավ կառուցված դզոտների ու դօտերի մեջ են դիրքավորվել: Ձեզ պահելով, տղե՛րք, իրար պահելով. վրաներդ կրակո՞ւմ են՝ գլուխներդ կոխեք՝ քարի, քոլի տակ, չե՞ն կրակում՝ առաջ: Առաջ՝ վաղը պիտի էդ տարածքը գրավենք, վաղը, կեսօրին մոտ, էդ տարածքը պիտի արդեն մերը լինի: Եվ Բորիկը մի շնչով ասաց իր ասելիքն, ու ձեռքի գնդացիրն ոտքերի արանքում պինդ բռնած-պահած, ինքն-իրեն մտքերով տարված ծխում էր, ու Էդոն ասաց` բա գժերին իղնչ ենք անելու, ու նորից, պատասխանի չսպասելով, անհամբեր ասաց՝ բա ի՞նչ ենք անելու գժերին, ու Բորիկին դիմահար նայելով, հարցական, «մի բան իմանալու նման», ասաց` բա գժերը՞: Ու Բորիկը, ծխախոտը բերանին եւ ձեռքի գնդացիրը ոտքերի արանքում, թմբի վրա նստած մտքերի մեջ խորասուզված մտածում-մտմտում էր, եւ անուշադիր էր Էդոյի տրված հարցին ու մի բան ասած լինելու համար, ցրված, անտարբեր-մտմտանքով ասաց` իղ նչ` գժերը: Ու Էդոն նորից երկրորդեց հարցն ու ասաց` մի հիվանդանոց լիքը գժեր են, հետո, նաեւ` բուժանձնակազմը, բուժանձնակազմին հասկացանք` ձեռքերդ` վեր, ու ձեռքերը վեր բարձրացնում ու գերի են հանձնվում, ու Լյովան գնում ու բոլո՜ր սպիտակ խալաթով, թեթեւ հագնված բժշկուհիներին, բոլորի՜ն` տակից-վերեւ «թեթեւ» ստուգում է` տրուսիկների մեջ` նագան, նռնակ, զենք-մենք հող չեն թաքցրել. էդ հասկացանք: Բա գժերը՞: Բա, որ նրանք էլ սպիտակ խալաթ հագնեն, ի՞նչ ենք անելու: Ու Բորիկն ասաց` հարցդ չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում: Եվ Էդոն, ծխախոտը բերանում հանգիստ ծամծմելով ու Լյովայի ուսին թիկն տված-կքանստած, հանգիստ ասաց` խի՞ չես հասկանում, բա որ թուրքերը երկու պալատից մեկում` իրենց կռվողներին են զոլավոր-հիվանդի շորեր հագցրել, զենքերն էլ անկողինների-տեղաշորերի մեջ թաքցրած-պառկեցրել` զոլավոր շորերի տակ մենք՝ ո՞նց տարբերենք, ո՞նց ջոկենք` որն է հիվանդ, եւ որը` կռվող: Որին գերի վերցնենք, եւ որն է… վտանգավոր: Բա, որ իրականում այդպիսի բան արած լինեն, մենք էլ բոլորին գերի վերցնենք, պալատները լցնենք-փակենք, մի հոգի, երկու հոգի վրաները կանգնեցնենք-առաջ շարժվենք: Բա, որ իրենց գժի տեղ դրածները, մեր առաջ շարժվելուց հետո, տեղաշորերի տակից զենքերը հանեն ու մեր թիկունքից մեզ վրա գան, ի՞նչ ենք անելու: Ու Բորիկն ասաց` լսե՛ք, ինչ եմ ասում: Ստեղ դետեկտիվ-մեդեկտիվ խաղալու բան չկա: Ես ձեզ ասում եմ՝ նրանք անտեղյակությունից-պարապությունից ստվերոտ տեղեր են ման գալիս՝ ձանձրանում են, դուք ստեղ ինձ արկածային կինոներ եք դեմ տալիս: Պետք չէ ամեն-ինչն այդքան դժվարացնել: Նախ, թուրքերը չգիտեն էլ, որ մենք վաղ-առավոտյան հարձակվելու ենք, որ հիվանդանոցում, գժերի մեջ, իրենց կռվողներին թաքցնեն մեր դեմ կռվելու համար: Երկրորդը, այդ ինչի՞ց եզրակացրիք, որ թուրքերը որոշել են գժանոցը մեզ հանձնել, որ հլը մի հատ էլ իրենց զինվորներին, մեր դեմ թաքուն գործելու համար, իրենց գժերի արանքում տեղավորեն: Ու Բորիկը նորից կրկնվեց ու ավելի մանրամասնեց ասածն ու նորից ասաց՝ էս երկու օրը լա՜վ հեռադիտակով տնտղել եմ` նրանք գժանոցի մոտ ու գժանոցից վերեւ, երկու պաշտպանական դիրք ունեն հինգական հոգով` թուրքի գերեզմանոցի կողքով իջնող մեր ճանապարհի բերանին եւ մեր խաղողի այգիների վերջում` գժանոցի բերանին: Մի քանի հոգի էլ գժանոցի պատերի տակ են, ինքնաձիգները գրկած, ոլոր-մոլոր-անկապ թափառում են: Ես դրանց մասին ձեզ արդեն ասել եմ՝ ժամանակ չենք կորցնելու ըտեղի վրա. նռնակներով ու շեշտակի: Մի շնչով անցնելու ենք գժանոցն ու իրա դիրքերը: Դժվարն ու ծանրը եւ վտանգավորը` հետո է լինելու: Հետո է լինելու: Գժանոցի հետեւը, նրանց խաղողի այգիներում, նրանք լավ պաշտպանություն են տեսել` բոլորը դզոտներ ու դօտեր է` հաստ հողով ծածկված: Դիմացն էլ՝ բա՜ց-բաց՝ մենք իրենց համար ափի մեջ ենք լինելու: Էդ ինչքա՞ն կթողնեն, որ մոտենանք, հլը նռնակ էլ շպրտենք վրաները: Իրենք էլ, իրար գլխի հավաքված, եկել-լցվել են՝ մեր դժվարությունը՝ ըտեղ է լինելու: Այ, էդ է դժվարն ու վտանգավորը: Բայց էլի զգուշացնում եմ՝ շեշտակի հարվածով ու մի շնչով: Ու նաեւ ասաց` թուրքի խաղողի այգիների դիրքերի վրա ես եմ գնալու մի 15-20 հոգով` մեր խաղողի այգիների վերջում, իմ ուղղությամբ՝ գժանոցի բերանին թուրքի դիրքերը գրավելուց հետո, իսկ գժանոցի վրա դու ես գնալու, Գենի՛կ՝ նրանց գերեզմանոցի կողքի ճանապարհով՝ դու ես գնալու: Մի 10-15 հոգի կվերցնես ու ինձ հետ միասին կիջնես: Հետո, գժանոցի տակ երկու խմբով իրար կմիանանք ու առաջ կշարժվենք: Եղա՞՛վ: Եվ Գենիկը կողքի նայելով ծուռ ժպտում էր, ու նրա` ծանր-դանդաղ-ուշացած պատասխաններն աչքի տակ ունենալով, Բորիկը սրտնեղած հարցրեց ու սրտնեղած ասաց` եղա՞վ: Եվ տղերքը սրտնեղած սպասում էին Գենիկի «հա» ու «չէին», ու Լյովան սրտնեղած ասաց, ասաց` ա՛ խոխա, արա՛, ա՛ խոխա, դու կարող ա՞ մեզ բոլորիս ինֆարկտի հասցնես քո «հա» ու «չէ»-ով: Խուլ ե՞ս, թե համր ե՞ս: Որ հարցը տալիս են, մի հա-ն ու չէ-ն ի՞նչ ա, որ տակից թույլ քածի նման մի լավ կոտրատվում ես մի կես ժամ մինչեւ համաձայնվում ու պատասխան ես տալիս: Կարո՞ղ ա դու ծնվել ես` մեզ ինֆարկտի հասցնելու համար: Ու տղերքը Լյովայի խոսքերից բերանները բաց ու խեթ-խեթ ու խնդմնդալով Գենիկին էին նայում, եւ սա գլուխը կախ, աչքերը գետնին հառած դեռեւս ծուռ-ծուռ ժպտում էր, բայց Բորիկը կարճ կապեց ու նորից Գենիկին էր նայում, եւ ասաց` գժանոցը քո վրա եմ թողնում, եղա՞վ: Էդ քո համար հեչ բան է: Ու նորից, առանց պատասխանի սպասելու, սրտնեղած ասաց` եղա՞վ: Ու Գենիկը «բոլորից համարյա՝ հինգ-վեց տարով փոքր», շեկ մազերով-շեկ բեղերով, 27-28 տարեկան ամրակազմ տղա է: «Ծանր տեղերից» շատ է դուրս եկել պատվով: «Ներամփոփ է» ու «ինչպես բոլոր ներամփոփներն», անհասկանալի է իր շրջապատին, ու «մի սրտացավ, սրտամոտ ընկեր չունի կողքը կանգնած», եւ իր լուռ ու մունջ, վախեցած ու բարձրաձայն չարվող կապրիզներով, վանում է բոլորին: Դիմացինի եւ կողքինների հետ խոսում է գլուխը կախ ու աչքերը գետնին հառած: Եվ խոսելուց` «մի անգամ», «գոնե մի անգամ» դիմացինի ու կողքինների աչքերին չի նայում ու գլուխն անընդհատ, ծանր-շուրջանակի տանում-բերում է ասես մի բանի վրա վերջնականապես կենտրոնանալու չկամությամբ: Ու նաեւ խոսելուց` «պապպե-պապպե բաներ է ասում», այսինքն` մեծավարի, մեծատոնական, շրջապատին, վերեւներին ու միջավայրին՝ խորհուրդ պարունակող ու խրատ պարունակող բառեր ու բաներ է «շպրտում» եւ ասում աջ ու ձախ, եւ վերջում, ամբողջ ասածն ու ընտրած բառերը փթանոց քարերի նման ծանր ու ճնշող է ստացվում` դիմացինի, կողքինի, միջավայրի ու շրջապատի համար: Ու ծանր խոսքերի հետ, նաեւ թաքուն-ինքնահավան պահվածք ունի, ու հետո, նաեւ ուշ է արձագանքում ասվածին, ու կարծես, ուշ է տեղ հասնում ասվածը, եւ երկա՜ր-ծանր «ժամանակից» հետո է երկա՜ր-ծա՛նր անդրադառնում ասվածին, ու տղերքը նեղսրտվելուց՝ երկար-բարակ չեն մտածել եւ շատ կարճ են կապել ու իրար հետ խոսելիս ու նրա հետ խոսելիս՝ նրան Տափուկ են ասում եւ նրան Տափուկ են անվանել: Նրան Տափուկ են ասում ու Տափուկ են անվանել, եւ Գենիկը չէր ըմբոստացել ու չէր ըմբոստանում ու, կարծես, համակերպվել էր անվանը ու աչքերը փախցնելով ծուռ ժպտում էր Տափուկը լսելիս: Ու ինքն-իրեն ազատ թռչուն էր համարում ջոկատի ու տղաների մեջ, եւ ինքն-իրեն ազատ թռչուն է համարում ջոկատի ու տղաների արանքում, ու գլուխը կախ, աչքերը փախցնելով, օրերով, շաբաթներով ստեղ-ընդեղ է կորչում` «կոմանդիրների կողմից ուղարկված թուրքի թիկունքը ռազվեդկաների է մտնում մեն-մենակ»՝ իր ասելով, նաեւ տղերքի` սոված, ծարավ օրերին ու պահերին, «կանաթով»-բանով եղնիկ ու փորսուղ, նապաստակ ու դեկաբրազ է բռնում-բերում, ղուշ-մուշ, կաքավ ու միրհավ է խփում-բերում: Ու սուր աչք եւ ուղիղ-դիպուկ նշանառություն ու ամուր-պինդ դաստակներով, ամուր-պինդ ձեռքեր ունի: Ու սրտացավ պահերին-սրտացավ հասնում է տղերքին, ու տղերքը` Տափուկն ատելությամբ կամ հատուկ նպատակադրությամբ չեն ասում, «այդ իմաստով» չեն ասում, ու ինքն էլ է այդ նկատել ու մի տեսակ անտարբեր-անհաղորդ ջանադրությամբ ու բութ-զգայությամբ է վերաբերվում իրեն ասված ու ասվող եւ իրեն վերաբերող ամեն-ինչին, սակայն համերաշխորեն տղերքի հետ ծառայում է հայրենիքին ու թուրքի դեմ է կռվում: Ու նա` լավ, ճկուն, պինդ, շրջահայաց-խիզախ կռվող է, եւ որտեղ` «մի անորոշ», միջանկյալ, կամ` թուրքի-տարածք կա, նրան են առաջ մղում: Նրան են առաջ տանում: Որովհետեւ, Գենիկը` «ոտը` մեկ ասեղի, եւ մեկ էլ ականի վրա չի դնում», ու քանի՜ անգամ` տղերքը խոսքով ընկած, զրույցով ընկած, մտքերով տարված-իծաշարուկ անցնելիս անտարբեր, նա, շարքի առաջ լիներ, թե` վերջում, մեկ էլ կգոռար ու կզգաստացներ ու վազ կտար ու կասեր` հո՛պ, տղե՛րք, զգույշ, ստեղ մինա կա: Ու շնչակտուր վազ կտար ու առաջ կանցներ բոլորից ու «շան նման» հոտառություն ուներ եւ հեռվից զգում էր հողի մեջ թաղված ականի ներկայությունը, ու հայացքը դեպի ականը եւ սաստող ձեռքը դեպի տղերքը կողքի պահած-զգաստացնող` իբր, առաջ մի եկեք` վտանգավոր բան կա, ու ոտքերը` լայն-լայն, շեղակի, թեթեւ դնելով ու ոտքերը դնելու անվտանգ-անհրաժեշտ տեղերը որոշելով, տղերքին չնայելով «շան հոտառությամբ» ականի վրա էր գնում ու հողի մեջ թաղված-իր կողմից գտնված ականի վրա կռանալով, ինքն-իրեն հուսադրելով ու ինքն-իրեն խոսելով-հուսադրվելով, ձեռքերը երկու բուռ արած ականի կողքերով տանել-բերելով հողը մաքրում-հեռացնում է ականից ու ինքն-իրեն ասում-խոսում է ականը հողի մեջ դավադիր թաղած երեւակայական թուրքին երեւակայական անուն կպցնելով ու երեւակայական թուրքի հետ խոսելով, ինքն-իրեն ասում է` ըհը՜, Սկյանդար-տղա, բա ականը թաղելուց հետո, ինչո՞ւ քարտեզը, ականապատված դաշտի քարտեզը՝ ինչո՞ւ ինձ չտվեցիր ու ինձ չհանձնեցիր, հը՞, բա չասեցի՞ր, բա չմտածեցի՞ր, որ Գենիկ-տղան միամիտ չէ, ու առանց քո քարտեզի էլ գտնելու է հողի մեջ պրիմիտիվ թաղած քո պրիմիտիվ ականները, բա, ավելի լավ չէր լինի՞, թաղելուց հետո, քարտեզն ինձ հանձնեիր: Ու նաեւ ասում է, ըհըը՜, ու Լյովան «էդ պահերին» ու էդ խոսքի վրա թթված ու բարձրաձայն ու բոլորին լսելի ու նույն հանգով-երկարացված ասում է՝ զահրումաա՜ր, ու տղերքը փռթկացնում էին գոհ ու բերանները բաց, բայց Գենիկն անտարբեր-անզգա իր հալով չլսելու է տալիս Լյովայի բարձրաձայն արված ու ասված տնազն ու տղաների բերանբաց-փռթկոցներն ու, ասես, իրեն չէր վերաբերվում ու, ասես, իրեն չի վերաբերվում, ու նույն հանգով շարունակում է ու ասում է՝ ըհըը՜, ուրեմն, էդ պրոտիվատանկովիյի տակ էլ` պրոտիվոպեխոտնիյա դրել, ըհըը՜, ու Սկյանդարին թվում է, թե Գենիկ-տղան էլ միամիտ է, էլի՛, քաշեց-հանեց-անկապ ու անկապ էլ օդ թռավ: Ու ոզնի բռնելու նման կամաց փաղաքշում է ականներն ու ավելի լարվածություն է հաղորդում էդ բոլորին ու շրջապատին, եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, ու «բոլորին» ծուռ նայելով դատողություններ է անում «փիլիսոփայական», նաեւ ինքն-իրեն լսելի ու տղերքին կցկտուր լսելի մի երկու բան է քրթմնջում քթի տակ խորհրդավոր ու էդ ամենին խորհրդավորություն տալով, ու մեկ էլ, թե` տղե՛րք, չէ, չէ՛, չի լինում, մի թոկ կամ մի պարան բերեք, ու տղերքին չի նայում, եւ իբր թե պահի վտանգավոր դրությամբ պայմանավորված շատ մտազբաղ ականներին է ծուռ նայում այդ պահին ու այդ պահերին: Ու «էդ պահին» եւ հենց «էդ պահերին» տղերքից` հենց Լյովայի գլխի «ղափաղն է յեր կենում», ու հենց Լյովայի կատաղությունն է բռնում ու կատաղած ասում է` ա՛ լակուտ, ա՛ խոխա, դու տափուկ-տափուկ ծնվել ես մեզ տափուկ ինֆարկտի հասցնելու համա՞ր, յեր-կաց-ռհելդ քաշի ընտեղից, որ եկա` դու էլ էս մինայի հետ օդ թռնելու, ու հետո նեղսրտված տղերքին է շրջվում ու թե` ա, էս լակուտը հատուկ ծնվել է մեզ հատուկ ինֆարկտի հասցնելու համա՞ր, ու գլուխը շուռ տված նորից Գենիկին է «բռնեցնում» ու թե` ա՛ լակուտ, ա՛ խոխա՛, կլոխդ խարաբա՞ քո՛, ես հիմա քո բաբոյին որտեղի՞ց բռնեմ-բերեմ, որ էս չոլերում ոտքերը շքռած ու սպիտակ-բմբուլ-օխլավ տված կյեփերը բացած մի 200-300 մետրանոց թոկ կամ պարան գործի քո համար, վեր կաց, ռադդ քաշի ըտեղից, ժամանակ չկա, ժամանակ չկա` ասում եմ: Ու հետո Լյովան ձեռքը տանում եւ մյուս ձեռքի թեւքը բարձրացնում ու` ժամացույց չունի, բայց իբր թե ժամացույցին է նայում եւ թե` ժամանակ չկա, ժամանակ չկա` քեզ ասում եմ, ես ժամը երկուսին պիտի շտուրմավատ անեմ ու…Կիրովաբադի, մեր Գանձայի չայխանայում նստած, նասկիներս կողքի աթոռին թառ տված…պիվա խմեմ Բաքվի չորացրած ձկնեղենով-վոբլայով-բանով, վեր կաց-ռադդ քաշի-արի մեր մոտ գլուխդ կոխիր ոտքերիդ արանքը` մի կրակոցով պայթեցնեմ էդ քո «Իսկանդարի քարտեզագրած մինաները»: Եվ նաեւ ասում է` Մակեդոնացին, որ գորդյան հանգույցի մեջ խճճվեր-մնար, սրի մի հարվածով չքանդեր, հիմա… հիմա մեր գյուղի տակ լռված-կանգնած էր էդքան ժամանակ, ու մոծակի կծոցից չէր մեռնի: Ու նաեւ իր խոսքերից փռթկացող տղաներին էր հասցնում պատասխանել, եւ ասում էր` իսկ ինչո՞ւ եք կարծում, թե նա մեր գյուղի տակով չի անցել` բոլո՜ր զորավարներն էլ գեշ սովորություն են ունեցել` բաց, ազատ ճանապարհները թողած, հզոր ու ամուր բերդերի վրա են գնացել եւ` օրերով, ամիսներով, տարիներով՝ դարպասները փակ, ամուր պաշտպանված բերդերի ամրակուռ պարիսպների տակ վիզները ծռել- կանգնել են` Աստծո հաճությամբ, թե ե՞րբ կգրավե՛ն: Իսկ ինչո՞ւ՝ Մակեդոնացին մեր Տիգրանակերտի վրա չգար, արդյո՞ք` վատ բերդ է: Թե՞` պաշտպաններն են ընկճված եղել: Իսկ Տիգրանակերտը որտե՞ղ է: Մեր գյուղի` Խրամորթի տակ է: Ու ձեզ էլ ասեմ, որ մեր գյուղը՝ Խրամորթը, հի՛ն, շատ հի՜ն ժամանակներից եկած, հայկական, պատմական գյուղ Է. ինքը, որ կար՝ Աղդամը դեռ չէր ծնվել, բարուրում էլ չկար: Էդ հետո եկավ մեր Ակնի վրա ու Տիգրանակերտի ավերակների հարեւանությամբ ու նրա կողքը եւ մեր ոտքերի տակ փռվեց: Աղդամը հետո եկավ մեր ոտքերի տակ փռվեց: Եվ հի՜ն գրքերում ու պատմություններում, մեր գյուղի՝ Խրամորթի ու իրեն կպած՝ Արավուս-Շիկաքարի, հի՜ն-հայկական-Բերդ-Արավուս-Շիկաքարի ու մեզ ապավեն Փթոս-Բերդ-Ուսի անունները միշտ իրար հետ են նշվում՝ կողք-կողքի: Էդ թվերին մեր Ակնը կար, բայց իսկի Աղդամի անունը բարուրում էլ չկար: Ուղղակի, մենք ենք մեղավոր: Մենք ենք մեղավորը՝ ամեն-մի՝ հետ քաշվելուց, մեր ոտքերը հետ տանելուց՝ մեր հայկական Ակնը տարիներով ու դարերով սպառվել եւ նրա տեղում ու նրա փոխարեն նրանց Աղդամն է անվտանգ-անվնաս տարածվել-փռվել մեր ոտքերի տակ: Անվտանգ-անվնաս տարածվել-փռվել է գաղտագողի մեր քնած գլխների ու տնետուն ընկնող-ցուպը ձեռքներիս մեր հոգնած-բեզարած ոտքերի տակ: Ու «Խրամորթը»՝ անվան հետ կապված՝ տարբեր մեկնաբանություն-բացատրություններ ունի: Տարբեր ձեւով են մեկնաբանում Խրամորթ-անվանումը: Իսկ, հիմնականում, էդ հի՜ն պատմություններից ամենահավանականը՝ «Խաչմերուկն» է: Խրամորթը՝ Խաչմերուկի հետ են կապում հի՜ն պատմություններում մեր եւ ուրիշ հի՜ն պատմիչները: Էլ ի՞նչ եք հռհռում, ուրեմն, Մակեդոնացին մեր գյուղի տակ լռվել-մնացել է, չէ՞, բա «Իսկանդարները» ինչո՞ւ պիտի չլռվեն: Եվ տղաներից` մեկն ու մեկը, հուշում է, ու ասում է` փաստորեն, մեր-Խրամորթը Տիգրանակերտի արվանձանն է, իսկ, գուցեեւ, Տիգրանակերտի կենտրոնն է՝ Բերդ-Ամրոցը՝ ի՞նչ իմանաս, լավ էլ «բռնում է»՝ աա՜յ էսպես՝ Յըդդըղըրմանով՝ Յոթ Եղբոր Յոթ Սարերով գալիի՜ս-Արավուս-Շիկաքարով-անցնուու՜մ ու մեր-Բերդ-Ուսով եւ Բարձր-Հարթով ամբողջանում է Տիգրանակերտի տարածքը. իսկ կենտրոնում՝ մեր-Խրամորթն է, բա՞: Միայն, թե մեր պատմաբաններն են սխալվել` Տիգրանակերտի ժամանակահատվածն են «սխալ բռնեցրել»` Մակեդոնացու հետ չի համապատասխանում, բայց նաեւ նորից հուշում է, ու ասում է` գիտեք, չէ՞, ու նորություն ասած չեմ լինի, բայց թուրքերը «ներքեւից սկսած», «ներքեւի՛ց», մեր՝ պատմությունը, խաչքարերը, ամեն-ինչը սրբելով ու սրբագրելով գալիս են, ու մենակ մե՛ր պատմությունը չեն փորձում սրբագրել` ձեռի հետ նաեւ բոլորի պատմությունն են նորացնում-սրբագրում, ու Մակեդոնացուն էլ են իրենցը համարում եւ գիտեք, չէ՞, նրան ոնց են կոչում` Իսկանդա՛ր: Հիմա, էդ ականներն ո՞ր Իսկանդարն է դրել: