Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդու թիկնապահներին դանակահարելու ու նրանցից մեկին` Արթուր Առաքելյանին մահվան հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի դիմաց, օրը ցերեկով` հասարակության աչքի առջեվ «ռազբորկա» էր տեղի ունեցել նույն գործարանում որպես բանվոր աշխատող Ալբերտ Սահակյանի եղբայրների ու Միսակ Բալասանյանի թիկնապահների միջեվ, որը, սակայն, վերածվել էր մարդասպանության: Սահակյան եղբայրներից մեկը` 25-ամյա Արմենը, դանակահարել էր Արթուր Առաքելյանին, ով Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, Վարդան Ասատրյանին էլ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ էր հասցրել որովայնի հատվածում: Այս գործով կան 5 ամբաստանյալներ, որոնցից, սակայն, կալանավորված են երկուսը` Ալբերտ ու Արմեն Սահակյանները: Անցած դատական նիստին ամբաստանյալ Ալբերտ Սահակյանը սկսված ծեծկռտուքը պատճառաբանեց նրանով, որ Բալասանյանները աշխատակիցներին 3 ամիս շարունակ աշխատավարձ չեն տվել` 1200 լիտր գարեջուր թափվելու պատճառով, ինքն էլ, տրանսպորտի փող չունենալով ու անչափ նեղվելով , երկու այլ աշխատակիցների հետ վրեժ լուծելու նպատակով գողացել է լաբորատորիայի փականները: Արդյունքում՝ գարեջրի գործարանի սեփականատիրոջ` Միսակ Բալասանյանի թիկնապահները իրենց տանելով հարակից «Շիրակ» ռեստորան,ծեծել են,սպառնացել, պարտադրել ձրի աշխատել ու վերադարձնել գործարանին պատճառված 1,5 մլն դրամի վնասը: Ըստ Ալբերտ Սահակյանի, իրենց է վերագրվել մի գողություն, որի հետ իրենք ընդհանրապես առնչություն չեն ունեցել, գործարանից գողացված են եղել նաեվ «մատոռներ»: Ու քանի որ Միսակ Բալասանյանը, իրենց հրավիրելով իր առանձնասենյակ, հայտարարել է, որ աշխատանքից ազատված են, ինքը զանգահարել է եղբորը` Արմենին, որպեսզի վերջինս գա եվ որպես Միսակի հին ծանոթ՝ բարեխոսի իր համար: Այս գործով գլխավոր մեղադրյալ Արմեն Սահակյանն էլ պնդում էր, որ ծեծկռտուքը սկսվել է Բալասանյանի թիկնապահներից, ովքեր իրեն ոչ միայն ներս չեն թողել Միսակի մոտ, այլեվ հրմշտել են, սպառնացել են, նույնիսկ կարկոց է հնչել, ինչին ի պատասխան՝ ինքը դիմելէ ինքնապաշտպանության. գրպանից հանել ու թափահարել է անձնական օգտագործման դանակը: Այսօր վկայություններ տվեցին գարեջրի գործարանի աշխատակիցները: Նրանցից մեկը` գարեջրի գործարանում որպես բանվոր աշխատած Դավիթ Միքայելյանը պատմեց, որ ինքը եվս մասնակցել է փականների գողությանը, սակայն թիկնապահները իրենց տանելով «Շիրակ» ռեստորան` զարկել են, հայհոյել ու պնդել, որ իրենք գործարանից 1,5 մլն դրամի ապրանք են տարել: Այնուհետեւ Միսակ Բալասանյանը կանչել է, ասել, որ նրանց ազատում է աշխատանքից, սակայն վերջնահաշիվ չի տալիս, այն պահելով որպես տուգանք: Վկան պնդում էր, որ իրենք կապ չեն ունեցել «մատոռների» գողության հետ: Մյուս վկաները գործարանի պահակն ու վարորդն էին, վարորդ Լյովա Մրյանը թիկնապահին տեսել էր դանակահարված, իսկ պատմությանը ծանոթացել էր հետո, պահակ Լյովա Սահակյանն էլ թեեվ գործի էր եղել, սակայն ոչ հայհոյանք էր լսել, ոչ էլ թիկնապահների մոտ զենք էր տեսել: Վերջինս պնդում էր, որ տուժողները ոչ թե թիկնապահներ են եղել, այլեվ Միսակի ընկերները: Սա զայրացրեց ամբաստանյալների շահերի պաշտպան Թամարա Յայլոյանին, ով հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր այդ դեպքում պահակը նախաքննական ցուցմունքում գրում, որ վերջիններս անվտանգության աշխատակիցներ են: «Եթե անվտանգության աշխատակիցներ են, ապա անպայման զենք կունենան իրենց մոտ, ինչպես է, որ հայտարարում եք, թե զենք չեք տեսել», -հարցնում էր փաստաբանը: Վկաներից մի քանիսը չէին ներկայացել դատարան, որի պատճառով դատավարությունը մի քանի օրով հետաձգվեց: