Լրահոս
Օրվա լրահոսը

Գրախանութ՝ մտածող մարդկանց համար

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"«Բյուրոկրատի» մեկամյակը

 Երեկ «Բյուրոկրատ» գրախանութը դարձավ մեկ տարեկան: Այդ կապակցությամբ գրախանութում տոնական միջոցառումներ էին: Ինչպես նշում է գրախանութի հիմնադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, «Բյուրոկրատը» հասցրել է մեկ տարվա ընթացքում նվաճել ընթերցասեր հասարակության, ինչպես նաեւ ժամանակակից գրողների ու ստեղծագործողների սերը. «Բոլորն անդադար հարցնում են` ինչո՞ւ ենք բացել «Բյուրոկրատ» գրախանութը: Մեր երկրում այնքան անսովոր է գրախանութ բացելը, որ զարմանք է պատճառում: Մեկը որ ռեստորան  է բացում, չեն հարցնում` ինչո՞ւ ես ռեստորան բացել: Կանգնեցի գրախանութ բացելու գաղափարի վրա, որովհետեւ ուզում էի մի հակառակ բան անել….Կցանկանայի, որ հաջորդ տարի 300 գրախանութ ունենանք եւ ոչ ոքի չտանջի այդ հարցը` թե ինչո՞ւ գրախանութ»: Ներկայացնելով «Բյուրոկրատի» մեկ տարվա գործունեությունը, Ս. Հովհաննիսյանն ասաց. «Մեկ տարում հասցրել ենք կազմակերպել գրքի 14 շնորհանդես, 22 ցուցադրություն, հրատարակել ենք 3 գիրք, կազմել մոտ 80 գրքի գրախոսական, մասնակցել միջազգային ցուցահանդեսների եւ ընդունել ու փորձել զարմացնել երեւանցիներին ու քաղաքի հյուրերին: Արտադրում ենք նաեւ աուդիո գրքեր»:
Թե որքանով կար գրախանութի պակասը Երեւանում, Ս. Հովհանիսյանն ասաց. «Բոլորս բողոքում ենք` Երեւանում քիչ ինտելիգենտ մարդ է մնացել, կիրթ մարդիկ չկան: Իրականում գրախանութ գալիս են շատ լավ մարդիկ, որոնց հետ աշխատելը միայն հաճույք է: Այստեղ հանդիպում ես այնպիսի մարդկանց, որոնք ուրախանում են «Բյուրոկրատի» ամեն մի արածով, փորձում են օգնել, տարածել, օգտակար լինել: Ուղղակի մի ընդհանուր նկատառում կա. կարդալու, գրքի հետ ժամանակ անցկացնելու մշակույթը հայերիս մեջ մեռնում է: Չեմ ժխտում` ողջ աշխարհում է մեռնում գիրք կարդալու մշակույթը, բայց հայերը երկար տարիներ առանձնացել են գրքի հանդեպ սիրով: Բայց դժբախտաբար Հայաստանում հայերն արդեն գիրք կարդալու ժամանակ չունեն: Գրախանութ մտնելը դարձել է պրոբլեմ, դարձել ենք Նյու Յորքի եւ Մոսկվայի պես քաղաք` միշտ շտապում ենք եւ ժամանակ չունենք»:
Հետաքրքրվեցինք` ովքե՞ր են «Բյուրոկրատ» գրախանութի այցելուները, Ս. Հովհաննիսյանը դժվարացավ տարիքային խմբերի բաժանել. «Մեզ այցելում են ուղղակի շատ լավ մարդիկ: Ամեն դեպքում ինձ համար տարօրինակ մարդիկ են, որոնք հայերեն, ռուսերեն, անգլերեն են լավ կարդում, եւ ժամանակը չեն խնայում գիրք կարդալու համար: Մեր գրախանութը եղել է ու մնում է բաց՝ ցանկացած մտածող մարդու համար: Մեր ցանկությունն է վերականգնել գրքի հանդեպ հարգանքը, նպաստել գրքի տարածմանն ու ստեղծել լավագույն պայմանները գրքի շուրջ հավաքվելու, գրքից հաճույք — օգուտ քաղելու արվեստի վերածնմանը»:
Մեկամյակի կապակցության գրախանութում երեկ  տոնական զեղչեր էին, նվերներ, գրքի խաղարկություններ: Կայացավ նաեւ Լեւոն Չուգասզյանի «Արշակ Ֆեթվաճեան» գրքի շնորհանդեսը:
Լ. Չուգասզյանի  խոսքով՝ «Աշխատության մեջ ներկայացված է հայ նշանավոր նկարիչ Արշակ Ֆեթվաճեանի (1866-1947) կյանքը եւ գործունեությունը: Նպատակս եղավ  լուսաբանել մոռացության մատնված ազգային մեծ արվեստագետի գեղագիտական ժառանգությունը եւ ցույց տալ նրա կատարած նշանակալից դերը հայ գեղանկարչության եւ արվեստագիտության զարգացման գործում: Գրքի վրա աշխատում էի 1984 թվականից: Սա դեռեւս միակ գիրքն է, որը պատմում է Ֆեթվաճեանի մասին»: Օրվա ավարտին գրախանութի մեկամյակի կապակցությամբ ելույթ ունեցավ Los Locos խումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել