Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Հոկտեմբեր 04,2011 00:00

 Հաջորդ տարվանից նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերը կավելանա 50%-ով: Սա նշանակում է, որ մոտ 7000 ուսանող անվճար սովորելու հնարավորություն կստանա: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Խոսքը նաեւ կրթաթոշակների մասին է, այդ երեխաները կապահովվեն համապատասխան կրթաթոշակով»:  Որ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետն էլ բուհի շրջանավարտի չափ հեշտ գործ գտնի՝ ԿԳՆ-ն ու ԵՄ-ն համատեղ աշխատում են այդ ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ ուսանողության առաջ իրենց դռները կբացեն վերանորոգված ու վերազինված  12 քոլեջ ու ուսումնարան: Նախարարի խոսքով,  ոչ միայն ուսումնական հաստատությունների շենքերն են նորոգվել, այլեւ դասախոսական կազմն է վերապատրաստվել ու թարմացվել է կրթական ծրագիրը: «Վերջին մի քանի տարիներին միջին ու նախնական կրթության ոլորտը հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտի ստվերում է եղել, տարիներ շարունակ այս ոլորտներում ներդրումներ չեն արվել,  ու միջին մասնագիտական կրթության արժեքը  կտրուկ իջել էր, բոլորը ձգտում էին միայն բարձրագույն կրթություն ստանալ»: Նախարարի խոսքով,  երիտասարդներն այժմ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվում են աշխատաշուկայի  պահանջարկով: Իսկ աշխատաշուկան պահանջում է խոհարարներ, վարսահարդարներ, նաեւ տուրիզմի գործակալներ: «Այսուհետեւ նաեւ ուսումնարաններից լավ մասնագետ դուրս կգա»,- խոստացավ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել