Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձասարի» անկումը շարունակվում է

Հոկտեմբեր 04,2011 00:00

Կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջատարներ «Ուլիսն» ու «Փյունիկը»: Հաղթանակի դեպքում չեմպիոնը հնարավորություն էր ունենում կրճատել միավորների տարբերությունն առաջատարի հետ, սակայն լարված պայքարի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0, որը, բնականաբար, «Ուլիսի» օգտին էր: Իսկ եթե հաշվի առնենք, որ երրորդ հորիզոնականում ընթացող «Գանձասարն» արդեն գործնականում դուրս է եկել չեմպիոնության համար պայքարից, ապա կարելի է ասել, որ Սեւադա Արզումանյանի թիմի համար ամեն ինչ ավելի քան լավ է դասավորվում:
Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա առաջնության ամառային չեմպիոնը անկման փուլում է: Որքան ավելի է խորանում առաջնությունում ուժերը մոբիլիզացնելու անհրաժեշտությունը, այնքան կապանցիները թուլանում են: Այս տուրում էլ գրանցվեց հերթական պարտությունը. «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Շիրակին»: Որքան էլ ցավալի է, վերջին վեց հանդիպումներում Աբրահամ Խաշմանյանի թիմը ոչ մի հաղթանակ չի տոնել ու ընդամենը 3 միավոր է վաստակել, ինչը, մեղմ ասած, քիչ է չեմպիոնական նկրտումներ ունեցող թիմի համար: Հետաքրքրական է, որ վերջին տարիներին առաջնության միջնամասում չեմպիոնության համար պայքարող թիմերը՝ նախ «Արարատը», ապա «Բանանցը», առաջնության վերջնամասում սկսում են անբացատրելի թույլ ելույթ ունենալ՝ առանց էական ու շոշափելի փոփոխությունների իրենց կազմում: Միակ բացատրությունը, որ կարելի է տալ, այն է, որ մերոնց մոտ ոչ թե պարտվողի, այլ չհաղթողի հոգեբանությունն է բույն դրել: Տխուր արդյունք է 20 տարվա անկախ առաջնության ակումբների համար:
Տխուր են նաեւ «Արարատի» ցուցանիշները: 0:2 հաշվով տանուլ տալով նաեւ «Իմպուլսին»՝ Արկադի Անդրեասյանի թիմն այս առաջնության տխուր ռեկորդ գրանցեց ութ խաղ անընդմեջ պարտվելով: Բարելավման հույս էլ, ցավոք, չկա: Փոխարենը՝ վերելքի ուղին է բռնել «Բանանցը». 24-րդ տուրում Ռաֆայել Նազարյանի սաները 3:1 հաշվով հաղթեցին «Միկային»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել