Արդեն երրորդ օրն է, ինչ միջազգային մամուլն արձանագրել է, որ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ հենց Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում առաջնության մասնակից 127 երկրների պատվիրակությունների աչքի առջեւ ծայրահեղականորեն տրամադրված ադրբեջանցիներն ազգայնական կոչերով եւ վիրավորական արտահայտություններով քարեր են նետել ռինգում գտնվող հայ բռնցքամարտիկների վրա, ինչի հետեւանքով մարտերը չեն կայացել, իսկ մեր բռնցքամարտիկները եւ մրցավարները դուրս են բերվել դահլիճից:
Սադրանքի կազմակերպիչն ու իրականացնողը եղել են, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները: Անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն թաքցնում տեղի ունեցածը, իսկ այդ ազգայնական կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին ադրբեջանական լրատվամիջոցներին բացեիբաց հայտարարել է. «Մենք իմացանք, որ հայ բռնցքամարտիկները ռինգ են մտնում: Եվ հենց տեսանք նրանց, սկսեցինք քարեր նետել: Դրանից հետո հանդիպեցինք ոստիկանների դիմադրությանը, եւ մեր յոթ անդամներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին»: Ակիֆ Նագին նաեւ սպառնացել է, որ եթե իրենց կոչերը չլսվեն, ավելի կտրուկ քայլերի են դիմելու:
Այսքանից հետո կատարվածի իսկությանը ոչ ոք չի կարող կասկածել: Մանավանդ որ, հարեւան երկրի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունում սկանդալային այս պատմությունը ինչ-որ չափով մեղմելու նպատակով Azerisport.com-ին ասել են, որ այդ կազմակերպության անդամները հայերի վրա օտար մարմիններ նետելիս հեռու են գտնվել ռինգից եւ չէին կարող դիպչել նրանց: Սակայն երեկ, երբ փորձեցինք մեր ֆեդերացիայից տեղեկանալ նախապես մշակված ակցիայի մանրամասներին, ասացին, որ հայկական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը հեռախոսով իրենց խնդրել է լրատվամիջոցներին փոխանցել, թե նման բան չի եղել (ավելի ճիշտ մանրամասները չի ներկայացրել): Առաջին հայացքից այս հայտարարությունը տարօրինակ է թվում: Սակայն երբ մտածում ես, որ մեր պատվիրակությունը դեռ Բաքվում է եւ նրանց անվտանգությունը մնում է վտանգված, ամեն բան հասկանալի է դառնում: Հոգեբանական մամլիչի տակ գտնվելու պատճառով չէ՞ր, արդյոք, որ երեկ 49 կգ քաշային մեր փորձառու Հովհաննես Դանիելյանն իր մեկնարկային մենամարտի արդեն երկրորդ ռաունդում պարտվեց ճապոնացի Նաոյա Ինուեին:
Կարծում ենք, կարելի է ենթադրություններ էլ անել Բաքվում մերոնց հայտնված վիճակի մասին: Փաստորեն, կատարվածը խիստ հարվածում է թե ԱԻԲԱ-ի, թե Ադրբեջանի հեղինակությանը, եւ նրանք պիտի որ ստեղծված իրավիճակից «չոր» դուրս գալու տարբերակներ գործի դնեն: Եթե հարեւան երկրի տարածքում մերոնց համար առաջնայինը անվտանգությունն է եւ այնտեղից անփորձանք հեռանալը, ԱԻԲԱ-ի պարագայում, կարելի է ենթադրել, քայլերը այլ պիտի լինեն: Օրինակ, մերոնց «հիշեցնելը», որ առջեւում դեռ վարկանիշային մրցումներ կան եւ օլիմպիական խաղերը, որին մասնակցելու իրավունքի համար Հայաստանում հսկայական ջանք ու միջոցներ են ծախսվել: