Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Ոսկե ծիրանի» համատեղ նոր նախագծի շրջանակներում՝ բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին եւ, մասնավորապես, երիտասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում հուլիս ամսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ: Արդյունքում՝ նրանք զրկվում են «Ոսկե ծիրան» փառատոնում ներկայացված ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից:
«Gaudeamus կինոփառատոնը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հաղորդակցվել արվեստի ազնվագույն ճյուղերից մեկին՝ կինեմատոգրաֆին: Ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ, մեր համոզմամբ՝ ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը. այդպիսին պետք է լինի լայն մտահորիզոն, պատասխանատվություն, հստակ քաղաքացիական գիտակցություն ունեցող, գեղեցիկին եւ հավերժին ձգտող անհատ լինելու ամենակարեւոր նախապայմանը: Հետեւաբար՝ բարձրագույն կրթության եւ մշակույթի համադրումն առաջնահերթություն է»,- կարծում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նախագծում ներգրավված է 4 բուհ: Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Քանի որ համալսարանում շեշտը դրված է օտար լեզուների խորացված ուսուցման վրա, կազմակերպիչները նախատեսում են նաեւ չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ, վստահ լինելով, որ այն առավել կխթանի տարբեր օտար լեզուների իմացության խորացմանը: