Շաբաթ օրը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնում կայացավ «ՀայՖեստ» 9-րդ միջազգային թատերական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը: Հանդես կգա 18 երկրից 30 թատերախումբ՝ 60 ներկայացումով: Առաջին անգամ հայ հանդիսատեսը կվայելի «Մենության տանգո» 3D ներկայացումը՝ Մեծ Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուին:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքից հետո իբրեւ բացման ներկայացում ցուցադրվեց «Փի Ար Էվալուշն» հունգարական թատրոնի «Կապույտ մարդիկը», որը ժամանակակից պար է: Իհարկե, ամեն ինչ գեղեցիկ էր, սակայն հանդիսատեսը կեսից լքեց դահլիճը, եւ զուր էր թատրոնի մուտքի մոտ նստած աշխատակցուհին համոզում՝ «Մի գնացեք, հեսա պարը պրծնի, թատրոնն ա սկսվելու»: Բնականաբար, ոչ մի «թատրոն» էլ չէր լինելու, քանի որ այն հենց «Կապույտ մարդիկ» ներկայացումն էր, որը տարակարծությունների տեղիք էր տվել՝ վերնագրից սկսած: Ոմանց այն շատ էր դուր եկել, ասացին, որ տղամարդկանց ստրիպտիզ է հիշեցնում, ոմանք էլ հիասթափված էին՝ «իբր ի՞նչ»: Այս տարի փառատոնի բացմանը ներկա չէր մշակույթի նախարարը, ժամանել էր Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը՝ իր հայուհի տիկնոջ հետ, ու Ա. Ղուկասյանը հույսեր փայփայեց, որ դեսպանի կինը անգլերեն կթարգմանի դահլիճում կատարվածը: Ի դեպ դահլիճի մասին. բեմի մոտ, չգիտես ինչու, երկու փուչիկ ձուկ էր «լողում». «դեկորի» իմաստը առանձնապես պարզ չէր: Հավանաբար՝ ձկները նրա համար էին, որ փառատոնի նախագահը դահլիճին ուրախ տրամադրություն հաղորդելու համար ժամանակ առ ժամանակ ասի՝ «բարեւ, ձուկիկ»: Դահլիճում ակնհայտորեն տոնի պակաս կար…