Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ երգիչները՝ մարզերում եւ Արցախում

Հոկտեմբեր 04,2011 00:00

«Հայաստանի փոքրիկ երգիչները» այս օրերին համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում եւ Արցախում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ համերգային շրջագայությունը սկսել են Կապան քաղաքից՝ վերջինի տոնի կապակցությամբ: Համերգներ են կայացել Կապանի արվեստի քոլեջում, որը, մաեստրոյի խոսքով, բացառիկ ակուստիկայով դահլիճ ունի: Սյունյաց մարզում կազմակերպված բոլոր համերգներին ներկա են եղել մարզպետն ու քաղաքապետերը, մանկավարժներ, երաժիշտներ, բժիշկներ եւ երեխաներ, որոնք եկել էին ունկնդրելու հոգեւոր, դասական, ժողովրդական, ջազային թեթեւ ժանրի ստեղծագործություններ: «Լկտի սուտ է, թե ժողովուրդը նման երաժշտություն չի հասկանում եւ չի ուզում լսել: Ո՞վ է ասում, որ ժողովուրդը ցանկանում է ունկնդրել անկապ, խառնածին, ոչ մի ազգային պատկանելություն չունեցող «երաժշտություն», որ նույնիսկ ռաբիս էլ չես ասի, որովհետեւ ռաբիսը դրա կողքին արդեն դասական է թվում: Մեր համերգներին մարդիկ նույնիսկ գրկի երեխաներով էին եկել, չնայած ծրագիրը բավականին լուրջ էր»,- պատմում է Տ. Հեքեքյանը: «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգել է Վահանավանքում, ու Տ. Հեքեքյանի պատմելով, քանի որ եկեղեցու ներսում բոլորը չեն տեղավորվել, շատերը 40 րոպե անգամ անձրեւի տակ ունկնդրել են համերգը: Շրջագայությունը շարունակվել է Քաջարանի Չարենցի անվան հանրակրթական դպրոցում, Կապանի արվեստի քոլեջում, որտեղ նույնիսկ գիշերել են երեխաները: Այնուհետեւ մեկնել են Արցախ՝ Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար: «Հայաստանի փոքրիկ երգիչները» Գանձասարում երգել է պատարագ՝ Պարգեւ սրբազանի օրհնությամբ, ներկա են եղել նաեւ Վանք գյուղի երեխաները:
Ըստ մաեստրոյի, չնայած մարզերում պայմանները սարսափելի էին, շենքները՝ ոչ նորոգ, գործիքները՝ հին, սակայն երգչախումբը հրճվանքի մեջ է. նման որակյալ հանդիսատես հաճախ Երեւանում էլ չես հանդիպի: Համերգներին աջակցել են ՀՀ եւ Արցախի մշակույթի նախարարությունները, Սյունիքի մարզպետարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել