Նախորդ ուրբաթ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արսեն Արծրունու վերաքննիչ բողոքը:
Ա. Արծրունու պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, քանի որ, ըստ նրա, գործ ունենք ՀՀ դատական համակարգում արձանագրված չլսված նախադեպի հետ. ցմահ ազատազրկվածը նստած է այլ քաղաքացու՝ Ռոբերտ Մարտինի Սահակյանի համար առաջադրված հոդվածով:
Ինչպես տեղեկացրել ենք www.
aravot.am-ում («Արծրունին, դատախազը եւ «տեխնիկական սխալը»)՝ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա օգոստոսի 12-ին քննել է դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու միջնորդությունը՝ բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու մասին: Փաստաբանի միջնորդությունը մերժվել է:
Ն. Ռշտունին ծանոթացել է Ա. Արծրունու գործին: Պարզվել է, որ 2006թ. օգոստոսի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությունը՝ դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քրօրի 72 հոդվածով, 17-100 հոդվածով եւ 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճիռը վերանայելու եւ այն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին, որոշել է միջնորդությունը բավարարել:
Ըստ դատարանի որոշման, 1961թ. Քրեական օրենսգրքի 72 հոդվածը, 17-100 հոդվածը եւ 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում են 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերին: Ըստ դատարանի, 17- 99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում էր 104 հ. 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերին, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճռով մեղավոր չի ճանաչվել 2 կամ ավելի անձանց սպանության համար, քանի որ տվյալ դեպքում նա կդատապարտվեր 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով:
Փաստաբանն իր վերաքննիչ բողոքում ակնարկել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ. օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել «տեխնիկական սխալ», ինչին ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա. Արծրունին:
Վերաքննիչ բողոքում փաստաբանը տեղեկացրել էր, որ որոշման նկարագրական մասում, Արսեն Արծրունու անունից բացի, նշված է ոմն Ռոբերտ Մարտինի Սահակյանի անունը:
Ըստ գործի նյութերի, Ռոբերտ Մարտինի Սահակյանի նկատմամբ նույնպես ստացվել էր դատավճիռը վերանայելու եւ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին միջնորդություն, եւ միջնորդությունների քննարկումը նշանակված է եղել նույն օրը, նույն ժամին: Այն տպավորությունն է, որ մի քանի գործ քննվել է միաժամանակ:
Մենք տեղեկացրել էինք, որ Նարինե Ռշտունին դիմել էր նաեւ ՀՀ դատական դեպարտամենտ, ստացել փաստաթղթերի պատճեններ: Նկատենք, որ այդ ժամանակ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ 143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած էր արդեն ճանաչվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն էլ՝ արարքի հանցավորությունը վերացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը: Ն. Ռշտունու գնահատմամբ, 23.05.2011թ. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացվելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է վերաորակվեին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:
ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն. արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: «Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար»,- ասում է փաստաբանը։
Հուլիսի 1-ին Արսեն Արծրունին դիմել էր դատարան՝ բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ, որը մերժվել էր: Դատարանը, դատապարտյալի եւ նրա ներկայացուցչի կարծիքով, կատարել է սխալ՝ դատավորի անփութության հետեւանքով, այդ սխալը չի հայտնաբերվել գործին մասնակցած դատախազի կողմից, այն չէր կարող հայտնաբերվել մահապատժի, ապա ցմահ ազատության դատապարտվածի կողմից: Դատարանը, ըստ էության, մեկ հոդվածը մյուսի հետ համապատասխանեցնելիս կատարել է ծանր հետեւանքներ առաջացնող սխալ: Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել: