Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Հոկտեմբեր 04,2011 00:00

Սողանքից փլված ճանապարհը վերականգնելու համար շատ փող եւ ժամանակ է պահանջվելու

\"\"Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում ընդհատվեց Այրում քաղաքի էլեկտրամատակարարումը: Այդ պահին Վանաձոր-Ալավերդի-    Վրաստանի սահման ճանապարհի 82-րդ կիլոմետրին, Այրում քաղաքի մոտ սարի փլուզում էր եղել: Սողանքի պահին այդ հատվածում մեքենաների կուտակում կար, քանի որ սեպտեմբերի 28-ին այդտեղ ձորն ընկած՝ Վրաստանում գրանցված «Վոլվոյի» բեռը՝ վագոն-կոնտեյները հատուկ տեխնիկայի օգնությամբ հանում էին ձորից (https://www.aravot.am/am/articles/regions/97540/view): Եթե 4-5 օրվա ընթացքում նշած կոնտեյները հանվեր ձորից, սողանքի ժամանակ այդ տեղանքում մեքենաների նման կուտակում եւ տարերքից այդքան նյութական վնաս չէր լինի: Սողանքի տարածքում մի մեծ սար է շուռ եկել, տարերքի գոտին մեծ է՝ մոտ 250 մ երկայնքով: Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի լույս 30-ի գիշերը նույն տեղում ավելի փոքր ծավալի փլուզում էր եղել, շուրջ 3000 խորանարդ մետր հողի եւ քարի զանգված էր թափվել մոտ 30 մ բարձրությունից, շրջվել էին էլեկտրական հենասյուներ: Տեղացիներն ասում են, որ նախկինում այս գոտում սողանքային երեւույթներ չեն նկատվել: Սողանքի հետեւանքով ջարդվածների մեջ կա նաեւ պետավտոտեսչության մեքենա, մի մարդատար էլ ընկել է Դեբեդը: Ցիտրուսային մրգեր Երեւան տեղափոխած եւ մայրաքաղաքից դատարկ վերադարձող թուրքական 3 մեծ բեռնատարների վարորդները լրագրողիս պատմեցին, որ հազիվ են դուրս թռել «Վոլվո» եւ «Մերսեդես» մակնիշի բեռնատարներից: Ստամբուլցի վարորդները տխուր լքեցին սողանքի վայրը, որպեսզի գիշերեն Բագրատաշենի մաքսատան մոտ գտնվող հյուրանոցում: Փրկվել էին նաեւ բեռնատարների բուլղարացի 2 վարորդներ: Փրկարարաորոնողական աշխատանքները դժվարանում են տեղանքի բարդության, ինչպես նաեւ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը տեղացած անձրեւի պատճառով: Փլուզման պահին վտանգավոր տարածքում է գտնվել ավելի քան 3 տասնյակ մեքենա, ներկայումս շուրջ մեկ տասնյակ բեռնատար եւ մարդատար մեքենա գտնվում է հողի տակ: Մարդիկ ասում են, որ հավանաբար հողի տակ գտնվող մեքենաներում մարդ չկա, սակայն չի բացառվում, որ դրանց մեջ մարդ մնացած լինի: Սողանքից տուժած 8 հոգի բժշկական օգնություն է ստացել «Ալավերդու բժշկական կենտրոնում»: Կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասաց, որ նրանք ստացել են բժշկական անհրաժեշտ օգնություն, նրանց վիճակը ծանր չի եղել: Տուժածները հիմնականում Երեւանի բնակիչներ են եղել: Նրանք գտնվել են վախի, սթրեսի ազդեցության ներքո: Նրանցից ոչ մեկը Ալավերդու հիվանդանոցում չի պառկելու, անհրաժեշտություն չկա: Սողանքից տուժած Արճիս գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Հրանտ Մուսայելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց՝ նրա ոտքը կոտրված է: Բացի նրանից, Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել եւս 5-6 հոգի:
Ներկայումս դեպքի վայրում են փրկարարներ, Նոյեմբերյանի ոստիկանության, պետավտոտեսչության աշխատակիցներ, վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Աշխատանքներ են տարվում մեքենաները «հողի գերությունից» ազատելու համար: Սողանքից հետո եւ այժմ էլ, փլուզման վայրից մոտ 1,2 կմ հեռավորության վրա, դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին, Այրումի քառաստիճան պոմպակայանի խաչմերուկի մոտ պետավտոտեսչությունը փակել է ճանապարհը եւ Ալավերդի, Վանաձոր շարժվող մեքենաների վարորդներին ուղղորդում է դեպի Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհը: Սակայն սողանքը կարելի է շրջանցել նաեւ փլուզման վայրից փոքր-ինչ վերեւ գտնվող խճապատ ճանապարհով, բայց այն ավելի հեշտ կհաղթահարեն «Ջիփերը» եւ բարձր անցողունակություն ունեցող մեքենաները՝ տեղանքը լեռնային է:
Դեռ վաղ է ասել, թե որքան վնաս է պատճառվել Հայաստանին: Բայց, անկասկած, շատ ֆինանսներ եւ բավական ժամանակ կպահանջվի սողանքի հետեւանքները վերացնելու, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը կրկին բանուկ դարձնելու համար: Դրան խանգարելու են նաեւ սկսված աշնանային անձրեւները:
Դեպքի վայրից տեսանյութը  https://www.youtube.com/watch?v=RDIYwj1rceo&feature=player_embedded

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել