Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ՁԵԶ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ԵՆՔ»

Հոկտեմբեր 04,2011 00:00

Ազատության հրապարակում hինգերորդ օրն է՝ շարունակվում է Կոնգրեսի նստացույցը: Ամեն օր ընդդիմության ներկայացուցիչները մինի-հանրահավաքներ են կազմակերպում եւ զբաղեցնում մարդկանց: Երեկվա հանրահավաքը նոր ձեւով էր կազմակերպվել՝ առաջին նախագահ, ՀԱԿ լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանում էր իրեն ուղղված հարցերին, որոնք մարդիկ ուղարկել էին էլեկտրոնային տարբերակով: Հայտարարվեց, թե ստացվել է շուրջ 400 հարց: Երեկ հնչեցին միայն մի փոքր մասի պատասխանները:
Երկխոսության մասին հնչած հարցին ի պատասխան՝ Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց. «Եթե մենք ուժ չլինեինք, եթե քաղաքական գործոն չլինենք, ոչ միայն այս երկխոսությունը, ցանկացած բանակցության ժամանակ ոչ ոք քեզ հետ հաշվի չի նստի: Դու քեզնից մի բան պետք է ներկայացնես, որպեսզի քո խոսքն արժեք ունենա»։ Այստեղ նա պատմեց Մոլոտովի, Ստալինի եւ Հռոմի Պապի մասին անեկդոտը. երբ Մոլոտովն առաջարկում է լավ հարաբերություններ ունենալ Հռոմի Պապի հետ, որը կօգնի աշխարհին ավելի լավ ներկայանալ, Ստալինը հարցնում է՝ իսկ քանի՞ դիվիզիա ունի այդ Հռոմի պապը, Մոլոտովը, թե՝ ոչ մի, Ստալինն էլ ասում է՝ թողնել: Առաջին նախագահի եզրակացությունը սա էր. «Եթե մեր թիկունքում մարդ չկա, ժողովուրդ չկա, ժողովրդի ճնշումը չկա, ոչ միայն Սերժ Սարգսյանը, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Մենք քաղաքական գործոն ենք ներկայացնում միայն ձեզնով, առանց ձեզ մենք ոչինչ ենք»: Հնչեցին ծափեր եւ «բռավո»: Հարցերից մեկն էլ Ջավախքի եւ նրա խնդիրների մասին էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ շեշտեց, որ թե Վրաստանում եւ թե Հայաստանում իրենից առաջ եւ իրենից հետո բոլոր ղեկավարները իրենց շատ ճիշտ են պահել այս հարցում, նաեւ հայտարարեց, որ երբեք հայ զինվորի ոտքը չի «կոխելու Վրաստանի հողը», եւ վրաց զինվորի ոտքը երբեք «չի կոխելու Հայաստանի հողը»:
Եկեղեցու եւ պետության հարաբերությունների մասին հարցին պատասխանելով՝ ասաց, թե եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել