Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"

Հերքում

«Առավոտ» օրաթերթի 2010թ. նոյեմբերի 13-ի համարում «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա» վերնագրով նյութ էր տպագրվել, որը նաեւ հաջորդ օրը զետեղվել էր www.aravot.am կայքում: Հրապարակման մեջ Հովհաննես Կաթրջյանը, ով վիրահատվել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում (ՀԱՍԿ), դժգոհում է, որ իր սրտի ռիթմը վարելու համար տեղադրված «Biotronic» ֆիրմայի «Philos DR» սարքը, որը պետք է աշխատի 10 տարի, հնարավոր է ավելի քիչ ծառայի իրեն, քանի որ տվյալ ընկերության կայքում նշված է, որ այդ մոդելի սարքը կարող է ծառայել մինչեւ 7 տարի: ՀԱՍԿ-ը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող երեք ընկերությունների հետ եւ աշխատում դրանց արտադրության ավելի քան քառասուն տեսակի սրտի ռիթմավար սարքերով։ Յուրաքանչյուր սարքի համար ծառայության ժամկետները որոշվում են «Product Performance Report» կոչվող հրատարակության համաձայն: Այս փաստաթուղթը տարեկան մեկ կամ երկու անգամ վերահրատարակում են արտադրող ընկերությունները, եւ այն հաստատվում է յուրաքանչյուր ընկերության նախագահի կամ փոխնախագահի կողմից: Համաձայն այս փաստաթղթի, ներկայումս ամբողջ աշխարհում իմպլանտավորվել է ավելի քան 163 հազար Philos խմբի սրտի ռիթմավար սարք, եւ պատվաստումից 9 տարի հետո սարքերի մոտ 84%-ը դեռ շարունակում է ծառայել: Համաձայն այս փաստաթղթի, 89.1% դեպքերում այս սարքերի ծառայության ժամկետը ավելի քան 8 տարի է: Սարքերի ծառայության իրական ժամկետը պայմանավորող բազմաթիվ գործոններ գոյություն ունեն։ Այդ ժամկետը պայմանավորված է նաեւ կոնկրետ հիվանդի սրտանոթային հիվանդության առանձնահատկություններով, խթանման հաճախականությամբ եւ բազմաթիվ այլ գործոններով: Սրտի ռիթմավար սարքի երկարաժամկետ ծառայության ապահովումը կախված է նաեւ հիվանդի՝ բուժող բժշկի ցուցումներին հետեւելուց, ինչը նախեւառաջ ենթադրում է հիվանդի պարբերական հետազոտություններ:
«Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա» վերնագրով հրապարակման մեջ ներկայացվել է չճշտված տեղեկատվություն: Արդյունքում հոդվածը արատավորել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի աշխատակազմի եւ տնօրեն Սմբատ Ջամալյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

«Առավոտ»

Պատասխան

2010թ. նոյեմբերի 13-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված նյութը չի արտացոլում իրականությունը: Հոդվածը հիմնված է հիվանդի դժգոհությունների վրա:
Նախեւառաջ ՀԱՍԿ-ը չի վաճառում «կյանքի տեւողություն» եւ դրա համար քաղաքացիներից վճարներ չի գանձում: Քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի բողոքի առնչությամբ ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ տվյալ սարքի «10 տարվա ծառայության ժամկետի երաշխիք» գոյություն ունենալ չի կարող: ՀԱՍԿ-ի ստացիոնար ծառայությունների գնացուցակում իրոք կա սարքերի դասակարգում՝ ըստ իրենց ծառայության միջին ժամկետների, եւ Philos DR տիպի սարքերի ու նմանատիպ բազմաթիվ այլ սարքերի համար այդ ժամկետը գրված է 8-ից 10 տարի: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀԱՍԿ-ը բուժհաստատություն է, որը մատուցում է բուժծառայություններ: Իմպլանտացվող սարքերի ծառայության երաշխիքային ժամկետների հասկացություն կամ դրա փորձ չկա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Միաժամանակ կան սարքերի սահմանափակ երաշխիքի փաստաթղթեր, որոնք տրվում են արտադրող ընկերության կողմից, եւ որոնցում ծառայության երաշխավորված ժամկետներ չկան: Ցավոք, Հայաստանում մի շարք լրատվամիջոցների «եռանդով» արմատացավ հասարակական կարծիք, թե իբր «սրտի ռիթմը վարելու ծառայությունը» կամ դրա ժամկետները պետք է երաշխիքներ ունենան: Նման հրապարակումները չեն նպաստում Հայաստանում սրտաբանության զարգացմանը, պացիենտի իրավունքների կամ բժշկի պարտականությունների ամրապնդմանը:
Սրտի ռիթմը վարող սարքերը ընտրվում են նախապես, հիվանդի եւ նրա ընտանիքի հետ միասին, մանրամասն ու համակողմանի քննարկմամբ: Երբ հիվանդներին բացատրում ենք սարքերի ծառայության միջին ժամկետները, մենք նախեւառաջ հիմնվում ենք միջազգային փորձի, մասնավորապես՝ ԱՄՆ-ում սրտի ռիթմավար սարքերի ծառայության վիճակագրության տվյալների վրա: Այս տվյալները կիրառվում են նաեւ Գերմանիայում, Ֆրանսիայում, ցանկացած մեկ այլ երկրում, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է ՀԱՍԿ-ում: Սարքերի ծառայության ժամկետների, դրանց հետ տեղի ունեցող տեխնիկական խոտանների, ինչպես նաեւ այդ խոտանների արդյունքում մարդու առողջությանը հասցված վնասների վիճակագրությունը արտադրող ընկերության կողմից հրապարակվում է, այն հանրամատչելի է, անվճար առաքվում է բուժհաստատություններին, նաեւ զետեղված է համացանցում: Փաստաթուղթն ունի ձեւավորման միջազգային չափանիշներ եւ կրում է «Product Performance Report» անունը: Կոնկրետ BIOTRONIK ընկերության կողմից արտադրվող սրտի ԲՈԼՈՐ ռիթմավար սարքերի «Product Performance Report»-ը համացանցում կարող եք գտնել հետեւյալ հասցեով. https://www. biotronik.com/sixcms/media.php/72/ppr-january-2011.pdf:
Ուզում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթը ընկերության արտադրանքի որակի, այդ թվում նաեւ փաստացի ծառայության ժամկետների մասին տեղեկացնող պաշտոնական աղբյուրն է:
Ներկայումս գիտության ու տեխնիկայի հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս ասել, թե որ սարքը որ պացիենտին ինչ ժամանակով կարող է ծառայել: Ուստի անհատապես սարքերի աշխատանքը եւ որակը չի կարող երաշխավորված լինել որեւէ արտադրող ընկերության կամ բուժհիմնարկի կողմից:
Կարծում եմ, ինքնին հասկանալի է, որ սարքերի ծառայության ժամկետները կամ որակի այլ չափանիշներ չեն կարող բժշկի կամ բուժհաստատության կողմից տրվող երաշխիքի առարկա հանդիսանալ:
Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ, ցավոք, Հ. Կաթրջյանն ունի կյանքի հետ անհամատեղելի սրտի ռիթմի խանգարում, եւ նրա կյանքն ուղղակիորեն կախված է սարքի աշխատանքից: Այլ կերպ ասած՝ սրտի յուրաքանչյուր զարկը այս պացիենտի մոտ իրականացվում է միայն սարքի կողմից: Սակայն ասածս, անշուշտ, չի ենթադրում, որ ՀԱՍԿ-ում մենք «կյանքի տեւողություն ենք վաճառում»:
Ինձ համար նաեւ միանգամայն անհասկանալի ու ցավալի է, թե ինչպես կարող են լրատվամիջոցները նման անպատասխանատու եւ անհետեւողական վերաբերմունք ցուցաբերել բուժհաստատությունների ու դրանց գործընթացների հանդեպ:
Նշեմ, որ պարոն Կաթրջյանը, որն անհանգստանում է իր առողջության եւ սրտի ռիթմը վարող սարքի ծառայության ժամկետների համար, վերջին 3 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի հետազոտվել ՀԱՍԿ-ում, եւ ոչ մի անգամ նրա սրտում տեղադրված սարքը տեխնիկական զննում չի անցել: Ինչպես ցանկացած այլ տեխնիկա, սրտի ռիթմավար սարքը չի կարող երկարատեւ ու լավ աշխատել՝ առանց համապատասխան տեխնիկական ստուգման եւ ծրագրում որոշակի ուղղումներ կատարելու՝ չէ՞ որ հիվանդությունը փոփոխվում է, ուստի նաեւ բուժումը պետք է համապատասխանաբար փոփոխվի:
ՀԱՍԿ-ում պրն Կաթրջյանի բողոքի կապակցությամբ եղել են բազմաթիվ ստուգումներ, եւ մենք բոլոր մարմիններին սպառիչ տեղեկատվություն ենք ներկայացրել, այդ թվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:
 Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ ՀԱՍԿ-ի գնացուցակում PHILOS սերնդի ԲՈԼՈՐ սարքերի համար նշված է ծառայության միջին վիճակագրական ժամկետ՝ 8-10 տարի: Ժամկետները սահմանելու նպատակը միայն տեղեկատվական է եւ չի կարող ենթադրել որեւէ տեսակի երաշխիք: ՀԱՍԿ-ի գնացուցակում այս տեղեկատվության համար հիմք է ընդունվել սարքերն արտադրող ընկերությունների կողմից ներկայացված պաշտոնական հրապարակային տեղեկատվությունը՝ «Product Performance Report»-ը:
Տեխնիկական խոտանի դեպքում ԲՈԼՈՐ սարքերն արտադրող ընկերության կողմից փոխարինվում են նմանատիպ նոր սարքով: Անհրաժեշտության դեպքում կատարվում են սարքերի փորձաքննություններ անկախ միջազգային կազմակերպությունների կողմից: Սա է համաշխարհային փորձը, եւ այս իմաստով ՀԱՍԿ-ը կամ Հայաստանը չեն տարբերվում մյուս երկրներից:

Հարգանքով՝ ՍՄԲԱՏ ՋԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել