«500 ձայն» հասարակական հետազոտությունների խումբը հրապարակել է իր հերթական ուսումնասիրությունը: Այն այս անգամ ներառել է մի խումբ հարցեր՝ նվիրված Հայաստանի ներքին կյանքին, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ մեր երկրի համագործակցության աստիճանին:
Հայաստանցիների 62 տոկոսը վստահ է, որ սոցիալական վիճակը երկրում վատանում է, եւ միայն 5 տոկոսն է կարծում, որ վիճակը լավանում է: Սոցիալական վիճակից դժգոհող քաղաքացիների թիվը մոտ է կրիտիկականին: Սա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից ուղղակիորեն տուժած եւ դեֆոլտի եզրին հայտնված երկրներում նույնիսկ նման ցուցանիշներ չեն արձանագրվում:
Որպես հետեւանք, հարցվածների 20 տոկոսը գտնում է, որ ՀՀ 2012 թ.-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների վրա ամենից շատ ազդեցություն կունենա հենց քաղաքացիների սոցիալական վիճակը: 15 տոկոսը համարում է, որ ազդեցիկ գործոն է լինելու Ղարաբաղի հարցը, 12-ը՝ ներքին ակտիվությունը, 18-ը՝ երկրի տնտեսական վիճակը: Եվ վերջապես, հայաստանցիների 35 տոկոսը (ամենաբարձր ցուցանիշ) վստահ է, որ Հայաստանում կայանալիք առաջիկա համապետական ընտրությունների վրա ամենամեծ ազդեցությունը ունենալու են Ռուսաստանի Պետդումայի եւ նախագահական ընտրությունները: Ի դեպ, ուսումնասիրության արդյունքները մշակված են եղել նախքան ՌԴ իշխող «Единая Россия» կուսակցության հայտնի համագումարը: Եթե տնտեսական եւ սոցիալական հարցերը դիտարկվեն մի փաթեթի մեջ, ապա դա եւ արտաքին՝ ՌԴ ազդեցությունը լինելու է վճռորոշ հայաստանյան ընտրությունների հարցում:
Ի հավելումն սրա, մյուս հարցը պարզել է, որ հայաստանցիների 34 տոկոսը որպես մեր երկրի հիմնական բարեկամ համարում է հենց Ռուսաստանը: Հետո հաջորդում են Իրանը՝ 20 տոկոս, Ֆրանսիան՝ 16, ԱՄՆ՝ 14 եւ Վրաստանը՝ 5 տոկոս:
Վրացական կողմի պաշտոնական տվյալներով, 2011 թվականին մոտ 400 հազար ՀՀ քաղաքացի է մուտք գործել հարեւան Վրաստան, այնուհանդերձ՝ մերոնց միայն չնչին տոկոսն է մեր հարեւան Վրաստանը համարում բարեկամ պետություն:
Հետազոտական խմբի առջեւ առանձին խնդիր էր դրված՝ պարզել Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության աստիճանը: Ուսումնասիրության մասնակիցների 30 տոկոսը համարում է, որ չի օգտագործվում Սփյուռքի ողջ պոտենցիալը: 8 տոկոսը «շատ վատ» է որակել համագործակցության աստիճանը: 24 տոկոսը գտնում է, որ օգտագործվում է շատ փոքր պոտենցիալը, եւ միայն 12 տոկոսն է համարում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը հիանալի:
Այս ցուցանիշները, հավանորեն, պայմանավորված են մի քանի գործոններով. հայ-թուրքական արձանագրությունների խնդրով, որը Սփյուռքում լուրջ դիմադրության արժանացավ, «Լինսի» հիմնադրամի գործունեության դադարեցմամբ եւ այլն: