ԵԽԽՎ-ն «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցը քննարկելու է ոչ թե հոկտեմբերի 7-ի առավոտյան, ինչպես նախատեսված էր օրակարգի նախագծով, այլ հոկտեմբերի 5-ի երեկոյան: ԵԽԽՎ բյուրոյի երեկ կայացրած այս որոշման մասին հիշատակելով ասուլիսում՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն բացատրեց, թե պատճառն այն է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկը պետք է մեկնի Ստրասբուրգից:
Երեկ առավոտյան կայացած ասուլիսում «Մեդիամաքսի» թղթակիցը ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին հիշեցնելով անցած տարի իրենց գործակալությանը տված հարցազրույցում արտահայտած միտքը, թե Հայաստանում պետք է իրականացվեն բազմաթիվ բարեփոխումներ՝ հարցրեց նրա կարծիքը մեր երկրում ներկա իրավիճակի, մասնավորապես՝ մարտի 1-ի հետաքննության մասին: «Երեւան իմ պաշտոնական այցից հետո եղել են որոշ բարեփոխումներ եւ առաջընթաց Հայաստանում, ուստի մենք ողջունում ենք այդ զարգացումները,- պատասխանեց պրն Չավուշօղլուն:- 10 անձանց մահվան պատասխանատուների հետաքննության առաջընթացի կապակցությամբ մենք դեռ ակնկալում ենք որոշակի դրական զարգացումներ եւ լուրջ հետաքննություն: Սակայն դժբախտաբար, առաջընթաց չկա այս առումով: Բայց մենք ողջունում ենք այլ բարեփոխումներն ու առաջընթացը»: Ի դեպ, երբ Վեհաժողովի բյուրոյի ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ հիշատակվեց, թե Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնություն տրամադրել քաղբանտարկյալների հարցով զեկուցողին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ելույթում հակադարձեց, թե իրենք դեմ են կողմնակալ մոտեցումներին. «Մենք կարող ենք մարդու իրավունքներին առնչվող նույն խնդիրները տեսնել Եվրոպայի Խորհրդի անդամ տարբեր երկրներում: Ինչո՞ւ է միայն մի երկրում՝ Ադրբեջանում նշանակվել զեկուցող, որը պետք է հետաքննի քաղաքական բանտարկյալների հարցը»:
Հ. Գ. Սա Մեւլութ Չավուշօղլուի վերջին նստաշրջանն է՝ իբրեւ ԵԽԽՎ նախագահ: Երեկ պարզ դարձավ, թե ով է դառնալու հաջորդ նախագահը: Նրան առաջադրելու իրավունքն այս անգամ EPP խմբակցությանն էր, եւ ինչպես մեզ հայտնեց այդ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ երեկ իրենց նիստում ձայների վճռորոշ մեծամասնությամբ հաղթելով Անդրես Հերկելին, խմբի կողմից ԵԽԽՎ նախագահ առաջադրվելու թեկնածու դարձավ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը: