Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն արժանահավատ չէր

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"Լրագրողների խմբով հոկտեմբերի 8-ին 5 օրով պատրաստվում էինք մեկնել Պրահա՝ լրագրողական դասընթացի մասնակցելու նպատակով: Քանի որ Չեխիայի Հանրապետությունը մեր երկրում մինչեւ հիմա ներկայացուցչություն չունի, իսկ Վրաստանում գտնվող դեսպանատունը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, մեկնեցինք Թբիլիսի:
Հյուպատոսարանի առջեւ կանգնած էինք ընդունելության ժամից դեռ 30 րոպե առաջ (ընդունելության ժամերն են 10:00-12:00-ը), բայց անգամ այդ ժամին արդեն մեծ հերթ էր գոյացած: Պարզվեց՝ դա Վրաստանում Չեխիայի վիզա ստանալու նորմալ «գործընթաց է», ոմանք նույնիսկ առավոտյան ժամը 6-ից են հերթ պահում, ոմանք էլ այնտեղ գիշերում են: Երկու ժամ սպասելուց հետո շատերը, այդ թվում՝ նաեւ մենք, չկարողացանք մտնել հյուպատոսարան: Ի տարբերություն տեղացիների, Հայաստանից մեկնածները գիշերակացի հնարավորություն չունեն: Չեխիայի դեսպանատան փնթի աշխատանքի արդյունքում զայրացած եւ սրտնեղած վրացիները վիրավորում էին հայերիս՝ հանիրավի մեղադրելով մեզ իրենց խանգարելու համար: «Ինտերնյուսի» եւ հյուպատոսի միջեւ երկար բանակցությունների արդյունքում հյուպատոս Դանա Դենկովան մեզ անձամբ ներս հրավիրեց: Ինչպես հետո պարզվեց նրա խոսքերից՝ հյուպատոսարանը ընդունելության ժամերին ներկայացած ՀՀ բոլոր քաղաքացիներին պարտադիր պետք է ընդունի: Այնինչ, երբ հերթում երկար կանգնելուց հետո անվտանգության աշխատակցին ասացինք, որ Հայաստանից ենք, ու խնդրեցինք ներս թողնել, նա կոպտորեն «ուղղորդեց» հերթ զբաղեցնելու:
Փաստաթղթերն ընդունող աշխատակիցները, «կարգին մուննաթ» գալուց հետո, վերցրին մեր փաստաթղթերն ու առանց որեւէ հարց տալու կամ դեմքներիս նայելու՝ մեկ շաբաթից կանչեցին պատասխանի:
Նշված օրը կանգնած էինք հյուպատոսարանի առջեւ: Պարզվեց՝ երեք հոգանոց խմբից երկուսին մերժել են՝ «մեր այցի նպատակը հաստատող տեղեկատվությունն արժանահավատ չէ» պատճառաբանությամբ: Ո՛չ մերժելու փաստն արձանագրող աշխատակիցը, ո՛չ էլ դեսպանատան մեկ այլ աշխատող չկարողացավ բացատրել, թե որն է մերժման հիմքը: Նրանք դա կապեցին հարցազրույցի բացասական արդյունքի հետ, ինչը մեր դեպքում չէր էլ կայացել: Զարմանալի է, որ 3 լրագրողներս էլ գնում էինք միեւնույն դասընթացին, միեւնույն հրավերով եւ երաշխավորագրով: Անհասկանալի է, թե ինչու է լրագրողներից մեկի այցի նպատակը հաստատող տեղեկատվությունը հյուպատոսարանը համարել արժանահավատ, մյուսներինը՝ ոչ:
Այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են գնում վիզայի տրամադրման ընթացակարգերի դյուրացման վերաբերյալ, երբ Եվրամիության եւ Արեւելյան համագործակցության երկրների միջեւ բանակցությունների ընթացքում քննարկվում են կրթության եւ գիտության ոլորտում պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Իսկ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթորմը հայտարարում է, թե «մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը կնպաստի Հայաստանի ու ԵՄ կապերի ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը Արեւելյան գործընկերության կարեւորագույն ասպեկտներից է, իսկ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը՝ դրա հիմնական գործոններից մեկը»: Նույն օրերին Չեխիայի դեսպանատունը թույլ չի տալիս հայ լրագրողներին մասնակցել մասնագիտական դասընթացի՝ ոտնահարելով նրանց արժանապատվությունն ու կրթություն ստանալու իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել