Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵԽԽՎ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 04,2011 00:00

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը պահանջում է, որ Բյուրոն արձագանքի ԼՂ հարցով ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովի
աշխատանքին Հայաստանի պատվիրակության բոյկոտին:

\"\"

«Նկարեք, նկարեք՝ սա շատ խորհրդանշական նկար կլինի եւ կերեւա, որ միայն ադրբեջանական պատվիրակությունն է ներկա, հայկական պատվիրակությունը չկա». այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ 1416 (2005) բանաձեւի իրականացման հարցով ստեղծված հատուկ հանձնաժողովի նիստից առաջ արեցինք մի քանի լուսանկարներ:
Այն, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցելու այդ նիստին՝ հայտնի է այդ հանձնաժողովի վերստեղծման պահից: Երեկ էլ, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր Վեհաժողովի բյուրոյի ընթացիկ զեկույցը՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն անակնկալ համարեց այն, որ շարունակաբար անտեսվում են իրենց փաստարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ այս մարմնի դերի եւ առաքելության վերաբերյալ. «Գուցե դա պայմանավորված է Վեհաժողովի նախագահի պատկանելության կամ մի պատվիրակության առջեւ ստանձնած որոշակի պարտավորություններով: Ոչ ոք չի կարող ակնկալել դրական արդյունք բռնի պարտադրած գործընթացից: Այս, այսպես կոչված, հատուկ հանձնաժողովի վերստեղծումը նախաձեռնվել է առանց հաշվի առնելու հայկական պատվիրակության հստակ արտահայտած առարկությունները»: Ուստի վերահաստատեց, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Մեր պատվիրակության այս դիրքորոշումն էլ կանխատեսելի էր ադրբեջանական եւ թուրքական կողմի համար: Եվ պատահական չէր, որ առավոտյան տեղի ունեցած ասուլիսում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ասաց. «Պատշաճ չէ, երբ Հայաստանը, որոշ գործընկերներ մեղադրում են ինձ՝ իբրեւ թուրք նախագահի, թե սա իմ նախաձեռնությունն է: Եվ ես փորձում էի դա բացատրել Հայաստանի նախագահին, երբ նա հունիսին պաշտոնական այցով գտնվում էր իմ գրասենյակում: Անկախ նրանից՝ դուր է ձեզ գալիս, թե ոչ՝ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի Վեհաժողովի եւ Բյուրոյի որոշումը»:
Սամադ Սեիդովը նույնպես նախապես՝ դեռ առավոտյան քննարկումների ժամանակ էր ելույթում հարցադրում ներկայացրել, թե ինչու Բյուրոն չի արձագանքել այն փաստին, որ Հայաստանը բոյկոտում է հատուկ հանձնաժողովի աշխատանքը. «Ոչ մեկի պետք չէ, որ Հայաստանը պատրաստ չէր մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին ի սկզբանե, չնայած Բյուրոն կայացրել էր միաձայն որոշում: Սա կրկնակի չափանիշների վառ օրինակ է»: Եվ հանձնաժողովի շուրջ կես ժամանոց նիստից հետո էլ նա հայտնեց, թե քննարկել են այդ հարցը, որ անպայման արձագանք ստանա փաստը, որ Հայաստանը խախտում է Բյուրոյի որոշումը:
Հանձնաժողովի նախագահ պրն Խուկլա ի Կոստայից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց քննարկված հարցերի եւ հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ: Նա երկար խոսում էր հեռախոսով, իսկ հետո արագ հեռացավ՝ պատճառաբանելով, որ սկսվում է մինչծննդյան սեռի ընտրության վերաբերյալ զեկույցի քննարկումը, որի վերաբերյալ ինքը պետք է կարծիք հայտներ՝ Սոցիալական, առողջապահության եւ ընտանիքի հարցերի հանձնաժողովի անունից: Մինչեւ զեկույցի քննարկումը սկսելը դեռ 10 րոպե կար, այնպես որ՝ կարող ենք արձանագրել, որ պրն Կոստան ուղղակի խուսափեց պարզաբանումներից:
Դավիթ Հարությունյանը հայ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԵԽԽՎ Բյուրոն իրոք կքննարկի, թե ինչ պետք է անեն այս իրավիճակում, եւ տեղեկանալով հանձնաժողովի նախագահի նիստից հետո դրսեւորած պահվածքի մասին՝ ասաց. «Մի քանի տարօրինակ բան է տեղի ունենում: Առաջինն այն է, որ հանձնաժողովի նիստերն անցկացվում են դռնփակ, չնայած պարզ չէ, թե ինչ է դրա հիմքում: Չկա որեւէ սահմանափակում, որոշում, ես չեմ տեսել որեւէ փաստաթուղթ, թե այդ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ: Եվ նրանք մերժեցին մեր քարտուղարի ներկայությունը հանձնաժողովի նիստին, ինչը շատ տարօրինակ է: Մենք այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրելու ԵԽԽՎ քարտուղարությունից եւ աշխատակազմից»:
Վեհաժողովում իր ելույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարը կրկնել էր այն առաջարկը, որ արդեն արել էր նախկինում՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ փոխադարձ վստահության քայլ հայտարարել յուրօրինակ «մորատորիում», ձեռնպահ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Ըստ նրա՝ Հայաստանի պատվիրակները հունիսի ընթացքում միակողմանի պահպանել են նման «մորատորիումը» եւ նույնը կանեն նաեւ այս անգամ: Իսկ Ադրբեջանի պատվիրակները շարունակում են նման ելույթները: Ահա երեկ էլ Գանիրա Փաշաեւան ելույթում Ադրբեջանի տարածքի «օկուպացիայի» մասին մշտական մեղադրանքներին հավելեց նաեւ այս մեկը, թե «սահմանային գոտում հայկական ուժերը սպանել են անմեղ 18-ամյա աղջկա»: Եվ սա հիշատակելով՝ Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցի ընթացքում ասաց, թե անձնապես ինքը դեմ է սրան. «Կարծում եմ, տեւական ժամանակի համար սա կարող է լինել չարդարացված մարտավարություն, քանի որ պետք չէ շատ մեծ պատրանքներ ունենալ, թե այս դահլիճում նստած եվրոպացի պատգամավորները շատ հրաշալի իրազեկված են մեր տարածաշրջանի խնդիրներին, եւ երբ անընդհատ ու հետեւողականորեն ամբիոնից հնչում է սուտ, եւ դրան որեւէ կերպ չենք հակադարձում, ապա «կաթիլը կարող է քար ծակել», ու կարող ենք ունենալ մթնոլորտի փոփոխության խնդիր»: Դավիթ Հարությունյանը, սակայն, պնդեց, թե իրենց որդեգրած մարտավարությունը հաջող է:
Իսկ Սամադ Սեիդովը «մորատորիումի» վերաբերյալ հիշեցմանն այսպես արձագանքեց, թե Հայաստանի պատվիրակներն անգամ ականջալուր չեն լինում իրենց պատվիրակության ղեկավարի կոչերին՝ հաշվի առնելով, թե ինչ փաստաթղթի ներքո են հավաքում ստորագրություններ: Ըստ ամենայնի՝ խոսքը Զարուհի Փոստանջյանի նոր նախաձեռնության մասին է, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին, եւ շրջանառության մեջ կդրվի այսօր: Արդեն երեկ՝ առանց հայ պատվիրակների ստորագրությունների, դրան միացել էին ԵԽԽՎ 20 պատվիրակներ: Թե ինչպես էր դրան հրաժարվել միանալ պրն Կոստան՝ կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել